Միավորումը կնշանակի ոչնչացնել ակադեմիական հաստատությունները

Միավորումը կնշանակի ոչնչացնել ակադեմիական հաստատությունները

Օրեր առաջ գործադիրը հավանության արժանացրեց «Հայաստանի Հանրապետության կրթության մինչեւ 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը:

Արմատական բարեփոխումները կրթության ոլորտում մեկնարկելու են բուհերի միավորմամբ եւ ավարտվելու են ակադեմիական քաղաքի ստեղծմամբ, որը դեռ մեկ տարի առաջ շրջանառել էր Նիկոլ Փաշինյանը։ «Արմատական բարեփոխումների մեջ պետք է առանձնացնել նաեւ, ըստ ուղղությունների, պետական բուհերի խոշորացումը, գիտահետազոտական ինստիտուտների հետ միավորումը, հետազոտությունների որակի եւ մրցունակության բարձրացման, ինչպես նաեւ արդյունավետ սերնդափոխության նպատակով բուհերի խոշորացման ծրագրի շրջանակներում բուհերի կառավարման համակարգի վերանայումը: Կստեղծվեն 100 տոկոս պետական ֆինանսավորմամբ 5-8 բուհ` չբացառելով վճարովի ուսուցման հնարավորությունը»,- կառավարության նիստում զեկուցել էր ԿԳՄՍ փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը։

ԳԱԱ լեզվի ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իրենց որեւէ բան չի ասվել ինստիտուտների միավորման մասին, թեպետ դրա մասին անընդհատ խոսվում է. «Կոնկրետ ակադեմիայում նման խոսակցություն չկա, որ ինստիտուտները պետք է միավորվեն կամ հնարավոր է` վերամիավորվեն»: 

Նկատեցինք, որ այս պարագայում արդեն խոսակցություններ չեն, այլ թղթի վրա հստակ ձեւակերպված նպատակ, որը կառավարության նիստում ԿԳՄՍ փոխնախարարը զեկուցել է: Թե ինչքանով է իրատեսական կառավարության կողմից նախանշված այս նպատակը, Վ. Կատվալյանը նշեց, որ ամիսներ առաջ շրջանառության մեջ դրված «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի նախագիծը գիտության եւ կրթության միավորման խնդիրը հենց օրենքով առաջ քաշեց, ինչն իրենք խստորեն քննադատել են, «որովհետեւ, ըստ այդ նախագծի, գիտությունը սպասավորի դերում էր կրթության նկատմամբ, մինչդեռ գիտությունը շատ ավելի լայն գործառույթներ ունի եւ վերաբերում է տվյալ հանրության ամբողջ կյանքին եւ ոչ թե կրթական համակարգին: Այլ խնդիր է, որ կրթական համակարգը պետք է դրվի գիտության հենքի վրա: Եվ կրթության ու գիտության ինտեգրում ասելով էլ բոլորովին չպետք է հասկանալ կրթական, գիտական հաստատությունների միավորումը ու դա էլ՝ այն ձեւով, որ գիտությունը պետք է ընդամենը դառնա կրթության սպասավորը։ Սա էական վնաս կհասցնի մեր գիտությանը: Այսօր էլ մենք տեսնում ենք, որ ակադեմիական կրթությունը բոլորովին այլ որակ ունի, քան բուհական գիտությունը, եւ կարծում եմ` կոպիտ սխալ կլինի միավորել գիտությունն ու կրթությունը, գիտահետազոտական ինստիտուտն ու բուհը մեկ երեւույթի մեջ: Իհարկե, բուհերում կարող են լինել գիտահետազոտական բաժիններ, բաժանմունքներ, դրանք կան ու լավ էլ գործում են, բայց ակադեմիան տանել խցկել բուհական համակարգ` սխալ եմ համարում»:

Վ. Կատվալյանը ճիշտ չի համարում ինստիտուտների միավորման ճանապարհով գիտության տարբեր ոլորտների միավորումը, «որովհետեւ քանի գնում է, աշխարհում գիտությունն ավելի մանրամասների մեջ է խորանում, եւ նոր ճյուղեր են առաջանում, իսկ մենք եթե միավորում ենք ինստիտուտները, ապա պետք է գնանք հակառակ ուղղությամբ: Այսինքն՝ տարբեր գիտություններ միավորելով մեկ ինստիտուտի շրջանակներում, մենք բոլորովին չենք նպաստի գիտության առանձին ճյուղերի զարգացմանը»: 

Լեզվի ինստիտուտի տնօրենը նկատում է, որ հաճախ են խոսում նաեւ լեզվի եւ գրականության ինստիտուտների միավորման մասին, մինչդեռ լեզվաբանությունը եւ գրականագիտությունը բացարձակապես տարբեր գիտություններ ու գիտաճյուղեր են: «Ի՞նչ պետք է անեն նրանք` իրար միավորվելով, իբրեւ ի՞նչ: Լեզուն ընդհանրապես մարդկային գործունեության բոլոր ոլորտներում կա եւ տարբեր հայեցակետերով ուսումնասիրվում է, կան զանազան գիտաճյուղեր, եւ լեզուն բերել միավորել գրականության հետ, իբրեւ թե լեզուն գրականության մեջ է` սխալ է, որովհետեւ լեզուն միայն գրականության մեջ չէ, այլեւ կյանքի բոլոր ոլորտներում, եւ լեզվաբանության ուսումնասիրումն ամենեւին գրականության առաջնահերթ խնդիրը չէ: Ու եթե հիմա լեզվի ու գրականության ինստիտուտները փորձեն միավորել, դրանից մեծապես կտուժի թե՛ լեզվաբանությունը, թե՛ գրականագիտությունը: Հետո ասեմ նաեւ, որ, օրինակ, Ռուսաստանում մի քանի լեզվի ինստիտուտ կա, Ֆրանսիայում առանձին բարբառագիտության ինստիտուտ կա, որովհետեւ քանի գնում է` լեզվական խնդիրներն ավելի մանրամասնվում ու մանրամասն են ուսումնասիրվում, որովհետեւ ուսումնասիրել լեզու՝ նշանակում է ուսումնասիրել հասարակության կյանքն ընդհանրապես: Դրա համար լեզվի ինստիտուտը մեկ այլ ինստիտուտի կազմում միավորելը կամ ընդգրկելը կոպիտ սխալ կլինի, եւ եթե հանկարծ այդպիսի մի քայլ արվի, այդ միավորումը կնշանակի ոչնչացնել ակադեմիական հաստատությունները»:                     

ԳԱԱ ակադեմիկոս քարտուղար Արթուր Իշխանյանից հետաքրքրվեցինք` քանի որ նպատակն արդեն թղթի վրա ձեւակերպված է, տեղյա՞կ են, թե ինչպես է այդ ամենն իրականացվելու, ի՞նչ մեխանիզմներով։ «Մենք տեղյակ չենք, թե ինչ է լինելու,- ասաց Իշխանյանը, ապա հավելեց,- «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքը, որը գտնվում է քննարկման փուլում, դրանով է կարգավորվելու ակադեմիայի հարցը: Այնտեղ կա առանձին գլուխ, մեր առաջարկներն էլ այս պահին ներառված են այդ նախագծում, բայց այդ նախագիծը դեռ քննարկման փուլում է, դրա համար դեռ ոչինչ ասել չենք կարող»: Իսկ այդ քննարկման օրակարգում ներառվա՞ծ է ակադեմիական ինստիտուտների միավորման հարցը, որը վերջին տարիներին պարբերաբար առաջ է քաշվում։ «Տեղյակ չեմ, հետո՝ դուք ո՞նց եք դա պատկերացնում..., ես դա որեւէ կերպ չեմ պատկերացնում՝ առանց գիտության մասին օրենքի ընդունման, իսկ քանի դեռ այդ օրենքը չկա, գործում է նախորդ օրենքը, որտեղ չկա նման բան, նոր օրենքն էլ ընդունված չէ, որ հնարավոր լինի ինչ-որ բան ասել: Ուստի իմաստ չեմ գտնում դրանք քննարկել, քանի դեռ չկա որեւէ փաստաթուղթ կամ իրավական հիմք»: