Մեր ժողովուրդն այդպես էլ չհասկացավ

Մեր ժողովուրդն այդպես էլ չհասկացավ

Արդեն երկար ժամանակ է՝ քննարկում ենք Արցախի ու Հայաստանի` օրըստօրե վատթարացող վիճակը, փորձում վերլուծել, ելքեր գտնել, հասկանալ, թե ինչ ճակատագիր է սպասվում հայկական երկու պետություններին: Բայց մի բան կարող ենք բոլորս արձանագրել`ամեն ինչ դեպի վատն է գնում, եւ դեպքերը զարգանում են ի վնաս մեր երկու երկրների: Եվ կարծես ոչինչ չի հուշում մեր ժողովրդին, նա չի ուզում հասկանալ, թե ինչ է կատարվում, թե ինչպես ենք կամաց մոտենում նախ՝ Արցախի, ապա՝ նաեւ Հայաստանի կորստին: 

Բայց կան մի քանի բացահայտ  իրողություններ, որոնք հստակ վկայում են այդ մասին: Այդ իրողությունները շատ-շատ են, բայց կթվարկեմ մի քանիսը միայն: 44-օրյա պատերազմում եւ դրանից հետո մեր կրած խայտառակ պարտությունները` իրենց բոլոր հետեւանքներով: Մեր անվտանգային համակարգերի ու բանակի խայտառակ վիճակը: Լաչինի միջանցքի վիճակը: Բոլոր երկրների` մեզնից ձեռք քաշելու մասին վկայող հայտարարություններն ու «հորդորները»: Վարչապետի՝ տարբեր ժամանակներում արված հայտարարություններն ու հատկապես Ազգային ժողովում վերջին հարցուպատասխանի ժամանակ նրա հնչեցրածը։ 

Ավելացրեք նաեւ երկու երկրների կողմից՝ միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու իրողությունը, որն ուղղակի նշանակում է, որ Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը՝ առանց Արցախի: Եվ այս ամենը կրկին հաստատվեց ու ամրապնդվեց Վաշինգտոնում կայացած երկու երկրների արտգործնախարարների բանակցություններով: Մի՞թե այս ամենը հստակ չի վկայում, թե ինչ ճակատագիր է սպասվում Արցախին եւ Հայաստանին:  Մի՞թե վերը ասվածում հստակ չի ուրվագծվում, թե ուր են տանում մեր երկու երկրներին, իսկ ժողովուրդը շարունակում է քնած մնալ ուղտի ականջում։

Ստեղծված աղետալի վիճակում փոխանակ փորձենք հանուն հայրենիքի փրկության վերջին ճիգերը գործադրել, շարունակում ենք անտարբեր հետեւել ընթացող կործանարար իրադարձություններին:
Պարզվում է` մեր ժողովուրդը լիովին արժանի է իր իշխանությանը:              

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