Ռոմանոս Պետրոսյանը թող մտածի, որ հողերն անմշակ չմնան

Ռոմանոս Պետրոսյանը թող մտածի, որ հողերն անմշակ չմնան

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն Ազգային ժողովում վերջերս ուշագրավ հայտարարություն արեց` ասելով, թե Կոտայքի մարզի համայնքապետերից մեկն իր հողամասերի քանակով Հայաստանում երրորդ հողատերն է։ «Անուններ չեմ տա, այս պահին քրեական գործ է հարուցված,- հայտարարել էր մարզպետը եւ հավելել։- Կադաստրային արժեքի կես գնով յուրացրել են այդ հողատարածքները։ Հողային օրենսգրքով կադաստրային արժեքի մինչեւ 50 տոկոս գին կարող են սահմանել, օգտվել են այդ նորմից»։ Մենք պարզել էինք, որ Կոտայքի մարզպետի նշած անանուն անձը Նոր Գեղիի գյուղապետ Ֆրոնտիկ Թեւոսյանն է, ով 1986-ից գյուղապետի պաշտոնն էր զբաղեցնում, սակայն անցած ամռանը հետհեղափոխական զարգացումների ալիքի տակ հրաժարական տվեց:

Ֆրոնտիկ Թեւոսյանի անունը հասարակության ուշադրության կենտրոնում հայտնվեց մի քանի տարի առաջ, երբ մամուլում եւ սոցիալական ցանցերում տեղեկություններ հայտնվեցին, թե Կոտայքի մարզի Նոր Գեղի համայնքի ղեկավար Ֆրոնտիկ Թեւոսյանն իր անունով է կոչել գյուղի կենտրոնական փողոցներից մեկը։ Երեկ մենք կապվեցինք լեգենդար գյուղապետի հետ՝ հասկանալու, թե ինչ եղավ հողերի գործը, եւ արդյոք քրեական գործ կա՞ հարուցված, ինչպե՞ս է ինքը հաջողել դառնալ Հայաստանի «երրորդ հողատերը»։

«Երեւի մարզպետը նկատի ուներ Թեւոսյաններին»,- երեկ մեզ հետ զրույցում ուղղեց Ֆրոնտիկ Թեւոսյանը։ «Մենք երեք եղբայր ենք, երկու քույր։ Ես ունեմ 4 որդի, 10 թոռ, 4 ծոռ, մենակ Թեւոսյաններս տասը ընտանիք ենք գյուղում։ Թե որ տղայիս կամ ում նկատի ունի մարզպետը, գուցե բոլորիս իրար հետ՝ չգիտեմ: Իմ անունով ես ոչինչ չունեմ, չեմ էլ իմանում՝ որ տղաս ինչքան ունի»,- ասաց նա։ Թեւոսյանն ասաց, որ այդ հողերի 99 տոկոսը գնել են ժողովրդից, ոչ թե աճուրդով։

«Զբաղվում ենք գյուղատնտեսությամբ, այգեգործությամբ, անասնապահությամբ, դաշտագործությամբ։ Ցորեն ենք ցանում, յոնջա։ Ռոմանոս Պետրոսյանը թող մտածի, որ հողերն առանց օգտագործելու չմնան, թե չէ՝ էսի ունի, էնի ունի․․․ Հիմա ինչ որ ա է, թող գան ստուգեն»,- ասաց Թեւոսյանը։ «Մի քանի ամիս առաջ Դավիթ Սանասարյանին ուղարկել էին, եկան՝ սաղ քրքրեցին, հողերն էլ են նայել, աճուրդներն էլ եւ այլն։ Մենակ գրել են, թե խի ա եկեղեցուն փող տվել։ Արա, եկեղեցին կառուցվել ա մոտ 1 միլիարդ թե ինչքանով, գյուղապետարանը տվել է 40 միլիոն, եւ էդ բոլորը հանձնել ենք Էջմիածին։ Քննիչները մինչեւ հիմա քննում են գործը, հիմնականը եկեղեցու փոխանցած փողի հետ ա»։

Ֆրոնտիկ Թեւոսյանը չցանկացավ ասել, թե որքան հողատարածք է իր գերդաստանին պատկանում գյուղում։ 100 հեկտար կլինի՞։ «Չէ, մի քիչ քիչ»։ Բայց հիսուն կա, չէ՞։ «Հա, հիսունին մոտ, էդ բոլորը մեր ցեղինն ա։ Այ մարդ, չորս տղա են, ամեն մեկը տասը հատ մարզպետ արժի, իրանց կառուցվածքով, իրանց աշխատանքով, էլ չեմ ասում՝ թոռները, չորս թոռ եմ ամուսնացրել, իրանց ընտանիքներն ունեն, հլը բաժանեք, տեսեք ինչ ա լինում»: