Հայաստանում գիտության իրականությունն ու չիրականությունը եվ կայուն չֆինանսավորումը

Հայաստանում գիտության իրականությունն ու չիրականությունը եվ կայուն չֆինանսավորումը

Ազգային ժողովում գիտությանը վերաբերող բոլոր լսումները,  հիմնականում՝ զեկուցողները, շատ կանխատեսելի  են։ Երեկ էլ  «Գիտության ֆինանսավորման հիմնախնդիրները՝ Հայաստանում»  թեմայով լսումների ժամանակ բոլորն ասացին այն, ինչ պետք է ասեին, եւ անգամ բոլորը գիտեին, թե ով է ելնելու ջախջախելու հիմնական զեկուցողներին։ Բայց ամենատխուրն այն է, որ բոլորը գիտեին, որ դրանից որեւէ բան չի փոխվելու․ ո՛չ գիտության խնդիրներն են պակասելու, ո՛չ դրա ֆինանսավորումն է ավելանալու, թեեւ իմքայլական Հովհաննես Հովհաննիսյանը, ներկայացնելով քննարկման օրակարգը, նշեց, որ Հայաստանում գիտության ոլորտի թռիչքային զարգացման համար ֆինանսավորման ավելացման անհրաժեշտություն է տեսնում։

Իսկ մյուսների հիմնական ուղարձն այն էր, որ Հայաստանում գիտությունը կոմայի մեջ է, բայց այս պայմաններում մեր գիտնականները կարողանում են ինչ-ինչ հաջողություններ գրանցել։ Այս գիծն առաջ էին տանում Գիտության կոմիտեի նախագահ Սամվել Հովհաննիսյանն ու իր տեղակալը։ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանն ասաց, որ գրեթե 30 տարի գիտության ֆինանսավորումն անփոփոխ է․ այն կազմում է բյուջեի ծախսային մասի 1,2 կամ ՀՆԱ-ի 0․25 տոկոսը։ Եվ սա Հայաստանի գիտության վիշտն է։ «Սա խոսում է այն մասին, որ երբեւէ գիտության նկատմամբ պետությունը հատուկ հոգ չի տարել»,- ախտորոշեց Ռադիկ Մարտիրոսյանն ու ավելացրեց, որ քաղաքակիրթ աշխարհում որեւէ նման երկիր այդպիսի ցուցանիշներ չունի։ Այդ հատկացումների 75 տոկոսն աշխատավարձերն են, մնացած 25 տոկոսը՝ այլ ծախսերը, որոնք չեն բավարարում անգամ շենքերի պահպանմանը: Ակադեմիայի ինստիտուտների տնօրենները, ըստ ԳԱԱ նախագահի, երբեմն ստիպված են լինում պատուհանի կոտրված ապակիները փոխարինել ջարդված ապակու կտորներով, որովհետեւ շենքերի պահպանման ծախսերի համար հիմա այլեւս առանձին տող չկա։
 

Անդրադառնալով գիտնականների աշխատավարձի չափին՝ Ռադիկ Մարտիրոսյանն ասաց, որ գիտնականների 2/3-ը, ըստ նախնական հաշվարկների, ստանալու է նվազագույն, եւ հիմա էլ գրեթե բոլոր գիտնականները ստանում են նվազագույնին մոտ աշխատավարձ։ Միջին աշխատավարձն ակադեմիայում կազմում է մոտ 130 հազար դրամ։
Պարզվում է՝ գիտության սուղ բյուջեի վրա 2017-ին Կարեն Կարապետյանի կառավարությունը լուրջ ոտնձգություն է արել․ խախտելով օրենքը՝ գիտության բյուջեն կրճատել է 7 տոկոսով։ Սա պահպանվում է մինչ օրս, եւ դրա արդյունքում ԳԱԱ-ն կորցրել է բազմաթիվ երիտասարդ գիտնականների, որոնց ակադեմիան չի ընդունել աշխատանքի։ Սա պարտք է, որը գիտնականները հետ են ուզում։

Ներկայացվեցին նաեւ կորեր, որոնք ցույց էին տալիս, թե ակադեմիայի ինստիտուտներն ինչ ֆինանսավորում են ստանում բյուջեից եւ դրամաշնորհներով։ Եթե բնական գիտությունների որոշ ինստիտուտներում այդ ֆինանսավորումը գրեթե հավասար է, ապա հումանիտար ուղղությամբ դրանք աննշան են։ ԳԱԱ նախագահը բավականին պրագմատիկ գտնվեց ու կառավարությանն ու ԱԺ-ին առաջարկեց․ «2020 թվականի համար ակադեմիան առաջարկել է 13 նոր ծրագրեր, որոնց ընդհանուր արժեքը մոտ 360 միլիոն դրամ է։ Դրանցից միայն մեկը ծրագիր է պետական բյուջեի մեջ, որը կապված է սուպերկոմպյուտերի ազգային կենտրոնի ստեղծման, շահագործման հետ։ Բայց էնտեղ մի երկու ծրագիր էլ կա։ Ես գիտեմ, որ ֆինանսների նախարարությունը միշտ մի բան գրպանում պահում է, այս քննարկումներից հետո մի փոքր բան տալիս է սրան-նրան, որ ասեն, թե այդ քննարկումների արդյունքում բյուջեն փոխվել է։ Եթե էդպիսի մի բան մեզ տալու են, ապա ես կխնդրեի, որ ծրագիր կա, որ արժի ունենալ։ Սա Բելառուսի ակադեմիայի հետ 5-6 տարի է՝ քննարկում ենք, մի ծրագիր, որը կապված է Սեւանում համատեղ կենտրոն ստեղծելուն եւ հետազոտություններ կատարելուն»։ Ծրագիրը կարժենա մոտ 200 միլիոն դրամ։

