Սասունցի Դավիթն ու Էյվազլին. պատմությունը կրկնվում է

Սասունցի Դավիթն ու Էյվազլին. պատմությունը կրկնվում է

Ուսանողության տարիներին մեզ ամռանը տանում էին բանահավաքության: Լինում էինք Հայաստանի տարբեր շրջաններում, գրի առնում հեքիաթներ, խաղիկներ, սովորություններ, անգամ՝ բաղադրատոմսեր, որ իրենց սկեսուրներից սովորել ու սրբորեն պահպանել էին հարսները: Թե որ պատահում էր, ու «Սասունցի Դավիթ» էպոսի մի պատառիկ էր ձեռքներս ընկնում, մեզ համարում էինք աշխարհի ամենաերջանիկ մարդը: Ինձ հետ նման դեպք պատահեց գյուղերից մեկում: Սանամը՝ այդպես էր ասացող տատիկի անունը, խաղիկն ավարտելուց հետո դիմեց ինձ՝  կուզե՞ս «Սասունցի Դավիթ» պատմեմ քեզ… Ականջներիս չհավատացի: Պատմիր, Սանամ տատ… ոնց եմ ես քեզ սիրո՛ւմ, պատմիր, մագնիտոֆոնիս կասետը փոխեմ, ու սկսենք:

Սանամ տատը, իմ խոսքերից ոգեւորված, էլ չթողեց շատ խնդրեմ: Մի թեթեւ հենվեց կողքին դրած բարձին ու սկսեց… Ճյուղ առ ճյուղ առաջ էր գնում՝ Սանասար-Բաղդասար, Մեծ Մհեր, Դավիթ: Փոքր Մհերին թողեցինք հաջորդ օրվան, որովհետեւ արդեն կեսգիշեր էր, իսկ Սանամ տատը պետք է քներ, որ առավոտյան շուտ արթնանար ու անասունը հաներ գոմից: Հաջորդ օրը Փոքր Մհերն էլ ձայնագրեցի եւ ինձնից գոհ վերադարձա Երեւան: Ճանապարհին ըմբոշխնում էի տեսարանը, թե ինչպես է բանահյուսության դասախոսս գովում, իսկ դասընկերներս՝ նախանձից բամբասում ինձ… Կատակ բան չէ` «Սասունցի Դավիթ» էի գտել:

Ժամանակ անց որոշեցի հրապարակել Սանամ տատի պատումը: Խնամքով սղագրեցի՝ հավատարիմ մնալով հեղինակի բառուբանին: Դա բանահյուսություն առարկայի պահանջն էր, բացի այդ, իմ գործն էր հեշտանում` ազատվում էի խմբագրական աշխատանքից: Մի խոսքով՝ տարա հրատարակչություն, դրեցի տնօրենի սեղանին ու ինձնից գոհ՝ գնացի իմ գործին: Վերնագրել էի՝ «Սանամ տատի Դավիթը», իմ անունն էլ վերջում փոքր տառերով գրել՝ բանահավաք Էդիկ Անդրեասյան: Մի ամիս անց, այդպես էին ասել հրատարակչությունում, գնացի տնօրենի մոտ, որ տեսնեմ՝ ինչ ճակատագիր է սպասվում իմ բանահյուսական շեդեւրին:

Ուրախ-ուրախ ներս մտա, բարեւեցի, բայց չիմացա հետո ինչ անեմ, որովհետեւ տնօրենը՝ խոժոռ դեմքով մի մարդ, էպոսի բնագիրը թափահարելով՝ հարձակվեց վրաս, թե սա ի՞նչ է, ինչպե՞ս կարելի է, ինչ գտնում՝ բերում եք տպագրելու, ո՞վ պետք է մտածի մեր անզուգական էպոսի գեղագիտական-դաստիարակչական կողմի մասին, վերցրու, մինչեւ չխմբագրես՝ չբերես: 

- Ախր դա բանահյուսություն է, ժողովրդական ստեղծագործություն, ինչպե՞ս կարելի է խմբագրել ժողովրդին:
- Ինչպես ուզում ես, այնպես էլ խմբագրիր: Ես սա տպողը չեմ:
- Ես կբողոքեմ…
- Ո՞ւմ…
- Լուսավորության մինիստրին կամ ուղիղ Կենտկոմ…
- Բողոքիր ինչքան ուզում ես, կարող ես ուղիղ ներքին գործերի մինիստրություն բողոքել, այնտեղ քեզ ինչ պետք է՝ կանեն:

Լուսմինիստրությունում էլ ինձ գրեթե նույնն ասացին: Գրեցի Կենտկոմի առաջին քարտուղարին՝ կցելով բնօրինակի պատճենը: Մի ամիս հետո քաղլուսաշխատանքների գծով նրա տեղակալն ինձ կանչեց իր մոտ. «Այ տղա, ասենք թե Սանամ տատը մեծ կին է ու լեզվին ազատություն է տվել… բայց դու էլ հո մայր բուհի ուսանող ես, մարքսիզմ-լենինիզմ ես կարդում, բա ամոթ չի՞»: Վերջում էլ քամահրական տոնով նետեց՝ էս ի՞նչ երիտասարդություն է մեծանում, այ մարդ:

Բանից պարզվեց, որ Կենտկոմի քարտուղարների «լիագումար» նիստում խնդրահարույց էին համարել Ձենով Օհանի կնոջ եւ Դավիթի՝ նույն սենյակում հայտնվելու տեսարանը, որ Սանամ տատը ներկայացրել էր սոցռեալիզմի բոլոր, այդ թվում եւ անթույլատրելի կանոններով: Հիշո՞ւմ եք տեսարանը՝ էն, որ Ձենով Օհանի կինն ուզում էր «մեղավորացնել» ջահել Դավթին եւ նրան դուրս անել իր տնից: Սանամ տատն այս հատվածը պատմել էր լրիվ բաց: Եթե թույլ տաք, մի քանի տող կմեջբերեմ բնագրից. «Ձենով Օհանի կնիկ ձեն տվեց Դավթին՝ Դավի՛թ, արեւն ընկել է աչքերիս, լուսամուտի փարդեքը քաշի: Ու հենց Դավիթ մտավ սենյակ, Ձենով Օհանի կնիկ ծծեր հանեց թալեց դուս, Դավթի ձեռ լե բռնեց, տարավ վեր իր ծծերուն: Դավիթ շշկռավ…»: Հետագա մանրամասները չպատմեմ, որովհետեւ էպոսի շատ պատումներում այս էպիզոդը նույնկերպ է ավարտվում՝ Ձենով Օհանի կնոջ «պարտությամբ» եւ Դավթի «հաղթանակով»: Խոստովանեմ, սակայն, որ հենց այս էպիզոդի պատճառով էլ ես բանահավաք չդարձա, այլ ընտրեցի լեզվաբանության ճյուղը:

Բայցեւայնպես, բանահյուսության Աստվածն իմ հանդեպ շռայլ գտնվեց: Ինձ բախտ վիճակվեց Կապանում հյուրընկալվել մի պապիկի տանը, որը, ինչպես պարզվեց, իր հորից շատ պատմություններ էր լսել, այդ թվում եւ Սասունցի Դավթի եւ հարամի հարկահանների պատմությունը, որ ընդհանուր գծերով կներկայացնեմ ձեզ: 

«Եվ ուրեմն, որպեսզի Սասունը ծուռ Դավթից մի փոքր հանգստանա, Ձենով Օհանը, ճարը կտրած, Դավթին բերում է Սյունիք, տանում ՔՊ-ական մարզպետի մոտ ու խնդրում, որ մի աշխատանք գտնի նրա համար: Մարզպետն սկզբում չեմուչում է անում, բայց հենց Օհանը մի հատ գոռում է, սա տակը թրջում է ու Դավթի հրամանը տալիս՝ նշանակել Էյվազլիի համայնքապետ-հովիվ: Հաջորդ օրը Դավիթս, սովորության համաձայն, գյուղի տավարն առաջն է անում, քշում արոտ: Իրիկնադեմին, երբ գել ու գազան տավարին խառնած վերադառնալիս է լինում, մի սյունեցի արտատեր պառավ է կտրում ճանապարհը:

- Դու ո՞վ ես, ա խոխա, ինչո՞ւ ես տավարը լցրել արտս, փչացնում:
- Առյուծ Մհերի մինուճար տղեն եմ, մամ ջան, Դավիթը:
- Վայ ափսոս էն Առյուծ հերդ, որ քեզ նման տղա ունի, հիմա ես ի՞նչ անեմ, բերքս փչացրիր, ձմռանն ի՞նչ եմ ուտելու:
- Մա՞մ, դու իմ հորը ճանաչո՞ւմ ես…
- Քո հորը միայն դու չես ճանաչում: Որովհետեւ հենց էն օրն է մեռել, որ դու ծնվել ես…
Դավիթը տխրեց: Պառավը խղճահարվեց.
- Քո հերը քաջ էր ու անվախ, Սասնա ճանապարհը փակող առյուծներին մերկ ձեռքերով էր ճղում: Եթե ուզում ես, որ քեզ ասեն Առյուծ Մհերի տղա, իջիր գյուղ, այնտեղ ժողով են անում: Երեւանից մարդիկ են եկել, գյուղ մտած հարամիներին խնդրում են բացել ճանապարհը:
Դավիթն էս որ լսում է, տավարը քշում է դուզ Էյվազլի, կանգնում գեղամիջում, որտեղ հայերն ու հարամիները ժողով էին անում: Սրանք որ Դավթին ու նրա նախիրը տեսնում են, լեղաճաք են լինում, բարձրանում ծառերը: Ծառից մի հարամի ձայն է տալիս.
- Էս ո՞վ ա…
- Մի վախեցեք, պարոնայք,- ասում է մարզպետը, որ Էյվազլիի ոսկին չափում ու լցնում էր հարամիների պարկերը։- Ծանոթացեք, Դավիթ Մհերի Սասունցի, երեկ եմ աշխատանքի ընդունել՝ հովիվ-համայնքապետ: 

Սասնա անունը լսելուց հարամիներն ավելի ամուր են բռնում ճյուղերից: Անհարմար լռության մեջ առաջինը ծառերից դանդաղ իջնում են Երեւանից եկած մարդիկ ու նստոտում գյուղամիջում դրված իշոտնուկին:

- Մենք այստեղից կմասնակցենք քննարկմանը,- ծառի վրայից հայտարարում է հարամիներից մեկը, որ ամենահամարձակն էր:

Մեկ էլ Դավիթը որոտում է.

- Այ բոզի տղեք, դուք ո՞վ եք, ի՞նչ բանի եք…
Երեւանից եկած մարդիկ նորից ծառերն են բարձրանում: Նրանցից մեկը, որ հասել էր ամենաբարձր բարդու կատարը, մարզպետին ձայն է տալիս.
- Այ ապուշ, բա ասում ես՝ սասունցի ա… սա իսկական սյունեցի ա, էս ո՞ւմ ես գործի ընդունել: Վարչապետը քեզ չի՞ ասել…
- Մի վրդովվեք, պարոն նախարար, ես հիմա հարցը կքննարկեմ Դավիթ Մհերիչի հետ, կհարթեմ այս թյուրիմացությունը:

Դավիթը շրջվում է դեպի մարզպետը.

- Էդ ի՞նչ ոսկի է, ինչո՞ւ ես չափում… Էդ կոտը դեսը տուր հլա…
- Դավիթ ջան, հանգստացիր, մենք ոսկի շատ ունենք, մի քիչ տալիս ենք սրանց, որ ճանապարհը բացեն…

Մարզպետի այս խոսքերից հետո Էյվազլի լցված գել ու գազանին կապիր՝ Դավիթին բաց թող: Կոտը տալիս է մարզպետի գլխին ու սկսում ծառերը քոքահան անել: Վայնասունը հասնում է Երեւան, Բաքու, Մոսկվա, Փարիզ եւ անգամ Վաշինգտոն: Երեւանից ու Բաքվից ուղղաթիռներով, բայրաքթարներով գալիս, իրենց պաշտոնյաներին մի կերպ էվակուացնում են ծառերի վրայից:

Դավիթը գնում-նստում է մի մեծ կոճղի: Ճանապարհը բաց էր: Մսրից եկող բեռնատարների վարորդները Դավիթին շնորհակալություն են հայտնում ու շարունակում ճանապարհը: Իսկ մի քիչ այն կողմ, արտատեր պառավը, որ իբր պատահաբար էր եկել Էյվազլի, դեյրայի տակից հանել էր թաշկինակն ու մարզպետի գլուխն էր կապում…»: