ՊԵԿ-ը՝ որպես Հայաստանի իշխանության դեմքի արտահայտիչ` հակամարդկային ու փնթի

ՊԵԿ-ը՝ որպես Հայաստանի իշխանության դեմքի արտահայտիչ` հակամարդկային ու փնթի

«Ի՞նչ է պետությունն առանց արդարության՝ ավազակախումբ».  չորրորդ դարում գրել է Ավգուստին Երանելին: Հենց այդպիսի մի ավազակախումբ է իրենից ներկայացնում Փաշինյանի իշխանությունը, եւ դրանում համոզվելու համար ընդամենը պետք է հատել Հայաստանի սահմանը եւ մի փոքր առնչություն ունենալ այդ ավազակախմբի առավել արտահայտված ներկայացուցիչների`ՊԵԿ աշխատակիցների հետ: Այդպիսի դժբախտություն ունեցա անցած կիրակի օրը, երբ հատեցի վրաց-հայկական սահմանը:

Վրաստանից վերադառնալիս որոշել էի 2 հակ տորֆ գնել՝ բույսերի աճեցման համար: Սահմանին ՊԵԿ ներկայացուցիչը հարցրեց, թե ինչ է փաթեթներում, պատասխանեցի՝ տորֆ է, հարցրեց՝ տորֆն ի՞նչ է, սկսեցի բացատրել, որ բուսական մնացորդների փտման արդյունքում առաջացած զանգված։ Չհասկացավ։ Կողքից մեկ այլ մաքսավոր հանրամատչելի բացատրեց` հողի նման մի բան: Որոշեցին, որ տորֆը պետք է անցնի հատուկ մաքսային ստուգում, եւ առգրավելով մեքենայիս տեխնիկական անձնագիրը, որպես ապահովության միջոց, ինձ ուղարկեցին մաքսային զննման տարածք: Այստեղ մաքսայինի տեսուչը տվեց նույն հարցը` ի՞նչ է փաթեթներում, տորֆ, նույն հարցը՝ տորֆն ի՞նչ է, բացատրեցի: Զալինյան Արսեն ներկայացած մաքսավորը պահանջեց, որ ես պատռեմ փաթեթավորումը, որ ինքը տեսնի, թե ինչ է տորֆը, կամ արդյոք ներսում տո՞րֆ է, թե՞ ուրիշ բան: Հրաժարվեցի՝ բացատրելով, որ եթե պատռեմ փաթեթավորումը, սեղմված զանգվածը կթափվի, եւ անհնար կլինի նորից փաթեթավորել, ապրանքը կփչանա: «Ինձ չի հետաքրքրում՝ կփչանա, թե չէ, պետք է ճղես»: Ես ասացի, որ պարունակությունը կարելի է ստուգել սկաների միջոցով, քանի որ, որքան տեղյակ եմ, նման սարք գոյություն ունի: «Ես եմ ստեղ որոշում, թե ոնց ստուգեմ, դու չես որոշում, ես ուզում եմ, որ ճղես՝ պետք է ճղես»: Ես նորից հրաժարվեցի պատռել փաթեթավորումը եւ փչացնել ինձ պատկանող ապրանքը: Առավել քան համոզված եմ, որ սկաները կա՛մ չի աշխատում, կա՛մ մաքսավորները որեւէ հմտություն չունեն՝ դրանից օգտվելու։ Գրեթե 2 ժամ մնացի այդ հատվածում, անընդհատ բեռներ էին ստուգում, եւ չեղավ մի դեպք, որ այդ սարքը միացվեր կամ աշխատեր:

Դրանից հետո նա պահանջեց, որ քաշը որոշելու համար տորֆի հակերը դնեմ կշեռքին, խնդրեցի օգնել, քանի որ ծանր են: «Կարող ա՞ քո բանվորն եմ»,- պատասխանեց սույն մաքսավորը: Սա հատուկ գրում եմ՝ ընդգծելու համար այս ծառայության աշխատակիցների ոչ միայն մասնագիտական, այլ նաեւ մարդկային որակները: Տորֆը կշռեցին, երկու հակը՝ 97 կգ: Զալինյանը հայտարարեց, որ դա մաքսազերծման ենթակա ապրանք է, քանի որ օրենքով յուրաքանչյուր մարդ կարող է մինչեւ 25 կիլոգրամ ապրանք անցկացնել, մենք երկու հոգով ենք, իսկ ապրանքը գերազանցում է 50 կգ-ն։ Բացի այդ՝ ինքը չգիտի, թե ինչ է դրանց ներսում: Պատասխանում եմ, որ նույն օրենքով, ցամաքային սահմանով յուրաքանչյուր մարդ կարող է մինչեւ 200 եվրոյի ապրանք անցկացնել՝ առանց մաքսազերծման, իսկ տորֆի արժեքը 15 եվրո է: Ասում է՝ կապ չունի, թե ինչ արժի, պետք է մաքսազերծվի: Լավ՝ մաքսազերծենք: Ասում է՝ այսօր չի լինի, կիրակի է, աշխատանքային օր պետք է լինի: Իսկ մինչ այդ ապրանքը պետք է մնա մաքսային պահեստում: 

