«Հրապարակ». Քովիդի գործը դեռ շատ ջուր կվերցնի

«Հրապարակ». Քովիդի գործը դեռ շատ ջուր կվերցնի

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով, որը վերաբերում է քովիդի դեմ պայքարի համար հատկացված պետական միջոցների ենթադրյալ մսխմանը, երեկ 11 անձ ձերբակալվեց։ Նախ տեղեկացանք, որ խուզարկություն են իրականացրել Երեւանի փոխքաղաքապետ Գեւորգ Սիմոնյանի աշխատասենյակում։ Ապա նրան ձերբակալել են։ Բերման էր ենթարկվել եւս երկու կին՝ «Թոքաբանության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի վարակի հսկողության բաժնի ղեկավար Նաիրա Միքայելյանը եւ առողջապահության նախարարության թոքաբանության եւ տուբերկուլյոզի գծով խորհրդական Լուսինե Եղիազարյանը։ Ընդ որում, մեկին՝ աշխատավայրից, մյուսին՝ տնից։ Ավելի ուշ Նաիրա Միքայելյանին բաց էին թողել, իսկ Լուսինե Եղիազարյանին՝ պահել։ Միքայելյանը, մեր տեղեկություններով, մտերիմ է առողջապահության նախարարի հետ։

Մենք պարզեցինք, որ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող այս գործը բավականին ընդգրկուն է՝ քննչական մեծ խումբ է աշխատում։ Մեղադրանքի հիմնական բովանդակությունն առնչվում է հիվանդանոցներում հիվանդների պահման պայմաններին, մասնավորապես՝ սովորական հիվանդասենյակներում բուժվող հիվանդների տվյալները ներկայացվել են որպես վերակենդանացման բաժանմունքում բուժվողների եւ արդյունքում ավելի մեծ գումարներ են հատկացվել, քան պահանջվում էր։ Մեզ ասացին, որ կա նաեւ երկրորդ ուղղություն, որն առնչվում է դեղամիջոցների ձեռքբերմանը։ Ըստ քննիչների՝ դեղամիջոցներից մեկը ձեռք է բերվել ինքնարժեքից մոտ 8 անգամ թանկ գնով։ Չարաշահումների կասկածները վերաբերում են հիմնականում «Մեդլայն» կլինիկային եւ Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցին, ինֆեկցիոնի երկու նախկին տնօրեններին։ Ինչ վերաբերում է փոխքաղաքապետ Գեւորգ Սիմոնյանին, նրա մեղադրանքը կապված է «Մեդլայնի» հետ, որտեղ, ըստ նախաքննության, հիմնական չարաշահումներն են կատարվել, եւ որի տնօրենը նույնպես ձերբակալված է։ Սակայն ուշագրավ է, որ խախտումների մասին վկայող ապացույցները վերաբերում են «Մեդլայնի» ներքին գործընթացներին։ Այսինքն՝ շղթան կտրվում է՝ հասնելով տնօրենին։ Ոչ մի ապացույց կամ փաստաթուղթ չի վկայում այն մասին, որ առողջապահության փոխնախարարը կապ է ունեցել այդ ամենի հետ։ Միակ կապն այն է, որ «Մեդլայնի» սեփականատերը Գեւորգ Սիմոնյանի քավորն է։ Երեկոյան արդեն Հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդագրություն տարածեց, ըստ որի՝ Գեւորգ Սիմոնյանը չարաշահել է պաշտոնեական լիազորությունները` համագործակցելով իր քավորի` «Մեդլայն» կլինիկայի տնօրենի հետ․

«Առողջապահության նախարարի հրամանի համաձայն՝ նախարարի տեղակալ Գ. Սիմոնյանին հանձնարարվել է իրականացնել կորոնավիրուսային հիվանդության համար անհրաժեշտ բժշկական օգնության եւ սպասարկման ծառայությունների, ներառյալ՝ ֆինանսավորման համակարգումը, իսկ ՀՀ ԱՆ թոքաբանության եւ տուբերկուլյոզի գծով խորհրդատու, ՀՀ ԱՆ «Թոքաբանության ազգային կենտրոն» ՓԲ ընկերության դեղակայուն բաժանմունքի վարիչ Լ. Ե.-ն նշանակվել է COVID 19 հիվանդությամբ հաստատված պացիենտների տեսակավորման եւ հիվանդանոցային պայմաններում բուժում ստացող եւ դուրսգրման ենթակա պացիենտների տրիաժի պատասխանատու։

Քրեական վարույթով կատարված նախաքննությամբ պարզվել է, որ վերը նշված ծրագրի շրջանակում «Մեդլայն Կլինիկ» ՍՊ ընկերության հիմնադիր տնօրեն Բ. Շ.-ն կազմակերպել է նույն ընկերության բժիշկների կողմից պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող հիվանդության պատմություններում ակնհայտ կեղծ տեղեկություններ ներառելը եւ իրացնելը, ինչպես նաեւ նույն անձանց հետ նախնական համաձայնությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերի գումար։ Մասնավորապես՝ բժիշկներից առնվազն 8-ը սոմատիկ բաժանմունքում 2020թ. հուլիսից 2021թ. դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում ստացիոնար բուժում ստացած 385 պացիենտի հիվանդության պատմագրերում կեղծ տեղեկություններ են ներառել, թե իբր նրանք բուժում են ստացել վերակենդանացման բաժանմունքում, որի վերաբերյալ այնուհետեւ կեղծ հաշվետվություններ են ներկայացրել առողջապահության նախարարություն։ Ներկայացված կեղծ հաշվետվությունների հիման վրա «ՀՀ-ում նոր կորոնավիրուսային վարակի (Covid-19) կանխարգելման, վերահսկման, բուժման այլ համալիր միջոցառումների» ծրագրի ֆինանսական միջոցներից «Մեդլայն Կլինիկ» ՍՊԸ-ին անհիմն, փաստացի չմատուցված ծառայությունների դիմաց փոխանցվել է առանձնապես խոշոր չափերի՝ 119 մլն 5 հազար դրամ: Առողջապահության նախարարի տեղակալ Գ. Սիմոնյանը, նախարարի հրամանով պատասխանատու լինելով վերը նշված ծրագրի ֆինանսավորման համակարգման համար, ինչպես նաեւ պարտավոր լինելով իրականացնել կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտների դուրսգրման գործառույթների նկատմամբ հսկողություն, «Մեդլայն Կլինիկ» ՍՊ ընկերության հիմնադիր տնօրեն Բ. Շ.-ի հետ քավորսանիկական, ինչպես նաեւ նախկինում ունեցած գործնական հարաբերությունները չվատթարացնելու անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ դիտավորությամբ չի կատարել իր վրա դրված պարտականությունները, այն է՝ հսկողություն չի իրականացրել դուրսգրման տրիաժ խմբի պատասխանատու Լ. Ե.-ի եւ խմբի անդամների նկատմամբ, որի հետեւանքով հիշյալ խմբի անդամները, այցելելով «Մեդլայն Կլինիկ» ՍՊ ընկերություն, ստացիոնար բուժում ստացող անձանց հիվանդության պատմագրերում առկա կեղծ տվյալները չեն համադրել բուժառուների փաստացի առողջական վիճակի հետ եւ չեն արձանագրել այդ անհամապատասխանությունները: Գ. Սիմոնյանի գործողությունների արդյունքում «Մեդլայն Կլինիկ» ՍՊ ընկերության տնօրեն Բ. Շ.-ն հնարավորություն է ստացել խարդախության եղանակով հափշտակել առանձնապես խոշոր չափերի՝ 119.005.000 ՀՀ դրամ»,- ասված է Հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդագրության մեջ։

Քննչական կոմիտեից մեզ տեղեկացրին, որ Սիմոնյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան, սակայն քննության օրն ու ժամը դեռեւս նշանակված չեն։