Գիտության կոմիտեի նախագահն էլ քննադատեց Կարեն Կարապետյանի կառավարման չարաբաստիկ 2017 թվականը։ Նրա ներկայացմամբ՝ եթե խորհրդային տարիներին ակադեմիայի համակարգում աշխատել է մոտ 30 հազար մարդ, ապա նրանց թիվը հիմա 6 հազարին մոտ է, որից գիտական աստիճաններ ու կոչումներ ունեն մոտ 4 հազարը, իսկ դոկտորներ են շուրջ 1000-ը։ Կոմիտեի նախագահը մի տեսակ հառաչելով նշեց, որ մոտ 28 տոկոսն էլ մնացել են խորհրդային համակարգից։ Ի դեպ, եթե չենք սխալվում՝ պարոն Հարությունյանն էլ սովետական շրջանի գիտնական է։ Սամվել Հարությունյանի խոսքի մնացյալ մասը վերաբերում էր գիտական նվաճումներին․ աշխարհի 10 երկրների հետ սերտ համագործակցության մեջ ենք, մինչեւ 2007-ը գիտության որեւէ ոլորտում միջազգային որեւէ համաձայնագիր չենք ունեցել, այսօր դրանք 40-ից ավելի են, լուրջ ծախսեր են անում գիտության ոլորտում ռազմական նպատակով, մեզանում ակադեմիական ու մի շարք գյուղական հիմնարկներ հաջողությամբ մասնակցում են միջազգային ծրագրերի ու ստանում հավելյալ գումարներ, մենք տպագրվում ենք միջազգային հեղինակավոր գիտական ամսագրերում, մեր գիտատեխնիկական համակարգն է շատ լավը։ Սրանք Հայաստանում աշխատած մոտ 29 հազար գիտնականի մասին մանրակրկիտ տվյալներ են, թե ով ինչ դրամաշնորհ է ստացել, ինչ գիտաժողովների մասնակցել եւ այլն։

Սլայդների միջոցով ազգային սնապարծության այս մեղմիկ դրսեւորումների վրա սառը ջուր լցրեց «Պահանջում ենք գիտության ֆինանսավորում» նախաձեռնությունից Արթուր Իշխանյանը՝ ասելով, որ առնվազն 20 տարի շարունակ պետական բյուջեի քննարկման ժամանակ գիտնականները հավաքվել են, գիտության ոլորտի ֆինանսավորման վերաբերյալ առաջարկներ արել, իրավիճակը ներկայացրել, բայց ոչինչ չի փոխվում։ Արթուր Իշխանյանն այլեւս չի առաջարկում, այլ պահանջում է։ «Բայց մենք գիտենք արդյունքը, մենք գիտենք, որ գիտությունը գտնվում է ամենավատ վիճակում։ Դա նշանակում է, որ ինչ-որ մի մակարդակից հետո սկսվում են բարիկադներ, բարիկադներից այն կողմ կանգնած է հակառակորդ, որն այդ ամենին ընթացք չի տալիս։ Եվ այդ հակառակորդը մեր կառավարությունն է, բոլոր կառավարությունները, որովհետեւ բոլոր կառավարությունների աշխատանքի արդյունքը մեկն է․ այն, ինչ մենք ունենք․․․ Ուստի եկեք հասկանանք, որ մեր կառավարությունը՝ ներկա կառավարությունը, ես դա ցավով եմ ասում, իրեն դիրքավորել է որպես հակառակորդ, ոչ որպես գործընկեր»։

Արթուր Իշխանյանը, իր նախաբանում ասելով, որ մեր գիտության ցավերը շատ են, այն ախտորոշեց մեկ նախադասությամբ՝ մեր գիտությունը գտնվում է կոմայի մեջ եւ գնում է մահվան։ Իշխանյանի խոսքով՝ ունենք թե՛ գիտնականների թվի սարսափելի կրճատում, թե՛ գիտության ընդհանուր ծերացում, ենթակառուցվածքները մաշված են, գիտական հանրությունը՝ հոգնած։ Գիտնականն ասում է՝ մի մեծ մոլորություն կա, թե երիտասարդներին պետք է բացատրել, ասել կարեւորության մասին։ Նա ասաց՝ ոչ մեկին ոչ մի բան պետք չէ բացատրել, բոլորը շատ լավ հասկանում են, եւ այն կառավարությունը, որին պետք է բացատրել գիտության կարեւորությունը, ոչինչ չարժի։ «Չի կարելի ստանձնել ոլորտի կարեւորությունը՝ չգիտակցելով դրա կարեւորությունը»։
 

Գիտնականը պահանջում է համահայկական տելեթոնների ժամանակ փող հավաքել ԳԱԱ հիմնարկների վերանորոգման ու գիտական ծրագրերի համար, իսկ վարչապետից ու ԱԺ նախագահից՝ հիմնել գիտնականների պարգեւատրման ամենամյա մրցանակներ։ Նրա «պահանջո՛ւմ ենք» ասելուց հետո ԱԺ ամբիոնից կրթության եւ գիտության նախկին փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը փորձեց ուղղել՝ «պահանջ-առաջարկ ենք անում»։ Իշխանյանը չհանձնվեց ու իր հերթին խորհուրդ տվեց գրի առնել պահանջները՝ որպես գիտության համար գլխադասային հանձնաժողովի ներկայացուցիչ։ «ԱԺ նախագահն ունի որոշակի ֆոնդ, որից նա կարող է իրականացնել պարգեւատրումներ։ Ես պահանջում եմ, որ նա հիմնի գիտության ոլորտում ամենամյա մրցանակներ»,- ասաց գիտնականը։