Թե ինչ է ներկայացնում մաքսային պահեստը, դա պետք է տեսնել։ Դրա նկարագրությունը չի կարող փոխանցել այն սարսափը, որի ականատեսը եղա ես: Մաքսային պահեստ կոչվածը մի տարածք է, որտեղ անկանոն իրար վրա լցված են տարբեր մարդկանցից առգրավված իրեր`մեքենայի յուղ, անվադողեր, պահեստամասեր, ինչ-որ արկղեր ու տուփեր: Տորֆի հակերը քարշ եմ տալիս մինչեւ մաքսային պահեստի մուտքը, բայց տեղ չկա դնելու, ամբողջ տարածքը զբաղված է` ապրանքները լցված իրար վրա: Հարցնում եմ` ո՞ւր դնեմ իմ ապրանքը։ «Քցի էդ յուղի կանիստրների վրա»: Ուրիշի ապրանք է՝ կարող եմ փչացնել: Բայց դա ո՞ւմ է հետաքրքրում, ոտքով հրում է տորֆի փաթեթը ու գցում հենց մուտքի մոտ գտնվող մյուս ապրանքների վրա: 

«Պահեստի արժեքն օրը հազար դրամ է, 4 ամիս հետո չեկար տանես՝ 120 հազար դրամին գումարվում են տույժ-տուգանքներ, վարչականով կբռնագանձվի»,- խրոխտ տոնով հայտարարում է մաքսավորը: Այդպես լավ չէ՝ մի հատ էլ կողքը սենյակ սարքեք, մարդկանց պատանդ վերցրեք, հարազատներից փրկագին պահանջեք, եթե չվճարեն, տեղում սպանեք, գցեք Դեբեդը:

Այդ ընթացքում, երբ ձեւակերպում են ապրանքը մաքսային պահեստ տանելը, մոտենում է մի ուրիշ մաքսավոր եւ հայտարարում, որ պետք է շուտ թուղթ սարքել «Ալիկի ապրանքի» համար: Ալիկի անունը լսելիս բոլորը ձգվում են, ասում են՝ պետք է սպասել: Հարցնում եմ՝ ո՞վ է Ալիկը, ինչո՞վ է այդքան կարեւոր, չեն պատասխանում: Զգալով իմ անառողջ հետաքրքրությունը, մաքսավորը համակարգչի մոտ նստած մաքսային ծառայողին ասում է. «Մինչեւ իմ ասելը ոչ մի բան չգրես, մինչեւ ես կգամ, կասեմ»: Հնազանդվում է:

Հայաստանի մաքսային ծառայությունը եւ հատկապես մաքսային պահեստ կոչվող այդ խայտառակությունը ՊԵԿ ղեկավար Ռուստամ Բադասյանի ու սրա անմիջական ղեկավար Նիկոլ Փաշինյանի իրական դեմքն է՝ փնթի, անգրագետ ու հակամարդկային: Փաշինյանն անընդհատ հայտարարում է, թե այսքան փող հավաքվեց բյուջե. գնացեք մաքսակետ եւ տեսեք, թե ոնց է հավաքվում այդ գումարը` մարդկանց նվաստացնելով, ունեցվածքն առգրավելով, անօրեն պարտադրանքով: Նայում ես սահմանն անցնող մարդկանց, թե ոնց են խեղճանում մաքսավոր տեսնելով, ու ոնց են շփվում մաքսավորները մարդկանց հետ` ամբարտավան ու արհամարհանքով, իսկ շարքային քաղաքացին՝ խեղճացած ու կծկված, հասկանում ես, թե ինչ կարգի պետություն է Հայաստանը, ոչ թե իշխանություն, այլ իսկական ավազակախումբ: «Այ ախպեր, ի՞նչ ես մարդուն ջղայնացնում, տրամադրությունը փչացնում, ինչ ասում է, արա, էլի, թե չէ մեզ էլ է վնաս տալու»,- ասում է մաքսային զննության հերթի մեջ կանգնած մեկը:

Առաջիկա օրերին գնալու եմ տորֆը մաքսազերծելու, այնպես որ՝ սպասեք շարունակությանը:

Ավետիս Բաբաջանյան