«Հրապարակ». Փաշինյանն ամեն տեղ ՀՀ քարտեզը ցույց է տալիս եւ ասում, որ այդ ճանապարհը տալու է

«Հրապարակ». Փաշինյանն ամեն տեղ ՀՀ քարտեզը ցույց է տալիս եւ ասում, որ այդ ճանապարհը տալու է

Տավուշի մարզի Ոսկեպարի, Բաղանիսի եւ հարակից բնակավայրերի բնակիչների հետ Նիկոլ Փաշինյանի երեկվա հանդիպումն անցել է գերլարված մթնոլորտում։ Մենք զրուցել ենք Ոսկեպարի Հ․ Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Հարություն Ալավերդյանի հետ, ով ներկա է եղել հանդիպմանը։ Ներքին Ոսկեպարն անմիջապես հարակից է Ադրբեջանին հանձնվող տարածքներին։ Մարդիկ Փաշինյանին շատ կոնկրետ ասել են՝ չենք զիջելու։ 
«Խոսվում է 4 գյուղերն Ադրբեջանին տալու մասին, որը Ներքին Ոսկեպարի մեջ է մտնում։ Այստեղ սահմանն այնպես է խեղաթյուրված, որ այն հասնում է տների մոտ` դպրոցից 100 մետր հեռավորության վրա։ Մենք այդ տարածքները վերադարձնելուց հետո մեր տներում ապրելու հնարավորություն այլեւս չենք ունենա։ Այդ ճանապարհը հանրապետական նշանակության է, իսկ սարի վրա նոր ճանապարհ սարքելու տարբերակ չունենք։ Սահմանամերձ գյուղերի բնակիչները ստորագրահավաք են արել՝ իրենց անհամաձայնությունը հայտնելով սահմանային որեւէ փոփոխության վերաբերյալ։ Եթե նման բան լինի, խաթարվելու է մեր ապրելու եւ տեղաշարժվելու իրավունքը։ Իմ երեխան առանց այն էլ վտանգի տակ է, հիմա ավելի է իրավիճակը վատթարանում։ Փաշինյանին ամեն ինչ ասվել է»,- նշեց զրուցակիցս։

Գյուղացիները Փաշինյանին առաջարկել են այդ տարածքները փոխանակել Տավուշի մարզի այն հողերով, որոնք Ադրբեջանի վերահսկողության տակ են անցել։ «Բերքաբերի 800-900 հեկտար տարածքն ադրբեջանցիների մոտ է, ասացին՝ փոխանակում արեք։ Փաշինյանը լսեց, խոստացավ դիտարկել մեր հարցերը, բայց վստահ չեմ, որ մեր սրտով է լինելու»,- նկատեց դպրոցի տնօրենը։ Ալավերդյանը Փաշինյանի հետ հանդիպումից հասկացել է՝ հավանականությունը փոքր է, որ գյուղացիների ուզածով կլինի, ուստի առաջարկում է հանրապետությունով մեկ ոտքի կանգնել, ասում է՝ Ոսկեպարի ճամփան միայն ոսկեպարցիներինը չէ, այն կենսական նշանակության ճանապարհ է։ Նախկինում այդ ճանապարհից մարդ են գողացել, նույն իրավիճակն է լինելու, եթե ադրբեջանցիների ձեռքն ընկնի։

«Մենք 30 տարի է՝ այս իրադրության մեջ ենք, հող գրավելու կռիվ չենք տվել, մեր պայքարը եղել է գոյատեւման համար։ Նրանց տարածքով անցնող ճանապարհից 40-ից ավելի մարդ է առեւանգվել եւ մինչ օրս անհետ կորած է համարվում։ Մենք այդ ճանապարհն ազատագրելու համար կռիվ ենք տվել, որ անհամատեղելիությունը հարթենք, քանի որ հայը, ադրբեջանցին եւ թուրքը չեն կարող իրար հետ ապրել։ Եթե հիմա թողնենք՝ նրանք առաջ գան, կհայտնվենք ավելի վատ վիճակում։ Մենք մեզ պաշտպանելու հնարավորություն չենք ունենալու։ Մենք զիջելու բան չունենք։ Նիկոլ Փաշինյանը Ոսկեպար էր եկել, իր խոսքով՝ մեր կարծիքը իմանալու։ Մեր կարծիքները լսեց, ասաց՝ 100 տոկոսով համաձայն է, բայց կասկածում է, որ մեր առաջարկները լինեն»,- ասաց զրուցակիցս։

Ալավերդյանը շեշտում է՝ եթե Ոսկեպարը հանձնվի, ադրբեջանցիները հասնելու են մինչեւ Լոռու մարզ․ «Մինչեւ Կիրովականի սարերը»։ Հարցին՝ ի՞նչ են անելու Տավուշի այդ գյուղերի բնակիչները, եթե գյուղերը հանձնվեն, ասաց․ «Եթե այդպես արեց, կռիվ կտանք, մի քանի հոգի կմեռնեն, մնացածն էրեխեքին կվերցնեն ու կգնան։ Փաշինյանն իր բերանով ասաց՝ եթե 2018-ին իմանար, որ սենց ա լինելու, կասեր, որ իրեն ամոթանք չտայինք։ Բառախաղ է դառնում, բայց դա չէ կարեւորը։ Փաստացի մենք մի իրավիճակում ենք, երբ նա ամեն տեղ ՀՀ քարտեզը ցույց է տալիս եւ ասում, որ այդ ճանապարհը տալու է»։ 

Ալավերդյանն ասում է՝ լարված է անցել հանդիպումը, մարդիկ, որ գիտեն՝ թուրքին բերում են իրենց տուն, ո՞նց կարող են լարված չլինել։ «Մենք 30-40 տարի պայքարել ենք, որ մեր հայկական տարածքը պահենք, էսօր ո՞նց կլինի այն մարդու վիճակը, ով կռվել է այս հողի համար։ Սա քաղաքական պայքար չէ, հայրենիքի պայքար է։ Համակարգը պիտի փոխվի, բայց դա էսօրվա թեմա չէ, մեր թեման հիմա մեր տունը պահելն է։ Եթե ամբողջ հայ ժողովուրդը կանգնի ու միահամուռ լինի, չթողի, որ տան, ո՞նց կտան»,- հավելեց նա։ 

6 օր առաջ մամուլի ասուլիսի ժամանակ ցույց տալով ՀՀ քարտեզի մակետը՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Տավուշի մարզի Ոսկեպարի մի հատված կարող է հայտնվել Ադրբեջանի վերահսկողության տակ, քանի որ այդ ճանապարհի մի մասն ադրբեջանական է։ «Ոչ թե կտրում ենք ինչ-որ բան, այլ ճշգրիտ տեսնում ենք, որ Ոսկեպար գյուղի հատվածում ճանապարհի մի կտոր դե յուրե գիծը հատում է, հետո նորից մտնում ՀՀ տարածք։ Նախկինում քննարկումներում այնպիսի ֆոն կար, որ այնտեղ, որտեղ ճանապարհ կա, հարցը լուծենք հետեւյալ կերպ՝ այդ ճանապարհի հատվածը պահենք, ուրիշ տեղից համարժեք հատված տանք։ Հետո եկել ենք այն եզրակացության, որ պետք չէ այդպես վարվել, որովհետեւ դա ստեղծում է լրացուցիչ անորոշություններ»,- հայտարարել էր Փաշինյանը։ Հիշեցնենք, որ Փաշինյանի այս հայտարարությանը նախորդել էր պաշտոնական Բաքվի՝ Տավուշի մարզի եւ Ղազախի շրջանի սահմանագծին գտնվող չորս գյուղերի տարածքներն անմիջապես վերադարձնելու պահանջը։ Ըստ ադրբեջանական կողմի, դրանք են՝ Տավուշում գտնվող Յուխարի Ասքիփարա, Սոֆուլու, Բարխուդարլու, ինչպես նաեւ Նախիջեւանին սահմանակից Քյարքի (հայկական անվանումը՝ Տիգրանաշեն) բնակավայրերը։