Ի՞նչ ճանապարհով իշխանությունը կփորձի լուծել ՍԴ-ի հարցը

Ի՞նչ ճանապարհով իշխանությունը կփորձի լուծել ՍԴ-ի հարցը

Իր ասուլիսում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ Վենետիկի հանձնաժողով են դիմել, եւ քննարկվում է ՍԴ-ի հարցը որեւէ բանաձեւով Ազգային ժողովում լուծելու հարցը։ «Ինձ համար ակնհայտ է՝ մենք մինչեւ մյուս տարվա մայիս հանրաքվե չենք կարողանալու անենք, բայց չենք էլ կարողանալու սպասել, հետեւաբար, ոչ մի բան չի խանգարում միջազգային մեր գործընկերների հետ մեր աշխատանքը մի քիչ կարգաբերենք ու ստանանք հնարավորինս արդյունավետ ու, եթե հնարավոր կլինի, կոնսենսուսային լուծումներ»,- ասաց նա։

Սահմանադրական հանրաքվեի «Ոչ»-ի ճակատի լիազոր ներկայացուցիչ Ռուբեն Մելիքյանը, մեզ հետ զրույցում անդրադառնալով ԱԺ-ի միջոցով ՍԴ «ճգնաժամը» լուծելու վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովին ուղղված նամակին, ասաց, որ նախեւառաջ իշխանությունը հանրաքվեն չեղարկելու հարցը լուծելու մասին պետք է մտածի, քանի որ, գործող օրենսդրությամբ, արտակարգ դրության ավարտից հետո հանրապետության նախագահը պարտավոր է եռօրյա ժամկետում վերանշանակել հանրաքվեն, «եթե, իհարկե, նախագահը չի գտնում, որ ճիշտ չի արել, երբ առաջին անգամ այն նշանակել է»։ «Մենք համակ ուշադրությամբ կհետեւենք, թե իշխանությունն ինչ ճանապարհ է դրա համար գտնելու»,- ասաց Մելիքյանը։ Իսկ ՍԴ կազմի փոփոխության իշխանությունը կարո՞ղ է հասնել առանց սահմանադրական հանրաքվեի՝ ԱԺ-ի միջոցով, ի՞նչ «մասնակի կամ ամբողջական» լուծումներ է պլանավորում իշխանությունը։ Մելիքյանը լուծման իր տարբերակն առաջարկեց, որի մեջ, ըստ իրեն, կա իրավական բաղադրիչ, եւ դա կարելի է քննարկել։

Խոսքը ՍԴ նախագահի եւ դատավորների պաշտոնավարումը 2018 թվականին ուժի մեջ մտած Սահմանադրության նորմերով իրականացնելու մասին է, ըստ որի՝ ՍԴ նախագահը պաշտոնավարում է ոչ ավել, քան 6 տարի, իսկ դատավորները՝ ոչ ավել, քան 12 տարի․ «Օրինակ, եթե վաղը լինի ինչ-որ ձեւաչափով լուծում, որը կվերաբերի նրան, որ, օրինակ, ՍԴ նախագահը պաշտոնավարում է սահմանադրական փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո սահմանված 6 տարի ժամկետով, դա կարելի է քննարկման առարկա համարել, դա իրավական կոմպոնենտ ունեցող առաջարկ կարող է լինել։ Խոսքն այն ժամկետի մասին է, որը սահմանված է 2015 թ․ ընդունված եւ 2018-ի ապրիլից ուժի մեջ մտած Սահմանադրությամբ։

Այս փաստարկը, որ իշխանությունները բերում են, թե գործող մոդելը չի կարող գործարկվել, խնդրեմ, թող գործարկվի այն ժամկետը, որի մասին խոսք է գնում։ Այսինքն՝ նրանք ասում են, որ ՍԴ նախագահն ընտրվել է 6 տարուց ավելի ժամկետով, ինչը եղել է օրենքին համապատասխան, բայց եթե, օրինակ, առաջարկ կատարվի, որ այդ ժամկետը կրճատվի եւ 6 տարի լինի, ինչպես նախատեսված է ուժի մեջ մտած Սահմանադրությամբ, ապա այդ առաջարկությունը կարող է քննարկման առարկա լինել։ Այլ բան ես այս պահին դժվար եմ պատկերացնում։ ՍԴ դատավորների մասով իրավիճակը ոչ միանշանակ է, օրինակ՝ կարող է լինել իրավական հետաքրքիր մոտեցում, որ բոլոր դատավորները կարող են պաշտոնավարել ոչ ավել, քան 12 տարի՝ սկսած 2018 թվականի ապրիլի 9-ից, երբ ուժի մեջ մտավ նոր Սահմանադրությունը, ուղղակի կիրառելու դեպքում այն կարող է կիրառվել 1 կամ 2 դատավորի նկատմամբ, որովհետեւ դատավորների մեծ մասի առավելագույն տարիքը լրանում է 12 տարուց ավելի քիչ ժամկետում․ դատավորներից մեկինը, օրինակ, հաջորդ տարի, մյուսինը՝ եւս մեկ տարի հետո»։ Ի դեպ, մեր տեղեկություններով, իշխանությունը հենց այս տարբերակն էլ քննարկում է, որի մասին ասաց Մելիքյանը, եւ այժմ Վենետիկի հանձնաժողովից ցանկանում են «դաբրո» ստանալ՝ ՍԴ-ի հարցը այսկերպ լուծելու համար։ 

Թեմայի առնչությամբ փորձեցինք լսել ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Նիկոլայ Բաղասարյանի կարծիքը, սակայն նա ասաց, որ վարչապետի հայտարարությունն ինքը չի մեկնաբանում, դրա համար պետք է վարչապետին դիմել, իսկ պնդումից հետո, որ ՍԴ հարցը պետք է ԱԺ-ն լուծի, իսկ ինքն ԱԺ պատգամավոր է, նա պատասխանեց, որ զբաղված է եւ չի կարող խոսել։ 

Պետաիրավական հարցերի հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանն էլ ասաց, որ այս փուլում այդ թեմայով որեւէ մեկնաբանություն չի ցանկանում անել։ Պետաիրավականի մեկ այլ իմքայլական անդամ՝ Սերգեյ Ատոմյանն էլ, հարցը լսելուն պես, ասաց, որ իրեն հարմար չէ, զանգենք մեկ ժամ հետո, սակայն հետագայում նա մեր զանգերին չպատասխանեց։ 

Փորձեցինք մեկնաբանություն ստանալ ՍԴ դատավոր Ֆելիքս Թոխյանից։ Նա ասաց, որ վարչապետի հայտարարությունը քաղաքական բնույթ ունի, ինքը դա չի կարող մեկնաբանել, քանի որ օրենքն է արգելում, երբ փաստաթուղթ լինի, այն ժամանակ նոր կմեկնաբանի։