Հանրային խորհուրդը երեք ամիս է՝ անգործության է մատնված

Հանրային խորհուրդը երեք ամիս է՝ անգործության է մատնված

Կառավարությունը ձեւավորվել է, սակայն Հանրային խորհուրդ կոչվող սահմանադրական մարմինը մինչ օրս դեռ ձեւավորված չէ։ Ստյոպա Սաֆարյանի՝ ընտրություններին մասնակցելու պատրվակով ՀԽ նախագահի պաշտոնը թողնելուց հետո այստեղ լրիվ բարձիթողի վիճակ է, եւ ՀԽ-ն անգործության է մատնված։ Ո՛չ նորմալ նիստ են անում, ո՛չ նորմալ հարցեր քննարկում, ո՛չ հայտարարություններ անում։ Մինչդեռ օրենքն ասում է, որ հանրային կարծիք արտահայտող եւ հանրային վերահսկողություն իրականացնող այս կառույցը պետք է կազմավորվի ոչ ուշ, քան Ազգային ժողովի հերթական ընտրությանը հաջորդող՝ կառավարության կազմավորումից հետո 30-օրյա ժամկետում: Այն բաղկացած պետք է լինի 45 անդամից, որից 15-ին նշանակում է կառավարությունը։

Ընտրություններից անցել է մոտ 3 ամիս, բայց մինչ օրս որեւէ քայլ չի ձեռնարկվել, մինչդեռ այս կառույցի համար պետությունը տարածք է վարձակալել, աշխատակազմ է պահում, միջոցներ հատկացնում, Սահմանադրությունն էլ պարտավորություններ է դրել, սակայն միտումնավոր, թե ոչ` այն այժմ չի գործում։ Եվ կարելի է ասել՝ չի գործում Վազգեն Մանուկյանի հրաժարականից ի վեր: Այժմ ՀԽ նախագահի պաշտոնակատարը Արամ Սաֆարյանն է:

ՀԽ անդամ Վազգեն Սաֆարյանը մեզ հետ զրույցում դժվարացավ պատասխանել, թե ինչու մինչ օրս չի ձեւավորվել Հանրային խորհուրդը, քանզի դժվարացավ ասել՝ երբվանից է կառավարությունը համարվում ձեւավորված։ Բայց ասաց, որ հանձնաժողովի ֆինանսատնտեսական եւ բյուջետային հարցերի ենթահանձնաժողովը պարբերաբար նիստեր գումարում է, աշխատանք տանում։
«Ես չգիտեմ՝ Հանրային խորհրդի նիստեր գումարվում են, թե չէ, բայց մեր հանձնաժողովը նիստեր գումարում է, մենք նամակներ էստեղ-էնտեղ տանում ենք»,- ասաց նա։

- Պարոն Սաֆարյան, բայց մեզ ասում են, որ Հանրային խորհուրդը հիմա բարձիթողի վիճակում է գտնվում։

- Դե հիմա, ես դա չգիտեմ, չեմ կարող ասել, բայց գիտե՞ք, երբ Ստյոպա Սաֆարյանը գնաց, մի տեսակ վակուում առաջացավ։ Որ Ստյոպան կար, էդ ժամանակ բոլորը ռիթմով աշխատում էին։

- Ստյոպա Սաֆարյա՞նն էր բովանդակություն հաղորդում Հանրային խորհրդին կամ լցնում դատարկությունը։

- Դե, Ստյոպա Սաֆարյանը նշանակված կամ ընտրված Հանրային խորհրդի նախագահն էր, իսկ էս մյուսը՝ Արամ Սաֆարյանը, ինքը, ո՞նց ասեմ, ես չգիտեմ՝ ինքը ոնց է մտածում։ Իրեն վարչապետը, թե ոնց, հրաման են տվել, թե ասել են՝ յոլա տար մինչեւ ավարտելը եւ այլն։ Չգիտեմ։ Սա մարդու բնույթից է գալիս։

- Իսկ Դուք խոսե՞լ եք Արամ Սաֆարյանի հետ, ի՞նչ է ասում նա։

- Չէ, ես Արամ Սաֆարյանի հետ չեմ խոսել, բայց մեզ եկած դիմումները, որոնցով ես զբաղվում եմ, ընթացք եմ տալիս։ Ես կարծում եմ՝ մարդը պետք է մինչեւ նոր Հանրային խորհրդի ձեւավորվելն աշխատի։

Վազգեն Սաֆարյանի խոսքով` այս պահին Հանրային խորհրդի կառավարումը ժամանակավորապես ստանձնել է Արամ Սաֆարյանը։ Խոսեցինք նաեւ վերջինիս հետ։ Սաֆարյանն ասաց, որ արդեն երեք ամիս է՝ ստանձնել է ՀԽ-ի ժամանակավոր կառավարումը, բայց մինչ օրս որեւէ նիստ չի գումարել, քանի որ սպասում է, որ նոր Հանրային խորհուրդ ձեւավորվի, ինչպես պահանջում է Սահմանադրությունը։ Բայց կառավարության ձեւավորման 30-օրյա ժամկետը կարծես լրացել է, ինչո՞ւ մինչ օրս Հանրային խորհուրդը չի ձեւավորվել։

«Ոչ մի մեկնաբանություն չեմ կարող անել, որովհետեւ տեղյակ չեմ, որեւէ տեղեկություն չունեմ, որեւէ քննարկման, այդ հարցի մասին որեւէ խոսակցության չեմ մասնակցել, դրա համար սպասում եմ, մինչեւ կառավարությունը համապատասխան գործառույթ կիրականացնի»,- ասաց նա։ Հարցին՝ Հանրային խորհուրդը նիստեր գումարո՞ւմ է, թե՞ ոչ, ասում են` բարձիթողի վիճակում է, Սաֆարյանը նախ ասաց՝ սպասում են կառավարության որոշմանը, ապա շարունակեց․ «Ինչո՞ւ է բարձիթողի, ամեն ինչ կառավարելի է։ Ուղղակի սպասում ենք, որ կառավարությունը Սահմանադրությամբ իրեն վերապահված գործառույթը կատարի»։ Ճշտեցինք՝ վերջին անգամ նիստ ե՞րբ են արել։

«Մենք չենք արել նիստ՝ իմ ստանձնելու պահից սկսած, որովհետեւ ես ստանձնել եմ նախընտրական քարոզարշավի օրերին, ինչը հնարավոր չէր անել, որովհետեւ ընթանում էր նախընտրական քարոզարշավ, իսկ դրանից հետո արդեն սպասում ենք կառավարության որոշմանը»,- եղավ պատասխանը։