Մենք խոցելի ենք, բայց արդյո՞ք չենք կարող պաշտպանվել․ ռազմական փորձագետները հերքում են Նիկոլին

Մենք խոցելի ենք, բայց արդյո՞ք չենք կարող պաշտպանվել․ ռազմական փորձագետները հերքում են Նիկոլին

Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսի ժամանակ քիչ անդրադարձավ բանակի բարեփոխումներին։ Թվում էր՝ դա վարչապետին ուղղված առաջին հարցը պետք է լիներ, քանի որ ՀՀ գրեթե բոլոր քաղաքացիները 44-օրյա պատերազմից հետո գոնե օրը մի անգամ մտածում են ապագա պատերազմի եւ թուրքից պաշտպանված լինելու մեր շանսերի մասին։ 
Վարչապետին երկու հարց ուղղվեց, ու դատելով այն մի քանի ֆրազից, որոնք արտաբերեց վերջինս՝ բանակի վիճակի շուրջ լրագրողների հետ վերջին հանդիպման ժամանակ, կարելի է ասել՝ պաշտպանված լինելու մեր շանսերը մեծ չեն։ Փաշինյանին խնդրեցին մեկնաբանել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանը 2018 թվականից ի վեր ռազմատեխնիկական օգնություն չի ստացել, եւ բանակի անձնակազմի ու զինամթերքի միայն 50 տոկոսն է ներգրավված եղել 2020 թվականի ռազմական գործողություններում։ Փաշինյանը սա կատարյալ սուտ անվանեց՝ նշելով, որ Հայաստանը «2018-2020 թվականը ձեռք է բերել ավելի շատ զինամթերք, քան նախկին 10 տարիներին՝ բոլորն իրար հետ վերցրած»։ Ճիշտ է, նշեց նաեւ, որ  ՍՈւ-30-ները թեեւ արդեն ձեռք էին բերվել, բայց  չեն օգտագործվել, «որովհետեւ դրանք ձեռք բերված են եղել ոչ վաղ անցյալում եւ պատրաստ չեն եղել օգտագործելու»։ Մենք գիտենք, որ հրթիռները գնված չեն եղել։ Սահմանների պաշտպանվածության մասին վարչապետի պնդումներն էլ ավելի հոռետեսական ու նույնիսկ վտանգավոր էին։ «Հայաստանում անխոցելի տարածք չկա, եթե մենք չունենք հակահրթիռային ու հակաօդային պաշտպանության հուսալի համակարգ»,- ասաց նա եւ խորհուրդ տվեց հարցնել Սերժ Սարգսյանին, թե ինչ հակաօդային պաշտպանության համակարգեր ենք ունեցել մինչեւ 2018 թվականը։ Այս պնդումների շուրջ խոսեցինք ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանի հետ։ 

«Թե՛ Փաշինյանի, թե՛ Սերժ Սարգսյանի այդ հայտարարությունները պարզապես քաղաքական հայտարարություններ են,- ասաց նա,- երկուսն էլ չեն կարող ապացույցներ բերել, որովհետեւ դա ռազմական գաղտնիք է։ Այդ դեպքում, եթե ձեռք էինք բերել այդքան շատ զենք-զինամթերք,  ապա ինչո՞ւ պարտվեցինք․ այդ հարցի պատասխանն էլ վարչապետը տվեց՝ ասելով, որ ՍՈւ-30-ները չօգտագործեցինք, քանի որ նոր էինք ձեռք բերել։ Սա զենք-զինամթերք էր, որը մեր արսենալում նոր էր, փորձարկված չէր, դրանց սպասարկող անձնակազմը, հրթիռները, զինամթերքը կա՛մ չկային, կա՛մ քիչ կային, եւ եթե նույնիսկ մենք ձեռք ենք բերել ավելի շատ, միեւնույն է, դրանք չեն օգտագործվել»,- մեկնաբանում է Հովհաննիսյանը։ 

