Սեֆիլյանը խոստանում է ԱՄՆ անվտանգության հովանոց, որին հավատացել են շատերը, բայց չի տեսել ոչ ոք

Սեֆիլյանը խոստանում է ԱՄՆ անվտանգության հովանոց, որին հավատացել են շատերը, բայց չի տեսել ոչ ոք

ԱԺԲ փաստացի ղեկավար Ժիրայր Սեֆիլյանը տեւական ժամանակ ԱՄՆ-ում էր։ Այնտեղ ունեցած հանդիպումներից հետո հայտարարում է, որ պետք է հեռացնել «ապիկար» Նիկոլ Փաշինյանին,  հաստատել ազգային իշխանություն, փոխել ՀՀ արտաքին քաղաքական կուրսը` «ազատագրել» Հայաստանը եւ Արցախը ռուսական օկուպացիայից, դաշնակցային հարաբերություններ հաստատել ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի հետ, վերստեղծել հայկական բանակը եւ դրանից հետո «խոսել Ալիեւի հետ»: Ըստ Սեֆիլյանի տեսության, որոշ ժամանակ Հայաստանը պետք է լինի ԱՄՆ-ի եւ մյուս արեւմտյան դաշնակիցների հովանոցի տակ. «Մեր դաշնակիցները պետք է բացեն հովանոցը եւ գոնե ապահովեն ստատուս քվոն», որից կարճ ժամանակ անց արդեն Հայաստանն այնքան ուժեղացած կլինի, որ ո՛չ Ադրբեջանը եւ ո՛չ էլ Թուրքիան չեն կարողանա մեզ հետ խոսել ուժի դիրքերից»:

Հայաստանում օբյեկտիվ դժգոհություն կա Ռուսաստանից՝ որպես Հայաստանի ռազմաքաղաքական դաշնակցից: Եթե մինչեւ 2020 թ․ Ռուսաստանն ապահովում էր Հայաստանի անվտանգությունը, ապա պատերազմում պարտությունից հետո Ռուսաստանի նկատմամբ հիասթափությունը գնալով մեծանում է: Հայաստանի շատ քաղաքացիներ եւ սփյուռքահայեր համոզված են, որ պետք է փոխել անվտանգության երաշխավորին, գտնել ավելի ուժեղ եւ հուսալի երաշխավոր, ինչպիսին, ըստ նրանց, կարող է լինել ԱՄՆ-ն: Այ, եթե մեր դաշնակիցը լինի ԱՄՆ-ն, որեւէ մեկը չի համարձակվի մեզ նեղացնել. շատ պարզունակ` այսպես է մտածում եւ սա է քարոզում Սեֆիլյանը: Այս տրամաբանությունը հոգեհարազատ է բազմաթիվ հայերի, ովքեր կենցաղում նույնպես առաջնորդվում են նույն սկզբունքով. Հայաստանում պատերազմ է եւ տնտեսական դժվարություններ՝ կտեղափոխվենք Ռուսաստան, Ռուսաստանում պատերազմ եւ տնտեսական դժվարություններ են` կտեղափոխվենք ԱՄՆ, եթե վաղն այնտեղ վատ լինի` կտեղափոխվենք մի ուրիշ երկիր, որտեղ ավելի ապահով է եւ կայուն: Բայց այն, ինչ կարող է աշխատել մեկ մարդու կամ մարդկանց խմբի համար, միշտ չէ, որ կիրառելի է պետության համար: Թեկուզ այն պատճառով, որ պետությունը հնարավոր չէ վերցնել եւ տեղափոխել ավելի անվտանգ տարածք:

2011-ին սիրիական ընդդիմությունը դուրս էր եկել փողոց՝ «ապիկար» Բաշար Ասադին հեռացնելու պահանջով: Սիրիայի ժողովրդի մի մասը հոգնել էր Ասադի բռնապետական եւ կոռումպացված ռեժիմից: ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն աջակցում էին սիրիական ընդդիմությանը եւ նույնիսկ Ասադին հայտարարեցին օրենքից դուրս՝ հրաժարվելով ճանաչել նրա իշխանության օրինականությունը: Սիրիայի ընդդիմությունը համոզված էր, որ իրենց պայքարն արդար է` հանուն ժողովրդավար եւ ազատ Սիրիայի, իսկ ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցներն անշահախնդրորեն աջակցում են իրենց՝ ավելի լավ Սիրիա ունենալու պայքարում: Սակայն սիրիական ընդդիմության պայքարի արդյունքը եղավ երկիրը քաղաքացիական պատերազմի մեջ ներքաշելը, որին սկսեցին միջամտել տարբեր շահեր ունեցող երկրներ:

