Շենքերի վրա սկզբից մինչև վերջ. հեքիաթներ և աղբին վերաբերող լուծումներ 

Շենքերի վրա սկզբից մինչև վերջ. հեքիաթներ և աղբին վերաբերող լուծումներ 

Երևանը երևանցիների առաջարկներով բարեկարգելու համար ստեղծման հարթակի փակմանը մնացել է 58 օր և այս ընթացքում ստացվել է 68 առաջարկ, գրանցվել 896 ակտիվ քաղաքացի։

Առաջարկների առյուծի բաժինն ընկնում է աղբին, աղբահանմանը։  Վ․Հայրապետյան անուն- ազգանունով մի քաղաքացի առաջարկել է  Արշակունյաց պողոտայից դեպի «Կինո Հայրենիք» ամեն մի շենքի վրա «սկզբից մինչև վերջ» մի-մի հեքիաթ պատկերել։ Ակնկալվող արդյունքը՝ «բակերում վառ և դրական մթնոլորտի ստեղծում», երեխաների համար՝ հեքիաթային աշխարհի ստեղծում, և «ամենակարևորը»՝ սելֆիի համար նոր տեղեր։ Սա, ըստ առաջարկի հեղինակի, անշուք բակերի  մռայլ մթնոլորտը կցրի։ Եվ այս առաջարկը ամենաշատ հավանումներ ստացածներից է։

Բնապահպանական առաջարկների թվում ծառատունկերի կազմակերպումն է, ծաղիկների այգու ստեղծումը, քաղաքացիների անհատական որոշումների շնորհիվ տարբեր գույնի և ոճի պատուհանները և պատշգամբների գեղեցկացումը կազմակերպել ծաղկազարդ պատուհանների ու  պատշգամբների միջոցով։ Ինչի համար հայտարարել մրցույթ՝ «Երևանի գեղեցիկ պատուհան» կամ «Երևանի գեղեցիկ պատշգամբ» և հաղթողներին նվիրել անվճար տոմս «Երևան քաղաքի պատմության թանգարան» կամ այլ թանագարանի տոմս։ Կա առաջարկ շենքերի ճակատային երեսները ծածկել թափվող բույսերով։

Առաջարկներ ցայտաղբյուրների հետ կապված՝ կարգավորվող ցայտաղբյուրներ կամ ցայտաղբյուրների ջրի խնայողություն։

Շատ են առաջարկները տարբեր «խելացի բաների» հետ կապված՝ խելացի նստարաններ, խելացի ավտոկայանատեղիներ, հետիոտնային խելացի սմարթ լուսավորման համակարգ, խելացի աղբամաններ և այսպես շարունակ։

Կրթական առաջարկներ․ ստեղծել մեդիա գրադարաններ, որոնք կծառայեն մարդկանց գիրք կարդալու հին ավանդույթին վերադառնալուն և ընթերցանության մշակույթի վերականգնմանն ու տարածմանը ։Դրանք, ըստ հեղինակի, պետք է լինեն հանրային տրանսպորտի և մետրոպոլիտենի կանգառներում, մետրոյի վագոնների ներսում, ինչպես նաև այգիներում: Լինելու են վահանակներ, որոնց վրա ներկայացված են լինելու գեղարվեստական գրականություն, ինչպես նաև տեղեկատվություն, որը հասանելի է լինելու QR կոդի սքանավորման միջոցով, տարածքում լինելու է նաև բջջային հեռախոսների և պլանշետների մարտկոցների լիցքավորման հնարավորություն և անվճար WI-FI Zone: Սքանավորելով QR կոդը՝ քաղաքացին իր բջջայինի մեջ կներբեռնի գրքի էլեկտրոնային PDF տարբերակը: Կից լուսանկարը վահանակների վրա տեղադրվող պաստառի օրինակն է: ։

Հիշեցնենք, որ հարթակի պայմաններով յուրաքանչյուր առաջարկի իրականացման բյուջեն չպետք է գերազանցի 30 000 000 (երեսուն միլիոն) ՀՀ դրամը, լինի իրագործելի, հանրօգուտ շահ ,ոչ թե անձնական նպատակներ հետապնդող։