- Տեսանելի՞ են արդյոք,  առհասարակ՝ բանակում կա՞ն բարեփոխումներ։                     

- Իրականում բարեփոխում, որպես էդպիսին, կա։ Ավելի առարկայական խոսել չեմ կարող, քանի որ դա տեղավորվում է գաղտնիության սկզբունքի մեջ, բայց ես, որպես փորձագետ, շատ դժգոհ եմ տեմպերից։ Եթե մենք էսքան մեծ տեմպով ասֆալտ ենք անում, ապա ինչո՞ւ այդ նույն տեմպով չենք զբաղվում դիրքերի կահավորմամբ։ Արվում է, որակով է արվում, բարձր չափանիշներ են դրված, բայց տեմպերն ու մասշտաբները շատ թույլ են։ Մինչդեռ մենք ունենք արագացնելու հնարավորություն։ Կարող ենք, օրինակ, ասֆալտի բյուջեն տանել հենց այնտեղ։ 

- Փաշինյանն ասում է, որ Հայաստանի ողջ տարածքը խոցելի է։ Մենք այսօր կարո՞ղ ենք պաշտպանվել։ 

- Չկա ոչ մի կետ, որն անխոցելի է։ Դա գաղտնիք չէ։ Հարցն այլ տեղ է՝ արդյոք մենք կարո՞ղ ենք պաշտպանվել։ Այո, եթե մենք նախկինում պաշտպանված չլինեինք, ապա այդ ԱԹՍ-ները ե՛ւ Երեւան կհասնեին, ե՛ւ Աբովյան, ե՛ւ ամենուր կլինեին։ Այսինքն՝ մեր հակաօդային պաշտպանությունը գործել է ու շատ լավ։ Այլ հարց է, թե ինչպես է եղել, որ թշնամին հայտնաբերել է այդ համակարգերն ու խոցել։ Սա մարտավարության հարց է արդեն։ Մենք հիմա խնդիր ունենք օդը փակելու։ Մեր օդը պետք է պաշտպանված լինի ոչ միայն ռազմական ագրեսիայի ժամանակ, այլ նաեւ տարբեր տեսադիտարկման համակարգերից, որպեսզի Թուրքիան, Ադրբեջանը, Իրանի Իսլամական Հանրապետությունը՝ ամեն մեկն իր կողմից, Վրաստան, դե՝ Ռուսաստանն անընդհատ մեր այս փոքրիկ տարածքում հետախուզական աշխատանքներ չիրականացնեն։ Իսկ պատերազմի ժամանակ, այո, մենք կարող ենք օդը փակել, ընդհուպ՝ ծխի միջոցով։ Բայց մինչեւ դրան հասնելը պետք է օդը փակ պահենք։ 

Ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ինքը խոստովանեց, որ առաջնագիծը կահավորված չէ, պատճառը ֆինանսական չէ, այլ կազմակերպչական է, «ինժեներական» է։ Բայց մնաց հարցը՝ անցած 3 տարում ի՞նչ է արվել սահմանների կահավորման համար։ Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը կարծում է, որ զինվորական ինժեներներ են պետք, իհարկե, բայց սահմանի կահավորումն անլուծելի խնդիր չէ։ 

«Հունվարին, երբ 15 զինծառայողներ այրվեցին, ես ասացի, որ սա սպասելի էր, որովհետեւ կան համակարգային խնդիրներ, որոնք չեն լուծվում։ Տարբեր երկրներում՝ շատ ավելի բարդ ու ծանր ինժեներական պայմաններում, քան մերն էին 2020 թվականի պատերազմից հետո, դրանք լուծվել են։ Նույն՝ Ուկրաինայում։ Արեւմուտքը չի օգնում ուկրաինացիներին՝ խրամատ փորել, իրենք են անում։ Ավելին՝ Հայաստանում մասնավոր անձինք իրենց նախաձեռնությամբ այդ նույն հարցերը տեղերում կարողանում են լուծել։ Մարդիկ իրենց անձնական միջոցներով ավազ են գնում, բետոն, գերաններ, ամրաններ ու էդ խնդիրները լուծում են։ Եթե Փաշինյանը չի կարողանում լուծել խրամատների, զինանոցների եւ այլ նման հարցերը, ի՞նչ գործ ունի վարչապետի աթոռին։ Թող նրա տեղը գա մի գյուղի գյուղապետ, որը նման հարցեր միշտ լուծել է, կարողացել է լուծել։ Զինվորականը կարող է ամիսներով խրամատներում ապրել, բայց եթե մարդկանց ամիսներով պահում ես զորամասերից հեռու, այդ տնակներում, դա արդեն բանակ չէ»։