Ուռուցքաբանությունը «անվճար» է, բայց հիվանդը 8000 դոլար պետք է վճարի քիմիաթերապիայի համար

Ուռուցքաբանությունը «անվճար» է, բայց հիվանդը 8000 դոլար պետք է վճարի քիմիաթերապիայի համար

Hraparak.am –ի հարցազրույցը «Հայկական Առողջապահական Ազգային Խորհուրդ» ՔՀԿ –ի նախագահ Գևորգ Գրիգորյանի հետ 

-Պարոն Գրիգորյան, անգամ հեղափոխությունից առաջ ԱՆ պաշտոնյաներն ընդունում էին, որ արյան, մեզի, լաբորատոր հետազոտությունները կարող են տարբերվել։ Անգամ  փորձարկումներ էին արվում նույն մարդու անալիզի ու տարբեր պատասխանների հետ։ Ի՞նչ կարող եք ասել։ 

-  Այս խնդիրը քննարկելու համար, նախ պետք է նշենք, որ ոչ բոլոր լաբորատոր ցուցանիշներն են մեկնաբանվում միայն թվային արժեքով և պետք է հասկանալ, թե ինչ չափման միավորով է այդ թվային արժեքը տրված: Հայաստանի տարբեր լաբորատորիաները քննության արդյունքները կարող են տրվել տարբեր չափման միավորներով, ինչը մոլորության մեջ է գցում բուժառուին: Մեր երկրի առողջապահական խնդիրների գերակշռող մեծամասնության պատճառը չափորոշիչների բացակայությունն է: Բացառություն չէ նաև այս խնդիրը: Առաջին հերթին անհրաժեշտ է ներդնել լաբորատոր քննությունների արդյունքների ունիֆիկացված չափման միավորներ, այլ ոչ թե յուրաքանչյուր լաբորատորիայում տեղադրված սարքին հարմարվել: Երկրորդ խնդիրը լաբորատոր սարքերի պարբերաբար ստուգումն է (խոսակցական ռուսերենում ասում են՝ калибровка), որը պետք է իրականացվի յուրաքանչյուր եռամսյակը մեկ և բնականաբար, այդ ժամանակ լաբորատոր սարքը մեկ կամ երկու օր չի աշխատում: Ոչ բոլոր լաբորատորիաներն են իրականացնում այդ գործընթացը, քանի որ չեն ուզում կորցնել գումար աշխատելու հնարավորությունը և արդյունքում՝ սարքը սկսում է արձանագրել սխալ արդյունքներ: Պոլիկլինիկաներում այդ հարցը ավելի սուր է դրված, քանի որ առկա է լաբորատոր սարքի ստուգման գործընթացի ֆինանսավորման, բուժառուների դժգոհության և բողոքների խնդիր:

-Պոլիկլինիկաներում հետազոտության արդյունքները, հետևաբար, դատելով Ձեր պատասխանից կարելի՞ է ասել, որ մոտավոր են։ Ոչ միայն այդ պատճառով։

-Չեմ կարող պնդել նման բան, բայց լաբորատոր սարքերի ստուգման գործընթացի խնդիրն առկա է: Պոլիկլինիկաներում առկա է նաև պետության կողմից տրամադրվող լաբորատոր քննությունների համար նախատեսված գումարի խնդիր: Պետությունը չի կարողանում հաշվարկել և վճարել հետազոտությունների իրական ինքնարժեքը, սակայն բոցաշունչ հայտարարում է, որ «հետազոտությունները անվճար են»՝ թողնելով պատասխանատվությունը բժիշկների վրա… բնական է, որ ցանկացած շեղման դեպքում «մեղավորը» բուժաշխատողն է, իսկ պետությունը միշտ «անմեղ է», քանի որ «վճարում է» հետազոտության համար… Բնակչության զգալի մասը ուղղակի չի ուզում կամ չի կարողանում հասկանալ, որ բժիշկը չէ մեղավոր նման դեպքերում…

- Ինչո՞ւ պետությունը չի ապահովում այդ ստանդարտները։ 

-Ստանդարտների ապահովումը իր հետևից բերելու է համապատասխան ծախսեր, որոնք պետությունը չի կարող հոգալ, ուստի հարմար է պատասխանատվությունը թողնել բուժաշխատողի վրա և դրանով փակել պետության թերացումները: Եթե ստանդարտները ապահովվեն, ապա գումար չի մնա պոպուլիստական որոշումների իրականացման համար։

- Որքանո՞վ են գերթանկարժեք, օրինակ, ՄՌՏ և այլն հետազոտությունների արդյունքները հասանելի աղքատության նիշից ներքև գտնվող մարդկանց համար և ինչպե՞ս են նրանք հետազոտվում նման դեպքերում։ Օրինակ՝ 42 հազար թոշակ ստացող թոշակառուն ինչպե՞ս է 60 հազար դրամանոց ՄՌՏ անում։ 

-Մեր երկրում հետազոտությունները և բուժօգնությունը չափազանց մատչելի է  այլ երկրների հետ համեմատած։ Բացառություն չէ նաև ՄՌՇ-ն (մագնիսառեզոնանսային շերտագրում): ՄՌՇ սարքերը թանկ են և այն բուժհիմնարկները, որոնք ձեռք են բերում դա՝  պետք է ունենան դրամական շահույթ: Այլապես բուժհիմնարկների ղեկավարների մոտ կկորի հետաքրքրությունը նոր սարքավորումների և նոր տեխնոլոգիաների ներդրման նկատմամբ և մեր երկրում բժշկությունը և առողջապահությունը չի զարգանա: Այս հարցի պատասխանը պետք է տա պետությունը, այլ ոչ թե ես, քանի որ բժիշկները մեղավոր չեն, որ բնակչության թոշակները ցածր են: Թոշակների բարձրացումը պետության խնդիր է և հասանելի առողջապահությունը ևս… Սա ավելի շատ սոցիալական խնդիր է, քան առողջապահական: 

-Ձեր կոալիցիայի մասնակցությամբ առողջապահական թեմայով քննարկմանը ներկաներից մեկը հայտարարեց, որ պետությունը վարում է ինքնարժեքային քաղաքականություն, որը, սակայն, 5 տարի հետո «կրախի» առաջ է կանգնեցնելու, քանի որ զարգացում՝ վերապատրաստումներ և այլն, չի նախատեսում, Համամի՞տ եք։ Եթե այո, ապա ինչ վատ բան կա նրանում, որ այդ միջոցներն ուղղվում են կոնկրետ խմբերի ու խնդիրների։

-5 տարին լավատեսական կանխատեսում է… ես կարծում եմ, որ այս պոպուլիզմը անհամեմատ շուտ է վերջանալու: 
Խնդիրը բազմակոմպոնենտ է, որոնցից առաջինն այն է, որ բուժման ինքնարժեքը փոփոխական մեծություն է և կախված է տարադրամի փոխանակման կուրսից, բուժման նոր մեթոդների ներդրումից, դեղորայքի արժեքից, սարքավորումների և սարքավորումների ծախսանյութերի արժեքից, բժիշկների գիտելիքային պաշարի թարմացումից և այլ բազմաթիվ գործոններից: Այս տարի հաշվարկած ինքնարժեքը հաջորդ տարի կարող է նույնը չլինել և այդ պարագայում մենք արդեն կունենանք խնդիր: Խնդրի հաջորդ կոմպոնենտը այն է, որ առողջապահական բյուջեի ձևավորումը կախված է երկրի տնտեսական աճից: Եթե չլինի այդ աճը, չի լինի նաև մեծ գումար առողջապահության համար: Այս տարի առկա էր առողջապահության բյուջեի ավելացում, սակայն հաջորդ տարի կարող է դա չլինել: Մեր երկիրը այժմ անցնում է ծանր փորձության միջով և այդ փորձությունը կարող է շատ անկանխատեսելի հետևանքներ թողնել: Ուստի, այսօր ծախսված գումարը պետք է ուղղված լինի ոչ միայն այսօրվա խնդրի լուծմանը, այլ առողջապահական համակարգի զարգացմանը: Ես հասկանում եմ, որ «անվճար» բուժօգնություն տրամադրելը գայթակղիչ է ցանկացած պետական գործչի համար, բայց առանց համակարգի արմատական փոփոխության այս «անվճարը» երկար չի տևի: Մենք արդեն տեսնում ենք ծրագրերի տապալում՝ հայտարարվեց, որ գլխուղեղի կաթվածի բուժումը «անվճար» է, սակայն շատ շուտ պարզվեց, որ գլխուղեղի կաթվածի միայն մի ձևի բուժումն է պետության հոգածության ներքո՝ այն էլ 200 բուժառուի համար… հայտարարվեց, որ ուռուցքաբանությունը «անվճար» է, սակայն պարզվեց, որ քաղցկեղի միայն վիրահատական բուժումն է (ամենամատչելի մասը) պետության հոգածության ներքո, իսկ հետագա քիմիաթերապիան և իմունաթերապիան բուժառուի միջոցներով են իրականացվում և դա կազմում է 7000-8000 դոլար․․. հայտարարվեց, որ 0-18 տարեկանների համար բուժօգնությունը անվճար է, բայց այժմ պարզվում է, որ ոչ բոլոր դեպքերում է դա այդպես և այլն…
Այսօր ականջահաճո հայտարարություններ անելու և ինչ-որ անձանց սեփական վարկանիշի համար մենք գնում ենք ոլորտը կոլապսի հասցնելու ռիսկին: