Ղուշչյանը Ալեքսանյանի պատիժն Աստծուց է ակնկալում

Ղուշչյանը Ալեքսանյանի պատիժն Աստծուց է ակնկալում

Չնայած որ հեռուստալրագրող Համլետ Ղուշչյանի և Սամվել Ալեքսանյանի գործով նախաքննությունը շարունակվում է, այնուամենայնիվ, Ղուշչյանը կարծում է, որ գործը ցանկանում են կարճել, ինքն էլ հույսը դրել է Աստծո վրա։ «Աստված թող իրեն պատժի»,- ասաց Ղուշչյանը մեզ հետ զրույցում։ 

Նա պնդում է, որ առերեսման ժամանակ ինքն ասել է նույնը, ինչ նախկինում, Ալեքսանյանն էլ հրաժարվել է ընդունել․ «Նա հրաժարվեց՝ ասելով, որ ինձ առաջին անգամ է տեսնում, մինչ այդ էլ հեռուստացույցով է տեսել, մարդը լկտիաբար հրաժարվեց, և վերջ, գործը փակում են»։

Քննչական կոմիտեի մեր աղբյուրները փոխանցում են, որ առերեսման ժամանակ Ղուշչյանը մի քանի շեղում է թույլ տվել ցուցմունքից, մինչ այդ նա պնդում էր, որ Ալեքսանյանն ատրճանակը դրել է իր գլխին, իսկ առերեսման ժամանակ ասել է, որ կրծքավանդակին  է դրել, Սամվել Ալեքսանյանն էլ իր ոճի մեջ պնդել է, որ ո՛չ գլխին է դրել, ո՛չ էլ կրծքին․ «Սիրելիս, ես ինչ ասեմ եմ ցուցմունքում, նույնն ասել եմ առերեսման ժամանակ, այդ հեքիաթներին մի հավատացեք, ո՞նց կարող եմ ես ցուցմունքում այլ բան ասել, առերեսման ժամանակ՝ ուրիշ, ինչ եղել է, դա է եղել։ Էդ արարածն էլ հրաժարվում է, ասում է՝ ես իրեն չեմ տեսել, էլ ես ի՞նչ կարող եմ ասել, ասել եմ՝ Աստված քեզ պատժելու է։ Եթե ինքը հրաժարվում է, քննիչն էլ, դատարանն էլ ոչ մի բան չի անի, երևում է՝ ինքն իր հարցերն արդեն լուծել է»։

Հիշեցնենք, որ «Հրապարակին» տված հարցազրույցի ընթացքում Համլետ Ղուշչյանը հայտարարել էր․ տարիներ առաջ՝ 2001 թվականին, Ալեքսանյանն իրեն առևանգել ու իր ճակատին ատրճանակ է պահել: Հեռուստալրագրողի այդ հայտարարությունից հետո Քննչական կոմիտեում քրեական գործ հարուցվեց։ Սամվել Ալեքսանյանն էլ հերքել է՝ ասելով, որ նման բան չի եղել, դեռ ավելին՝ Ղուշչյանն է իրեն առևանգել։