Արդյունքում Սիրիայի մի մասը գրավված է Թուրքիայի կողմից, մի մասը` Իսրայելի, Ռուսաստանն ընդլայնեց իր ռազմական ներկայությունը, լուրջ ռազմական ներկայություն ունի Իրանը, իսկ երկրի՝ նավթով հարուստ տարածքները վերահսկվում են ԱՄՆ-ի կողմից: Սիրիայի քաղաքացիական ընդդիմությունը տարագրվեց Եվրոպա, իսկ ռազմականացված խմբավորումները ծառայության անցան Թուրքիայի հատուկ ծառայությունների մոտ: Ժողովրդավարական եւ արդար Սիրիայի երազանքի փոխարեն ունենք բզկտված, տարբեր երկրների կողմից օկուպացված, ավիրված ու քայքայված Սիրիա, որի հարյուր հազարավոր քաղաքացիներ զոհվեցին եղբայրասպան պատերազմում, իսկ միլիոնավորները դարձել են փախստական` սփռվելով աշխարհի տարբեր հատվածներում:

Գրեթե նույն պատկերն է նաեւ Ուկրաինայի պարագայում: Ուկրաինան ձգտում էր դառնալ ԵՄ անդամ, միանալ ՆԱՏՕ-ին, ինչը Ռուսաստանը համարում էր էքզիստենցիալ վտանգ իր անվտանգության համար եւ ԱՄՆ-ից ու Արեւմուտքից պահանջում էր երաշխիքներ, որ Ուկրաինային չեն ընդունի ՆԱՏՕ-ի կազմ, իսկ Արեւմուտքը պատասխանում էր, որ դա իրենց որոշելիքն է: ԱՄՆ-ն կամ ՆԱՏՕ-ն այդպես էլ անվտանգության երաշխիքներ չտվեցին Ուկրաինային, անգամ երբ Ռուսաստանը հարձակվեց Ուկրաինայի վրա, Սեֆիլյանի ասած` ԱՄՆ-ն իր «անվտանգության հովանոցը չբացեց» Ուկրաինայի վրա, որպեսզի նրան պաշտպաներ Ռուսաստանի հարձակումից: ԱՄՆ-ն եւ ՆԱՏՕ-ի նրա դաշնակիցներն օգնում են Ուկրաինային, որ նա պատերազմի Ռուսաստանի դեմ, բայց դա չեն անում հանուն Ուկրաինայի ամբողջականության եւ անվտանգության: Ուկրաինան հսկայական տարածք եւ ռեսուրսներ ունեցող երկիր է. պատերազմի արդյունքում այն հյուծվելու եւ քայքայվելու է, եւ իրենք ավելի հեշտությամբ են տիրանալու այդ երկրին կամ դրա այն մասին, որը գրավված չի լինի Ռուսաստանի կողմից: Մյուս կողմից՝ պատերազմը հյուծելու եւ թուլացնելու է Արեւմուտքի աշխարհաքաղաքական հակառակորդ Ռուսաստանին, ինչը եւս միանգամայն համապատասխանում է ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների շահերին: Ուկրաինան օրեցօր քանդվում եւ քայքայվում է՝ կորցնելով իր լավագույն զավակներին, միլիոնավոր ուկրաինացիներ փախստականի կարգավիճակում թափառում են աշխարհի տարբեր մայրցամաքներում. ընդամենը 1 տարի առաջ 40 միլիոն բնակչություն ունեցող Ուկրաինան այսօր կորցրել է առնվազն 10 միլիոնին, երկրի բնակչության 25 տոկոսին եւ շարունակում է կորցնել: Ո՞ւր է ԱՄՆ-ի անվտանգային հովանոցը, ինչո՞ւ այն չի բացվում եւ պաշտպանում Ուկրաինային:

Այդ հովանոցը չի բացվելու նաեւ Հայաստանի պարագայում, քանի որ ԱՄՆ-ը ամենեւին խնդիր չունի պաշտպանելու Հայաստանին իր դաշնակից Թուրքիայից եւ Ադրբեջանից: Իսկապես, ԱՄՆ-ն փորձելու է Սեֆիլյանի եւ մյուսների միջոցով Հայաստանից հեռացնել Ռուսաստանի ռազմական ներկայությունը, բայց ոչ մի հովանոց էլ չի բացելու: Առավելագույնը, որ կարող է անել հայ ժողովրդի համար, Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից գրավված տարածքների բնակիչներին գրին քարտի խաղարկության ժամանակ արտոնյալ պայմաններ տրամադրելն է: Սեֆիլյանն ու իր Բեւեռն ընդհանրապես արտահերթ կարգով կստանան մուտքի արտոնագիր՝ որպես ամերիկյան շահերին անմնացորդ նվիրումով ծառայածներ: Իսկ Հայաստանը կվերածվի քանդված, քայքայված ու թշնամիների կողմից բզկտված մի տարածքի: Ո՞վ է այսօր հաշիվ պահանջում Արեւմուտքում ապաստան ստացած սիրիական ընդդիմության առաջնորդներից:

Ավետիս Բաբաջանյան