«Անկախության շարժում». վերադարձ դեպի ակունքներ

«Անկախության շարժում». վերադարձ դեպի ակունքներ

Երբ կորսվում են կողմնորոշիչները, երբ անհասկանալի վտանգավոր զարգացումներ են տեղի ունենում սեփական երկրում եւ նրա շուրջ, երբ թվում է, թե այլեւս անհնար է առաջ շարժվել, անհրաժեշտություն է առաջանում դեպի ակունքներ վերադառնալ: 

Հայ ժողովրդի սկզբնավորումից մինչեւ մեր ժամանակները տեղի են ունեցել բազում իրադարձություններ, ինչպես ողբերգական ու կորուստներով լի, այնպես էլ ուրախալի եւ ձեռքբերումներով: Այս ամենը բյուրեղացված է 1990 թվականի օգոստոսի 23-ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանում ընդունված Հայաստանի անկախության մասին հռչակագրում` Անկախության հռչակագրում: 

Այն ժամանակ դեռ չէր ձեւավորվել խոշոր սեփականատերերի դասակարգը՝ ի հաշիվ 70 տարիների ընթացքում մի քանի սերունդների ստեղծած ազգային հարստության թալանի: Հետագայում այդ վաստակաշատ սերնդին յուրացված հսկայական հարստության դիմաց կվճարեն նվաստացուցիչ կենսաթոշակներ ու վաուչերներ: Թող անցած լինի, թող զխկտվեն… Եթե պատերազմող երկիր չլինեինք, գուցե դա արդարացված լիներ, շուկայական տնտեսության էինք անցնում, եւ արդարաբար բաժանել գուցե հնարավոր չէր:

Մի ազնվագույն անձնավորություն, Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը հանճարեղ գաղափար է հղացել: Ըստ նրա, ներկա իշխանությունները շեղվել են Հայաստանի Հանրապետության հիմնադիր փաստաթղթից՝ Անկախության հռչակագրից, եւ հռչակագրի դրույթներին հակասող գործողություններ են անում՝ Արցախի ինքնորոշումից, Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացից են հրաժարվում, հետեւաբար, այդ փաստաթուղթն ընդունած առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավորները՝ ՀՀ հիմնադիր հայրերը, պետք է ոտքի ելնեն եւ պայքար սկսեն: 

Թանկագին Էդգար, իմ կրտսեր գործընկեր, ամերիկացիների հետ աշխատելիս, Արմենթելում, մի կարեւոր բան եմ սովորել. աշխատել գրավոր: Թվում է նպատակահարմար, որպեսզի գրություններ հղեք հետեւյալ հաստատություններին՝ առ այն, թե, արդյոք, ներկա իշխանությունները շեղվե՞լ են Անկախության հռչակագրից.
ՀՀ նախագահ
ՀՀ Սահմանադրական դատարան
ՀՀ գլխավոր դատախազություն
ՀՀ ԱԱԾ

Հնարավոր է, որ դուք, մենք իրազեկված չենք, եւ ամեն ինչ ընթանում է ազգային շահերին համահունչ: Թող այս հաստատությունները տան կարճ պատասխան. ՀՀ ներկա իշխանությունները գործում են Անկախության հռչակագրի հանգո՞ւյն:

ՀԳ. Դժվար է պատկերացնել, թե ինչ կլիներ ԱՄՆ-ի հետ, եւ, արդյոք, կլինե՞ր ԱՄՆ-ն, եթե ԱՄՆ գործող յուրաքանչյուր իշխանություն շեղվեր 1776 թվականին ընդունված Անկախության հռչակագրի դրույթներից:
Հետասյու բոլոր քաղաքական ուժերն իրենց գործողությունները պետք է համապատասխանեցնեն ՀՀ Անկախության հռչակագրի դրույթներին: Այդ շրջանակից դուրս կուսակցությունների եւ ՀԿ-ների գործունեությունը պետք է դադարեցվի ՀՀ տարածքում:
Հաջող երթ՝ Անկախության շարժմանը:

Գագիկ Վարդանյան