Քարոզարշավին բոլոր միջոցներն օգտագործեց՝ զրպարտություն, ահաբեկում, ահաբեկչություն

Քարոզարշավին բոլոր միջոցներն օգտագործեց՝ զրպարտություն, ահաբեկում, ահաբեկչություն

Մեր զրուցակիցը թուրքագետ Հակոբ Չաքրյանն է։

- Փորձագետները կանխատեսում էին, որ Թուրքիայում ընտրություններից հետո անկայուն իրավիճակ կարող է ստեղծվել` բախումներ։ Կա՞ նման հավանականություն։

- Իհարկե, այդպիսի մտահոգություն կար։ Նույնիսկ ընդդիմադիր բոլոր կուսակցությունների ղեկավարներն էին մտահոգություն հայտնել։ Էրդողանն առաջ է անցել Քըլըչդարօղլուից, կանխել է նրա՝ առաջին տուրում ընտրվելը նախագահի պաշտոնում՝ բախումները իմաստ չեն ունենա։ Էրդողանն այս քարոզարշավի ընթացքում բոլոր միջոցներն օգտագործեց՝ զրպարտություն, ահաբեկում, ահաբեկչություն։ Օրինակ, Ժողովրդահանրապետական դաշինքի նախագահ, Ստամբուլի քաղաքապետ Իմամօղլուի հանրահավաքի ժամանակ 300-ի չափ մարդիկ քարկոծել էին թե՛ իրեն, թե՛ մասնակիցներին։ Ըստ երեւույթին, հաշվարկն այն էր, որ Իմամօղլուն թողնի փախչի, այդ փաստը շահարկեն, նաեւ մյուսներին սաստելու համար, որ հանրահավաք չփորձեն քաղաքներում կազմակերպել։ Չփախավ: Եղել են Ստամբուլում  Ժողովրդահանրապետական եւ «Լավ» կուսակցության քաղաքային վարչության շենքի վրա կրակողներ, ակումբների վրա հարձակումներ, նույնիսկ Էրդողանն ապրիլի 21-ին կապույտ մզկիթում նամազ անելուց հետո բակում հանրահավաք էր անցկացրել, այնտեղ ասաց՝ ես հրամաններն Ալլահից եմ ստանում, իսկ Քըլըչդարօղլուն եւ նրա թիմակիցները ՊԿԿ-ի եւ Գյուլենի ահաբեկիչներ են, քաֆիր են, այսինքն, անհավատ՝ գյավուրի ավելի խիստ տարբերակը։ Հանրահավաքի ժամանակ «Լավ» կուսակցության կին ղեկավար Մերալ Աքշեների մասին էր հայտարարել, թե ամուսնուն է դավաճանում եւ այլն։ Ամոթ է, որ երկրի նախագահի պաշտոնին գտնվող մարդը բամբասանքի մակարդակով հայտարարություններ է անում։

- Մինչեւ ամսի 28-ը՝ ընտրությունների երկրորդ փուլը, բախումներ կլինե՞ն։

- Չեմ կարծում։ Միջազգային լրատվամիջոցներն էլ էին սպասում բախումների, «Գարդիան»-ը, «Ինդեփենդենթ»-ը, BBC-ին գրել էին, որ Էրդողանն առաջին անգամ կանգնել է պարտվելու փաստի առջեւ։

- Իսկ դա այդպե՞ս է։

- Համենայնդեպս, բոլորը սպասում էին, այդ դաշինքի ընտրողներն էլ էին սպասում, բայց որ դա տեղի չունեցավ, հիմա զայրացել են, վշտացել, հայտնվել խոր հիասթափության մեջ։

- Հնարավո՞ր է, որ Արեւմուտքը միջամտի, բախումներ հրահրի Թուրքիայում։

- Նրանք համատեղ քաղաքականությունների հուշագիր են ստորագրել դեռ օգոստոսի 30-ին։ Այնտեղ գրված է․ Թուրքիայի առաջնային խնդիրն է՝ վերականգնել ԵՄ-ի հետ անդամակցության բանակցությունները, որովհետեւ վերջնանպատակը Եվրամիությանն անդամակցելն է եւ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները բարձրացնել, ինչպես նախկինում էր՝ ռազմավարական դաշնակցի մակարդակի։

- Եթե Քըլըչդարօղլուն ընտրվի, Հայաստանի նկատմամբ քաղաքականության փոփոխություն կլինի՞։

- Որոշ բաներ՝ այո, բայց էական նշանակություն չի ունենա, որովհետեւ 1991-ից Թուրքիան Հայաստանի հանդեպ միջազգային պրակտիկային անհարիր նախապայմաններ առաջադրելու միջոցով թշնամական քաղաքականություն  է վարել: Որովհետեւ, ըստ միջազգային նորմերի, անմիջական հարեւանի հետ դիվանագիտական հարաբերություններից խուսափելը, այն էլ՝ երրորդ երկրի պատճառով, թշնամանքի ակնհայտ արտահայտություն է։ Բայց քանի որ ԵՄ-ի ու Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները բարելավելու կուրս են վերցրել, մի քիչ ձեւակերպումները կվերանայեն՝ կոպիտ, վիրավորող արտահայտություններից կխուսափեն, ավելի հավասարակշիռ կլինեն։

- Այսինքն՝ հնարավորինս անկախ քաղաքական կուրսը Թուրքիան կպահպանի։

- Կարծում եմ, այո։ Ճիշտ է, Քըլըչդարօղլուն ոչ մի անգամ Զանգեզուրի միջանցքից չի խոսել, ինչպես Էրդողանն է անընդհատ խոսում, կամ չի ասել, որ Հայաստանը թող գնա Ադրբեջանի հետ հաշտության պայմանագիր կնքի, բայց հետո ոնց կլինի, չգիտենք, որովհետեւ ընդդիմության դիրքերից հանդես գալը մի բան է, իշխանության ղեկին հայտնվելը` մեկ այլ բան։ Հայտնվելու դեպքում նրա առջեւ գաղտնի ծառայությունները, պետության ներկայացուցիչները կբերեն զեկույցներ կդնեն, արտգործնախարարությունը կներկայացնի՝ նոր կվերանայի։ Բայց ավելի նախընտրելի է, որ սա գա, քան թե Էրդողանը, որովհետեւ Պուտինի վերաբերմունքը հայտնի է հայ ժողովրդի, Հայաստանի հանդեպ։ Բացահայտ թշնամական վերաբերմունք է վարում, սերտորեն էլ համագործակցում է. Դուգինն է ասել, այսպես կոչված՝ խորհրդականը։

- Ասում են՝ Ալիեւը շատ սերտ հարաբերություններ ունի Էրդողանի հետ․ Ադրբեջանը կպահպանի՞ նույն հարաբերությունները, եթե Քըլըչդարօղլուն ընտրվի նախագահ։

- Այն հարաբերությունները, որ Իլհամն ունի Էրդողանի հետ, չի ունենա Քըլըչդարօղլուի հետ: Քիչ առաջ հուշագրից խոսեցի, այն արտաքին քաղաքականության բաժին ունի, այնտեղ գրված է՝ Թուրքիան միշտ եղբայրական Ադրբեջանի կողքին կլինի, բայց հարաբերությունները պետք է զարգացնել փոխվստահության սկզբունքով, այսինքն՝ ոչ թե անհատների միջեւ փոխվստահություն, այլ պետական կառույցների միջեւ։ Ընդդիմադիր հեռուստաալիքներից մեկում Իլհամին էին ծաղրում, հետո տիկնոջը՝ Մեհրիբանին։ Ընտրություններից առաջ եկել էր Էրդողանին աջակցելու, իրենց դուրն էլ չէր եկել այդ հանգամանքը։ Այս վերաբերմունքից զգացվում է, որ նրանք այն հարաբերությունները Իլհամի հետ չեն ունենա, որովհետեւ անընդհատ օրենքի, իրավական պետության մասին են խոսում, եւ չեմ կարծում, թե Իլհամ Ալիեւի հետ այդքան սերտ հարաբերություններ ունենան։

- Մայիսի 28-ին ի՞նչ տեղի կունենա, ո՞վ կհաղթի։

- Էրդողանը պետք է ձգտի մի քանի կուսակցությունների իր կողմը քաշել, եթե հաջողվի՝ կհաղթի, եթե ոչ՝ Քըլըչդարօղլուն կհաղթի։

- Էրդողանը հեշտությա՞մբ կհանձնի իշխանությունը։

- Այդքանից հետո կարծում եմ, որ անելիք չունի՝ ի՞նչ պիտի անի։ Սեփական ժողովրդին հո չի՞ ոչնչացնի: