Բացիկներ

Բացիկներ

1.
Մի հարմար թաղար է կարոտը.
Մի ծիլ ես տնկում քո սրտից
Նրա տարօրինակ ներսում
Եվ հրում ես ուսը`
-Դե՛, աճի՛ր։
Իսկ նա ամոթխած մի թրթիռ է.
Շշնջում է`
Կաճեմ, եթե ջրես...
Եթե արյունով ջրես, կաճեմ...

2.
Բարեւ՜, ա՛յ կարոտած,
Բացիկներ եմ քեզ գրել`
Անծրար, մերկ եւ սրտապատառ:
Թող աշխարհի բոլոր
Փոստատներում կարդան,
Եվ եթե մեկնումեկը ժպտա,
Աշխարհը չի գլորվի
Ծովերի մեջ խուճապահար։

3.
Երեկ ճնշում ունեի.
Իջա ձորը` գետին բարևելու,
Ասաց` մի քիչ հեռու նստիր`
Ձայներս քեզ չալեկոծեն։
Ասացի` չէ՜, կարկաչի'ր
Իմ հեռավորի մասին
Եվ, եթե հնար ունես,
Մի դառը խնձոր բեր
Անտառներից...

4.
Իմ աչքերը մնացել են
Հառաչանքի մեջ.
Քեզ քիչ տեսնելուց չէ,
Այլ քեզ երազելուց...
Եվ, նաև,
Երբ փակում եմ,
Որ չտեսնեմ չլինելդ...

5.
Աշուն է։
Հրավիրել են խմելու։
Ափսո՜ս, այսքան
Տերեւներում չկաս,
Որ ինձ դուրս բերեիր
Այս նախշուն անտառից...

6.
Որ մի քիչ էլ մնայիր,
Հոկտեմբերի մեջ էլ
Կշոյեի սիրտդ։

7.
Առավոտյան 
Մի սանր գտա`
Վրան շեկ մազիկներ։
Եթե սեւ լինեին,
Գուցե մտածեի,
Թե` էն քրքրվածդ
Ե՜տ է եկել...

8.
Անձրեւների եմ սպասում.
Քո անունը տալը
Դեռ չեմ փորձարկել
Տեղատարափի տակ։

9.
Գիշերը մտածեցի
Իմ մահվան մասին,
Հետո ճամփաների մասին
Մտածեցի` հեռացող...
Մտածեցի` ի՜նչ հարմար են իրար
Եվ չեն էլ շտապում,
Որ իրար հե՛տ հեռանան...

10.
Տվածուրիկ գիշեր էր`
Մի թանկ նվեր։
Նստել հղկում էի
Երազի խաս քարը
Եվ մողեսներ էի արտասանում`
Սրտադռան բարավորին
Սուտ քուն տված։

11.
Երազեցի տողատել կարոտը.
Ոչ մի տողադարձ չեղավ...
Տողը ձգվե՜ց, երկարե՜ց,
Եկավ, դեմ առավ քո ծնկներին...

12.
Հավանական բան է,
Որ այսօր մի հոպոպի կանչեմ
Զարմանքի բլուրներից:
Թող գա ու զարմանա
Իմ կանաչ վանդակավոր շապիկի
Կարմրածորող ճաղերի վրա։

13.
Հավանական բան է,
Որ ծովերի վրա դեռ ծփում է
Իմ այլաշխարհիկ տաղիկը
Եվ մի մարգարիտ է խնդրում
Սադափե խեցիներից։

14.
Երեկ, գործից դադրած,
Պառկել էի լորենու տակ.
Տեսա, որ ծառը չի նահանջում...
Եվ որ սերն էլ ծառի պես է, երեւի.
Ոչ մի փախուստի ճանապարհ
Չունի մշակած,
Ոչ մի նահանջի հրաման չունի
Ոչ հողից, ոչ երկնքից,
Ո'չ էլ սրտից իմ այլօրինակ։

15.
Կողքի գյուղ
Թաղում էի գնացել`
Մի երիտասարդ էին թաղում.
Ասացին` սիրտը թույլ էր.
Չդիմացավ...
Երեւի սիրուն չի դիմացել` մտածեցի։

16.
Իմ ընկերն էր.
Իր ցավերից պատմեց:
Ասի` ցավդ տանեմ,
Մի քի՛չ էլ մնա,
Մինչեւ կլուսանա։

17.
Հաստատ գիտեմ,
Որ ամեն ոք իր սրտի մեջ
Մի թաքուն սենյակ ունի...
Իմ սենյակում ծուռ հայելիներ են
Եվ շիտակ անդունդներ...

18.
Հմայիլ էի փնտրում
Ծեծված, արյունլվիկ բառերի մեջ...
Լույսը ուշ ժամանեց.
Քեզ պես սիրուհի էր.
Շուրթին խատուտիկ կար,
Դեմքին` զարմանքի ցող։

19.
Բացատը վերում էր,
Ճամփան`ոլոր...
Ծիածանին քսվելով ելար.
Ասի` աչքս թեքեմ` շատ չամաչես։

20.
Հիմա ո՞նց ես կարկաչում`
Առանց քեզ, մեզնից այսքան հեռու...

21.
Մի օր երանի եմ տալու
ճիշտ պահին ընկնող տերեւին,
Եվ ճի՛շտ ոտքերի տակ քո`մոտեցող...

22.
Երկնքից բան չեմ ուզում,
Ոչ մի ավելորդ բան...
Միայն գալուդ պահին թող դղրդա,
Թող խումհարի խորքից 
Ինձ դուրս քաշի։

23.
Ձեռքերս հողոտ էին:
Չուզեցի լվանալ.
Ասի` թող վարժվեմ,
Եթե չգաս...

24.
Ինչե՜ր ասես
Չեն պատռվում.
Ահա՜ երկինքը.
Սիրում է պատռվել,
Երբ նրան է հպվում
Իր էգին փնտրող արագիլի
Սպիտակ թևը։
Ահա երեսը կապույտ ջրերի,
Երբ իրեն
Դեպի արևն է նետում
Երազկոտ մի ձուկ։
Եվ ահա՜ սավանը ճերմակ`
Խնդության առագաստը`
Մութ գիշերը ճեղքած...

25.
Քեզ հիշելիս
Մի ածական հալածում է ինձ.
Չեմ ասի,
Որ չդադարի կարկաչել...

26.
Երեկ մի կամրջով անցա:
Երազեցի` դեպի քեզ է բերում...
Բայց մի եղեգ շրշաց,
Բայց մի գորտ ցատկեց,
Բայց մի երկինք մթնեց,
Մտածեցի` անձրև էլ ես։ Մի՞թե...

27.
Որոշել եմ`
Կորցնելու եմ ինձ:
Եթե գաս, կասեմ կորածս տեղը։

28.
Շատ հեռու չեմ լինի:
Է՜ն կարոտի լանջերին կլինեմ.
Մի բվեճ կհուշի ճանապարհը։

29.
Այսօր
Առանց մեղք ապրեցի.
Ո'չ գործեցի,
Ո'չ մտածեցի,
Շատ կանուխ սկսեցի
Քեզ կարոտել,
Անգամ իրիկունը հրաժարվեցի
100 գրամ սեւ սալորի օղուց...
(Է՜ս ինչ մեղք էր, որ գործեցի...)

30.
Չտխրես հանկարծ իմ բացիկներից.
Մի օր առանց բառերի եմ քեզ գրկելու։
Եվ դու թափանցիկ հիացմունքի մեջ
Հրճվելու ես անհունորեն որպես երգ։ 

Գագիկ ՍԱՐՈՅԱՆ
«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