Դժվար է լինելու

Դժվար է լինելու

Առողջապահության նախկին նախարար Դերենիկ Դումանյանի հետ մենք զրուցել էինք արտակարգ դրություն հայտարարելու առաջին օրերին, եւ պարոն Դումանյանը 3 ամիս առաջ բավականին լավատես էր։ Այսօր, երբ Հայաստանում օրական ավելի շատ մարդ է վարակվում, քան Գերմանիայում, փորձեցինք կրկին ստանալ նախկին նախարարի կարծիքն ու գնահատականը՝ Covid 19-ի դեմ կառավարության պայքարի ու գործադրած ջանքերի մասին։

- Պարոն Դումանյան, նախկինում բավականին լավատես էիք, այս 2․5 ամիսների ընթացքում պահպանվե՞ց Ձեր լավատեսությունը։ Երեկ արդեն 351 մարդ էր վարակվել։

- Լավատեսություն միշտ պետք է ունենալ։ Եթե չունենանք, չենք կարող հաղթահարել դժվարությունները, բայց, ամեն դեպքում, մտահոգիչ են թվերը։ Դա մի քանի բանի մասին կարող է վկայել։ Առաջինը, որ հայտնաբերումն է լավացել, քան նախկինում ունեինք, երկրորդը, որ մենք ուշադիր չենք մեր իսկ առողջության նկատմամբ, եւ վերջապես՝ պետք է այս ամենին շատ ավելի լուրջ վերաբերվենք բոլորս։

- Մեր լցված սրճարանները եւ լուրջ վերաբերմունքը…

- Գիտեք՝ չեմ կարող ասել սրճարանների մասին ոչինչ, քանի որ ես այն քիչ մարդկանցից եմ, ով պահպանում է կարանտինի բոլոր պայմանները։

- Ազգային ժողովում տեսե՞լ եք, թե ինչպես են պատգամավորներն իրար քիթ մտած, օրինակ՝ մոնիտորներից միասին տեսանյութ նայում։

- Հա, դե ճիշտ չէ։ Եվ եթե նման կադրեր չտեսնեինք, մեր քաղաքացիներն ավելի կարգապահ կլինեին ու անվտանգության կանոնները կպահպանեին։

- Մասնավոր լաբորատորիաներին արգելվեց թեստ անցկացնելը։ Արդյունքում՝ էլ ավելի կավելանան հերթերը, ու հիվանդացությունն էլի կաճի։ Ինչպե՞ս եք վերաբերվում ԱՆ որոշմանը։

- Վատ եմ վերաբերվում, պետք է թույլ տալ, որ բոլորն այդ գործողություններն անեն, որովհետեւ իսկապես շատ մարդիկ կան, որոնք ցանկանում են վճարել եւ իմանալ։ Դրանից բացի, այդ վիճակագրությունը եւս ընդհանուր համակարգին կօգնի, եւ ընդամենը կարելի էր այդ ամբողջ տեղեկատվությունը հավաքել մի տեղ։ Ես լրատվամիջոցներում կարդացի բացատրությունը, որ չեն վստահում այնտեղի կատարված հետազոտություններին, բայց ես այդ կարծիքին չեմ՝ մենք շատ լավ լաբորատորիաներ ունենք, այդ թվում՝ մասնավոր համակարգում, եւ դրանք կարող էին օգնել պետական համակարգին։ Ընդամենը։ 

- Քաղաքացիները կարո՞ղ են ենթադրություն անել, որ առողջապահության նախարարությանը ձեռք չեն տալիս «կողքից» թվերը, որ հանկարծ ինչ-որ բան չխառնվի, վիճակագրությանն անհամապատասխանություն չլինի։

- Չեմ կարծում, թվերն արդեն․․․ ընդհակառակը, ինձ թվում է՝ շատ օբյեկտիվ ներկայացվում են, չեմ կարծում, որ էսօր արդեն կա թվերը պահելու խնդիր։ Եվ այս բարձրացումն էլ ունի օրինաչափություն։

- Տրանսպորտի վերագործարկումը, որպես առողջապահության նախկին նախարար, ինչպե՞ս եք դիտարկում։

- Եթե մարդիկ աշխատում են, պետք է ինչ-որ ձեւով տեղաշարժվեն՝ սա մի բացատրություն, բայց, մյուս կողմից, վարակվելու վտանգն ավելի մեծանում է։ Ուստի, հատկապես տրանսպորտի ներսում պետք է մեր սիրելի քաղաքացիները խստագույնս պահպանեն անվտանգության մեթոդները։ Ամեն դեպքում, կարելի էր տրանսպորտի հարցում եւս մեկ շաբաթ էլ համբերել։

- Նիկոլ Փաշինյանն ասաց՝ բոլորը հասկացան, որ տնտեսությունները չեն դիմանում, ու բացվեցին։ Բայց սկզբում, երբ հիվանդացության եզակի դեպքեր էին, փակվել էին, հիմա՝ այս տեմպերով վարակվածության պայմաններում բացվելն արդյո՞ք տրամաբանական է, էլ չեմ ասում՝ անվտանգ։

- Գիտեք՝ իսկապես այդ համբերելու պահը ոչ միայն մեզ մոտ է, այլեւ ողջ աշխարհում է այդ պրոբլեմը։ Ցույցեր են անում, միտինգներ, որ չեն կարող չաշխատել եւ այլն։ Կան բժիշկ մասնագետներ, որոնք հիմնավորում են, որ տնային պայմաններում իմուն-համակարգն է ճնշվում, եւ վաղը, մյուս օրը շատ ավելի ուրիշ վարակներ կարող են ախտահարել, բայց, ամեն դեպքում, այս վիրուսի դեմ պայքարի լավագույն մեթոդը մեկուսացումն է։ Շատ լավ կլիներ, որ շատ այգիներ ունենայինք, շատ քայլելու տեղեր լինեին, որ մարդիկ կարողանային, առանց իրար հետ սոցիալական տարածությունը խախտելու, շրջեին, բայց հիմա այն է, ինչ ունենք։

- Բայց այս պայմաններում, երբ այնքան պարզ է, որ եթե այսօր հինգշաբթի է, վաղը լինելու է ուրբաթ, պարզ չէ՞, որ լինելու է ահավոր աճ։ Իսկ մեր առողջապահական համակարգն ի վիճակի՞ է տակից դուրս գալ շատ մեծ ալիքի դեպքում։

- Դժվար է լինելու։ Հատկապես ստացիոնար հիվանդների առումով պետք է պատրաստ լինենք շատ ավելի մեծ թվերի։

- Իսկ հնարավո՞ր է, որ պիկին հասնենք այն պատերազմական ժամանակների օրենքին համաձայն, երբ որոշում են՝ ով պետք է ապրի, ով՝ ոչ։ Այսինքն՝ նման որոշումներ կայացնելու անհրաժեշտություն առաջանա։

- Չեմ կարծում, մի՛ գնացեք այդքան մռայլ բաների հետեւից։ Ես կարծում եմ՝ մենք կհաղթահարենք։

- Պիկի մասին ունե՞ք հաշվարկ, ե՞րբ կլինի։

- Չէ, նման հաշվարկ չեմ կատարել, բայց, իմ կարծիքով, այս մի քանի օրը հենց մենք պիկերն ենք տեսնում։ Եվ երեկվա՝ մեկ օրվա մեջ 351 դեպքը։ Ըստ իս՝ այդ բարձր թվերը մի քանի օր էլ կպահպանվեն ու աստիճանաբար կնվազեն։

- Ձեզ հայտնի՞ են, թե Հայաստանում բուժման ինչ մեթոդներ են կիրառվում։

- Ինձ ծանոթ չէ, բայց ԱՀԿ-ն, եթե ինչ-որ մի նոր բան լինում է, դրանք կենտրոնացված անմիջապես հայտնում է։ Այնպես չէ, որ մի երկիր մի ձեւով է բուժվում, մյուսը՝ ուրիշ։ Ուղղակի տարբեր երկրներ տարբեր բուժական փորձարկումներ են անում։