Զույգի տանգոն 

Զույգի տանգոն 

Հրաչյա Սարգսյանը, որ հրաժարական տվեց, ինչպես մյուս պաշտոնյաների հրաժարականի ժամանակ, մտածեցի՝ յարաբ, տեսնես, սա ի՞նչ է կատարել, որ «փախցնում են»։ Այն էլ այդպես աղմուկով, քրեական գործերի շարանով, որ աչքը վախենա։ Հետո,  որ իմացա Հրաչյային Փաշինյան Նիկոլն է «փախցրել» ու տարել իր խորհրդական, առավել քան պարզ էր՝ քթի տակ է տարել, որ ձեն- ձուն չհանի, ինչ ասի՝ կրկնի։ Երկու վախը մի մահ է։  Բայց դե դա ենթադրությունների ֆոնին էր ու անհամբեր սպասում էի, թե այդ զույգի «տանգոն երբ է լինելու»։ Չուշացավ։ Ահա թե ինչ է ասում  նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։ Իբր թե Նիկոլ Փաշինյանին ինքը  չի ասել, որ «Նեմեսիսի» արձանը  տեղադրվելու է։ Վերջում էլ հայրենասիրական ոգով հնչեցնում է․ «Հիմա ի՞նչ, Թուրքիայի կառավարությունից պիտի ստիպեն, որ մենք մեր դասագրքերից այդ պատմությունը հանե՞նք։ Ուղղակի ծիծաղելի է սա։ Ու ես կարծում եմ, որ իրենք չպիտի խառնվեն մեր ներքին գործերին»։

Սրանց թվում է երևի, թե Հայաստանում կաղամբի գլուխներ են աճում ու այդ գլուխները լռելայն  հավատում են, որ Նիկոլ Փաշինյանը տեղյակ չի եղել, որ հուշահամալիր է կառուցվում ու քաղաքապետն էլ «այնքան դուխ ունի»՝   թույլ չի տալիս, որ Թուրքիան մեր ներքին գործերին խառնվի։ Հինգ տարի Թուրքիայի ծոցում քնել, հիմա տեղից արթնացել, ասում են՝ դու մեր ինտիմ շորերը, ներքնաշորերը  չպիտի տեսնես։ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն անձամբ հայտարարել է, որ եթե  «Նեմեսիսի» հուշահամալիրը չապամոնտաժվի, թուրքական կողմն այս հարցում նոր քայլեր կձեռնարկի Հայաստանի նկատմամբ։ Նիկոլը սա չէր կանխատեսու՞մ։ Հենց դրա համար էլ «փախցրել է Հրաչյային« , որ այս գործով էլ  իր կեցության վայրում նրան մաշեցնի։ 

Փաշինյանի արձագանքը լսենք։ Ինքը անտեղյակ է, քաղաքապետարանի կողմից այդ ամենը կատարվել է հուզական ֆոնի վրա։ Տեսեք ինչ է ասում․ 

«Եկեք արձանագրենք հետևյալը, որ կառավարությունը չի այդ որոշումը կայացրել, և ժողովրդավարության թերություններից մեկն այն է, երբ իշխանությունը կամ կառավարության ղեկավարը ամեն ինչ չէ և բոլորին չէ, որ վերահսկում է։ Եվ, եթե դուք իմ կարծիքն եք ուզում իմանալ, ես համարում եմ, որ կայացվել է սխալ որոշում և այդ որոշման իրականացումն էլ եղել է սխալ»։ 

Ինքը ոչ մի բանի համար պատասխանատու չէ։ Մի ղեկավար, որ պատերազմը տանուլ է տվել ու առ այսօր տանուլ տվողի է ման գալիս, նրան ի՞Նչ ասես։ Կապիտուլյացիան ստորագրել ու առ այսօր տարածք հանձնող դավաճանի է ման գալիս, նրան ի՞նչ ասես։ Մի ղեկավար, որ ճոճքում քնած տեղյակ չլինի, թե իր երկիրը ինչ է շնչում, ինչով է ապրում, նրան ի՞նչ ասես։ Ժողովրդի խոսք է՝ էշ նստելը մի՛ այիբ է, էշից իջնելը` երկո՛ւ այիբ։ Հիմա էս երկրում ինչ կատարվի, ուրիշնե՞րն են մեղավոր։ Թե ինչ է՝ էշիցդ չիջնե՞ս։ Հայաստանում մարդ կա՞, որ մեղավոր չէ պատերազմը տանուլ տալու, դիվանագիտական հարաբերությունները ձախողելու համար։