«Հայաստան ասելիս էլ մահը ո՞ւմ շունն է» ասող ազգը կարո՞ղ էր Նիկոլ ծնել․․․

«Հայաստան ասելիս էլ մահը ո՞ւմ շունն է» ասող ազգը կարո՞ղ էր Նիկոլ ծնել․․․

«Հայաստան ասելիս էլ մահը ո՞ւմ շունն է» տողերը մինչև այս իշխանության գալը հայ ժողովրդի հավաքական խոսքն է եղել, որը սյունեցի Համոն կարողացել է հայրենասիրական պոռթկումով կոկոնի նման պայթեցնել ու որպես բացված վարդ մատուցել մեզ։ Համո Սահյանը մի շատ տիպիկ բան է ասել․ «Խաղաղ ժամանակներում երկիրը ղեկավարությանն է, իսկ պատերազմի ժամանակ անունը դնում են հայրենիք ու հանձնում են ժողովրդին»: Մեծ Բանաստեղծի մտորումները կարդալիս՝ այսօր յուրովի եմ ընկալում այն։ Նիկոլը խաղաղություն է ուզում, որովհետև իր իշխանությունն է պահում։ Շատ շուտով երբ կհամոզվի, որ օդում խաղաղություն չեն բռնում, մեր պատառոտված, ծվատված, արյունոտ հայրենիքը կհանձնի տիրոջը ու կասի՝ սա է ձեր հայրենիից մնացել, առեք ու վայելեք։   

Քաղաքական այս ծանր վիճակում, երբ Հայաստանը հայտնվել է անդնդի եզրին, երբ Համոյի Որոտանը դարձել է ադրբեջանական հող, բանաստեղծի տողերը շամփրում են․ 

Որոտանի եզերքին կա մի ուռենի,

Ա՜խ,նա սիրով սրտագին պահում է ճամփաս․․․

ՈՒ՞մ տվիր այդ ուռենին, Նիկոլ, չէ՞ որ նա մերն էր ու մեր ճամփան էր պահում։ Որոտանում հիմա ազերիներ են բնակվում, տներ են կիսվել և հայոց ծառերը հատվում են հատ- հատ, գետը չի երգում , ուռենին խռովել է հայից, բայց սպասում է։ Սպասում է, թե երբ կհեռանա այն մեկը, որը հայոց հողը ադրբեջանական է համարում։ Ասում են՝ ուռենին լացող է, բայց ինձ թվում է, որ Հայաստանում ոչ միայն ուռենիները, այլ բոլոր ծառերը լացում են Նիկոլ Փաշինյանի գալուց հետո։ Ուռենու հետ՝ ձեն ձենի տված, լացում են ծառ ու ծաղիկ։ Գուցե այդ ողբ ու կականն է պատճառը, որ այս իշխանությունը կացինն առած հատում է Հայաստանի ծառերը։ Հատում է այն, ինչ ազգային է, ինչ սուրբ է հայի համար։ Հատում է այն արմատը, գենը, որին հաղթելը դժվար էր, որովհետև «Հայաստան ասելիս էլ մահը ո՞ւմ շունն է»։ 

Շատ եմ մտածում, թե «Հայաստան ասելիս էլ մահը ո՞ւմ շունն է» ասող ազգը ո՜նց կարող էր Նիկոլ ծնել․․․ Ծնել մեկը, որի հողն ու Հայաստանի հողը տարբեր են, որի երկիրն ու մեր երկիրը տարբեր են․․․