Էռնեստ Հեմինգուեյ. Մենք սեր ենք տանում մեր մեջ

Էռնեստ Հեմինգուեյ. Մենք սեր ենք տանում մեր մեջ

«Հրաժեշտ զենքին» շարքից

Ամերիկացի դասական Էռնեստ Հեմինգուեյի արձակը Հայաստանում ծանոթ է ընթերցողական լայն շրջանակներին, իսկ ահա նրա պոեզիան շարունակում է անհայտ մնալ: Այո, նշանավոր արձակագիրը նաեւ բանաստեղծություններ է գրել, հատկապես երիտասարդ տարիքում՝ 1920-1923 թվականներին: Դրանք հիմնականում անմիջական անդրադարձներ են մարդկային այն ծանր ապրումների, որ նա ստացել է Առաջին համաշխարհային պատերազմի օրոք. գրողն այդ ժամանակ ծառայել է իտալական գործող բանակի հետեւակային զորագնդում:
Ընթերցողներին ենք ներկայացնում Հեմինգուեյի՝ պատերազմական թեմայով գրած մի շարք բանաստեղծություններ:

Մենք սեր ենք տանում մեր մեջ

Մենք սեր ենք տանում մեր մեջ,
Մագլցում ենք բարձունքն ի վեր -
Ավելի ու ավելի բարձր:
Այնքան դժվար է շարժվելը,
Այնքան ծանր է քեզ տանելը, իմ սեր,
Ոտքերս չեն լսում, ոտքերս կառչո՛ւն են:

Ոտքի՜, ոտքի՜,
Թիրախին մոտ...
Ոտքի՜, ոտքի՜,
Աստծուն մոտ...
Ոտքերս կպչում են մագնիսի պես,
Զոհվելն ահավոր է, օգնե՛ք, օգնե՛ք…
Ոտքի՜, ոտքի՜,
Թիրախին մոտ...
Ոտքի՜, ոտքի՜,
Աստծուն մոտ...
Ոտքերս կպչում են մագնիսի պես,
Զոհվելն ահավոր է, օգնե՛ք, օգնե՛ք…

Ոտքերս նվում են, ոտքերս աղաչում են,
Մուրճի պես խփում են քարացող գետնին։
Ամբողջն ունայն է, վերջ տուր նվնվալուդ:
Ուռա՛, բարձունքն է: Կմեռնե՞ս այստեղ…

Ոտքի՜, ոտքի՜,
Թիրախին մոտ...
Ոտքի՜, ոտքի՜,
Աստծուն մոտ...
Ոտքերս կպչում են մագնիսի պես,
Զոհվելն ահավոր է, օգնե՛ք, օգնե՛ք…
Ոտքի՜, ոտքի՜,
Թիրախին մոտ...
Ոտքի՜, ոտքի՜,
Աստծուն մոտ...
Ոտքերս կպչում են մագնիսի պես,
Զոհվելն ահավոր է, օգնե՛ք, օգնե՛ք…
Այնքան դժվար է քեզ տանելը, իմ սեր:
Այնքան դժվար է քեզ տանելը, իմ սեր...

Սեր եւ կարեկցանք

Հանգիստ, հանգիստ
Հիմա այս պահին
Սեր
Սեր եւ կարեկցանք
Միայն սեր
Միայն սեր
Սեր եւ կարեկցանք միայն

Երբ նրանք
Հեռանում են մի երկիր,
Ուրկից չեն դառնում ետ:
Փակվում է նրանց ներքին աչքը
Եվ գիտակցումն այդ աճում է թարմ ու 
տարաշխարհիկ

Բայց վարդի պես ինչ-որ:
Եվ այն փթթում է
Սիրո մեջ,
Սիրո եւ կարեկցանքի մեջ
Միայն սիրո մեջ
Միայն սիրո մեջ
Միայն սիրո եւ կարեկցանքի մեջ
Հավերժ կենդանի

Այս գիշեր մեռյալները քնել են սառը 
հողի մեջ:
Ձյունը խցանվում է ծառաբների միջեւ
Եվ կուտակներ գոյացնում
Կոտրած ճյուղերով՝ տապանաքարերի տեղ

Նրանք զգում են, թե ոնց է հողը 
կենդանանում,
Քանզի մեռյալները հողի մասն են դարձել,
Քանզի մեռյալները հողի մասն են դարձել,
Ամենքը, ովքեր արժանիորեն իջան 
հողի մեջ:

Հավերժ կենդանի
Հավերժ կենդանի
Հավերժ կենդանի
Հողի հետ մեկտեղ:

Իսկ գարնանը անձրեւ կտեղա, 
եւ հողը կտաքանա,
Սեւ ծառերը կզուգվեն մատղաշ 
տերեւներով,
Փոքրիկ հողակույտերը կծածկվեն խոտով,
Եվ մեռյալները կզգան, 
թե ոնց է հողը կենդանանում:

Նրանք զգում են, թե ոնց է երկիրը 
կենդանանում,
Քանզի մեռյալները դարձել են երկրի 
մի մասնիկը,
Քանզի մեռյալները դարձել են երկրի 
մի մասնիկը,
Ամենքը, ովքեր արժանիորեն մտան 
հողի մեջ:

Հավերժ կենդանի
Հավերժ կենդանի
Հավերժ կենդանի
Երկրի հետ մեկտեղ:

Ոտքերի դոփյուն

Դոփյուն, դոփյուն, դոփյուն ոտքերի,
Նա քայլեց, նա քայլեց շատ երկար,
Նա քայլեց, նա քայլեց նրանց հետ շարքով,
Սպանել, սպանել, սպանել անդադար,
Ջոկատը գնաց սպանելու։

Սպանի՜ր, սպանի՜ր կամ մեռի՜ր, մե՜կ է,
Միեւնույն է, թքա՜ծ,
Անձրեւ ու ցեխ, անձրեւ ու ցեխ, դժվար է։
Ոտքեր, ոտքեր, ոտքեր,
Ջղակծկված ոտքեր:

Թող նվնվոցը, թող նվնվոցը-մի՜ խղճա,
Միասին ենք գնում, գնում ենք մեռնելու,
Բայց քայլելն արդեն անհնար է,
Ահա մի ուս, ահա մի ուս, ահա մի ուս,
Ահա մի ուս՝ դե սո՜ւս:

Կողք-կողքի, կողք-կողքի, ոտքերի դոփյուն,
Նա անուժ էր այլեւս առաջ քայլելու:
Ահա եւ վերջ, ահա եւ վերջ, կյանք, կներես,
Դժվար է, դժվար է քեզ տանել առաջ:
Դոփյուն, դոփյուն, դոփյուն ոտքերի...

Նա քայլեց, նա քայլեց շատ երկար,
Նա քայլեց, նա քայլեց նրանց հետ շարքով,
Սպանել, սպանել, սպանել անդադար,
Ջոկատը գնաց սպանելու։

Սպանվածը

Ինչ-որ մեկը բղավեց, ինչ-որ մեկը գոռաց, 
Ինչ-որ մեկն անդադար բղավում էր:
Դա ինչ-որ աներեւակայելի ճիչ էր,
Ճռինչ ու վնգվնգոց:
Նա անշարժ պառկած էր՝ դեմքը 
ավազի մեջ թաղած,
Գլուխը ձեռքերով ծածկել էր:
Տաք էր եւ տակը կպչուն արյուն կար։
Նա զգացել էր, թե ոնց է սվինի շեղբը
Անցել մարմնի միջով ու խրվել ավազում:
Հետո ամեն ինչ չքացավ։
Ինչ-որ մարդիկ վերցրին նրան՝ 
վազելով տարան,
Եվ ճիչը բարձրացավ արագ:
Նա զգաց խորությամբ՝ ինչպես է իր շուրջ
Ամեն ինչ մեծանում:
Իսկ հետո ավելի ու ավելի փոքրանում էր,
Եվ հետո ավելի ու ավելի մեծանում էր նորից:
Հետո աչքի առաջ ամեն ինչ վազեց, ավելի ու ավելի արագ,
Եվ ավելի արագ, եւ ավելի արագ, եւ ավելի արագ,-
Դա նման էր ֆիլմի, երբ արագացնում են կադրերը:

Ինչո՞վ է գիշերը տարբերվում ցերեկից

Ինչո՞վ է գիշերը տարբերվում ցերեկից:
Բացառությամբ նրա, որ դու գիշերը
Դարձյալ մնում ես մեն ու միայնակ,
Նույնիսկ եթե դու կնոջ կողքին ես։

Ոչնչով, ոչնչով, ոչնչով,
Եթե չհաշվենք, որ ամեն գիշեր
Վախն անխուսափելիորեն սողոսկում է քո մեջ:
Թեկուզ եւ ցերեկը համարձակ համարվես,
Թեկուզ եւ ցերեկը համարձակ համարվես:


Ոչնչով, ոչնչով, ոչնչով,
Այն բացառությամբ, որ ցերեկ օրը
Չես բացատրի գիշերվա դեպքը:
Քանի որ մարդիկ, երբ այս աշխարհ են
Բերում այնքան ջանք ու արիություն,
Աշխարհը պետք է սպանի նրանց 
կամ էլ ջնջխի,
Կամ էլ ջնջխի:

Ինչո՞վ է գիշերը տարբերվում ցերեկից:
Ինչո՞վ է գիշերը տարբերվում ցերեկից:
Ոչնչով, ոչնչով, ոչնչով,
Ոչնչով, ոչնչով, ոչնչով:

Թաց հողի վրա

Անձրեւը թափվում է թաց հողի վրա,
Առվակներ են հոսում քարափներով,
Ողողում սեւ ու հսկա կոճղեր,
Սեւ ծառաբների վրա են ճողփում:
Ճամփան վերածվում է աղտեղ ցեխաջրի:
Ահա, ճանապարհին պառկած մի վիրավոր,
Փորձել են նրան հենել ծառին,
Բայց նա ընկել է ջրափոսը եւ 
այդպես պառկել,
Այլեւս նրան չբարձրացրին։

Հետո ճանապարհին երկուսն էին ընկած,
Երկու ջահել սպանված, 
հնարավոր է՝ ծանր վիրավոր։
Մարտն ավարտված է։ Ո՞վ գիտի, ո՞վ գիտի-
Իսկ գուցե սանիտարները ի վերջո կգան…
Իսկ գուցե սանիտարները ի վերջո կգան…
Իսկ գուցե սանիտարները ի վերջո կգան…

Champs d’honneur1

Զինվորին լավ մահ չի վիճակված.
Ռազմադաշտի մոտ նրան խաչն է սպասում։
Փայտե մի խաչ լոկ՝ հողի մեջ խրված՝
Ընկած մարտիկի գլխավերեւում:

Զինվորը հազում է ծխի մեջ, կծկվում.
Իսկ շուրջը՝ պայթյուն, կրակ ու ոռնոց,
Քանի դեռ գրոհը չի ավարտվել, նա
Չի հավատում, որ ողջ է մնացել։

1. Champs d’honneur (ֆր.) - մարտադաշտ

Մենք վատնում ենք այն, ինչը ստեղծված չէ վատնելու համար

Իմ միակ սեր.
Մենք վատնում ենք, 
վատնում ենք, վատնում ենք
Այն, ինչը ստեղծված չէ վատնելու համար:
Մենք ավիրում ենք, ավիրում ենք, 
ավիրում ենք
Այն, ինչն անիմաստ է ոչնչացնել:

Մեր սիրտը լարված է՝
Հրացանի պես նշանառված...

Շուտով տասներկուսն է՝
Գողերի ժամանակը,
Եվ դու կվազես
Դեպի խառնակ անցյալ:

Անսպասելիորեն, հանգիստ-մեղմաձայն
Պարզապես կհարցնես,

Պարզապես կհարցնես՝
Կարելի՞ է… Ես եմ:

«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ
Թարգմանությունները՝ Հրանտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