Չենք հավատում

Չենք հավատում

Ասում են՝ կրակից այրվածը մոմն էլ է փչում։ Մեր իշխանությունների աչքը վախեցել է։ Վերջին պատերազմը մի կողմից մեզ անհիմն տագնապների, մյուս կողմից՝ անհասկանալի զգուշության է մղել։ Մի բան պարզ է, որ վախկոտն ու զգույշը միշտ տանուլ են տալու, իսկ ճիշտ որոշումներ կայացնելու ունակը հաղթելու է։ Բայց այս իշխանությունն ինչքան անգործունակ էր սեպտեմբեր-հոկտեմբերին եւ սպասում էր, որ ինչ-որ պահի խնդիրն ինքնիրեն կլուծվի՝ առանց իր ջանքերի, նույնքան անգործունակ է նաեւ այսօր։

Սակայն մի քանի հետեւություն կարծես, այնուամենայնիվ, արել է։ Օրինակ, հասկացել է, որ ավելի լավ է դիմել ՀԱՊԿ-ին՝ օգնության խնդրանքով, քան «հպարտ ու ինքնիշխան» ձեւանալ եւ վտանգի ենթարկել մեր հողն ու քաղաքացիներին։ Ճիշտ է՝ կրկին անբացատրելի ու կեսքայլ․ ոչ թե ռազմական օգնության, այլ՝ խորհրդատվության խնդրանքով։ Դիմում է նաեւ եվրոպական համագործակցությանը՝ խնդրելով աջակցել այս վիճակից դուրս գալու հարցում։ Թեեւ Սյունիքում շատերն այլեւս նրան չեն հավատում՝ Գորիսի քաղաքապետը դառը մեղադրանքներ է հնչեցնում նրա հասցեին․ «Իշխանությունների անհասկանալի գործողություններն ու հանցավոր անգործությունը մեզ թույլ են տալիս լրջորեն կասկածել, որ Սյունիքի մարզի ըմբոստ ժողովրդի հարցերը վերջնականապես լուծելու համար Փաշինյանը պայմանավորվածությունների է եկել Ալիեւի հետ։ Մենք պարզապես ապշած ենք Հայաստանի իշխանությունների գործողություններից, նրանք ապացուցում են, որ ոչ միայն իրենք չեն կարողանում ապահովել մեր ժողովրդի անվտանգությունը, այլեւ որեւէ պատշաճ քայլ չեն անում, որ մեր ռազմավարական դաշնակիցներն օգնություն ցուցաբերեն։ Ստեղծված իրավիճակը ցույց է տալիս, որ այս իշխանությունների հետագա պաշտոնավարումը հանգեցնելու է մեր պետության կործանմանը»։