Ադրբեջանը պահանջում է անվերապահ կապիտուլյացիա`սպառնալով նոր պատերազմով

Ադրբեջանը պահանջում է անվերապահ կապիտուլյացիա`սպառնալով նոր պատերազմով

Նիկոլ Փաշինյանը, փաստորեն, ընդունեց, որ Վաշինգտոնում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները չեն կարողացել խաղաղության պայմանագրի շուրջ համաձայնության գալ, իսկ բանակցություններում առաջընթաց արձանագրելու մասին հայտարարությունն ընդամենը հերթապահ դիվանագիտական ձեւակերպում է՝ դրանց տապալումը թաքցնելու համար: Փաստացի, չի հաջողվել կողմերի դիրքորոշումները մոտեցնել առանցքային հարցերի շուրջ:

1․ Ըստ Փաշինյանի, Ադրբեջանը չի ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը Խորհրդային Հայաստանի 29 հազար 800 քառակուսի կիլոմետրի վրա: Սա նշանակում է, որ Հայաստանը պատրաստ է Ադրբեջանին հանձնել, այսպես կոչված, անկլավները, որոնք չեն մտնում այդ տարածքի մեջ, սակայն Ադրբեջանը չի պատրաստվում հետ վերադարձնել ղարաբաղյան առաջին պատերազմի ընթացքում եւ 2021 թվականից հետո Հայաստանից գրաված տարածքները: Հնարավոր է, որ Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ ունի այլ տարածքային նկրտումներ եւս, մասնավորապես, Սյունիքով անցնող ճանապարհի մասով: 

2. Փաշինյանն ասում է, որ անորոշ է Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների եւ անվտանգության ապահովման մեխանիզմը. «Նույնը կարելի է ասել Ստեփանակերտ-Բաքու երկխոսության ձեւաչափի մասին, որը, մեր կարծիքով, պետք է տեղի ունենա միջազգային մեխանիզմների շրջանակում»: Սա նշանակում է՝ Ադրբեջանը շարունակում է պնդել, որ Արցախի որեւէ կարգավիճակ իր համար ընդունելի չէ, Արցախի հայերը պետք է ընդունեն Ադրբեջանի քաղաքացիություն եւ ունենան Ադրբեջանի մյուս քաղաքացիների հետ նույնական իրավունքներ: Դրա համար որեւէ միջազգային մեխանիզմ կամ արտաքին միջնորդ պետք չէ. Ադրբեջանն այնքան կսեղմի օղակը, մինչեւ հայերը կա՛մ պարտադրաբար հեռանան Արցախից, կա՛մ ընդունեն Ադրբեջանի պահանջները:

3. Չկա համաձայնություն խաղաղության պայմանագրի կիրարկման միջազգային մեխանիզմների շուրջ: Փաշինյանն ուզում է, որ խաղաղության պայմանագրի դրույթների միջազգային երաշխավորներ լինեն: Ցանկալի է, որ Միացյալ Նահանգները կամ ԵՄ-ն հայտարարեն, թե երաշխավորում են, որ Ադրբեջանը չի խախտի խաղաղության պայմանագիրը, դրա ստորագրումից հետո եւս չի դիմի ագրեսիայի: Լավագույն տարբերակը կլինի, եթե այդ երաշխավորումն արտահայտվի զինված ներկայությամբ, ինչպես, օրինակ, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն է պնդում, ավելացվի ԵՄ դիտորդական առաքելության քանակը, եւ նրան օժտեն լրացուցիչ կարողություններով: Մինչդեռ ո՛չ Միացյալ Նահանգները, ո՛չ ԵՄ-ն չեն պատրաստվում Հայաստանին անվտանգության երաշխիքներ տրամադրել, առավել եւս՝ սեփական զինված ուժերի ներկայությամբ ապահովել այդ անվտանգությունը:

4. Ըստ Փաշինյանի, Ադրբեջանի հետ անհնար է համաձայնության գալ խաղաղության պայմանագրի տեքստի ընթերցման հարցում տարաձայնությունների հաղթահարման մեխանիզմների շուրջ: Սա նշանակում է, որ Ադրբեջանը կարող է կամայականորեն մեկնաբանել համաձայնագրի ցանկացած կետ եւ ըստ դրա Հայաստանին ներկայացնել լրացուցիչ պայմաններ եւ պահանջներ: 

Ակնհայտ է մի բան. Հայաստանի իշխանությունները` ի դեմս Նիկոլ Փաշինյանի, փորձում են ամեն կերպ Ադրբեջանի հետ ստորագրել մի փաստաթուղթ, որն իբրեւ թե պետք է վերջ դնի զինված հակամարտությանը: Փաշինյանը մտադիր չէ եւ, ամենակարեւորը` ընդունակ չէ ստեղծել ազգային պաշտպանության համակարգ եւ Հայաստանի ուժերով ապահովել երկրի պաշտպանությունը, ինչի համար էլ փորձում է Հայաստանի անվտանգության բեռը դնել արտաքին երաշխավորների վրա: Ընդ որում, հրաժարվելով Ռուսաստանի եւ ՀԱՊԿ-ի օժանդակությունից, համարելով, որ Ռուսաստանը լավագույնս չի կատարում անվտանգության երաշխավորի դերը, Փաշինյանն ուզում է, որ այդ դերում հանդես գան Միացյալ Նահանգներն ու Եվրամիությունը, որոնք հրաժարվում են Հայաստանին անվտանգության երաշխիքներ տրամադրել: Եվ դա պատահական չէ. նույն Միացյալ Նահանգները եւ ԵՄ-ն անվտանգության երաշխիքներ չտրամադրեցին նաեւ Ուկրաինային: Առավելագույնը՝ տալիս են զենք եւ զինամթերք, որ Ուկրաինան սեփական ուժերով ապահովի իր անվտանգությունը եւ տարածքային ամբողջականությունը: Հայաստանի դեպքում այդ զենքն ու զինամթերքն էլ չեն տրամադրի, քանի որ Ուկրաինան կռվում է Արեւմուտքի աշխարհաքաղաքական հակառակորդ Ռուսաստանի դեմ, իսկ Ադրբեջանն Արեւմուտքի համար այդպիսին չի հանդիսանում: Հակառակը` ԵՄ-ին ապահովում է գազով եւ նավթով, իսկ ԱՄՆ-ին եւ նրա դաշնակիցներին ռազմավարական օժանդակություն է ցուցաբերում Իրանի դեմ պայքարում:

Ադրբեջանին խաղաղության պայմանագիր պետք չէ կամ առնվազն պետք է այնպիսի պայմանագիր, որը կբավարարի իր բոլոր պահանջները, այդ թվում՝ տարածքային: Ադրբեջանին պետք է մի պայմանագիր, որը հնարավորություն կտա իրեն ամբողջական ազդեցություն հաստատել Հայաստանի նկատմամբ եւ աստիճանաբար հասնել Հայաստանի լուծարմանը: 

Փաշինյանը, խոսելով խաղաղության պայմանագրի հիմնարար կետերի շուրջ տարաձայնությունների մասին, ընդունում է, որ իր կողմից հռչակված խաղաղության օրակարգը ձախողված է. մի կողմից՝ Հայաստանն ընդունակ չէ ապահովել իր տարածքային ամբողջականությունը եւ անվտանգությունը, մյուս կողմից՝ Ադրբեջանն ակտիվորեն պատրաստվում է հերթական ագրեսիային: Փաշինյանը դեմ չէր լինի, եթե իրեն հեռացնեին իշխանությունից, որ ինքը հետագայում կարողանար արդարանալ, թե իրեն թույլ չտվեցին իրագործել իր ծրագիրը եւ երկրին խաղաղություն բերել, բայց կարծես ոչ ոք չի պատրաստվում նրան նման ծառայություն մատուցել՝ սպասելով, որ ինքը կհայտարարի իր ձախողման մասին եւ խնդրելով` իրեն դատել հնարավորինս մեղմ եւ հումանիստաբար:

Ավետիս Բաբաջանյան