Ես Վլադիմիր Կարապետյանի հետ կապված այլ` չհրապարակված փաստեր էլ ունեմ

Ես Վլադիմիր Կարապետյանի հետ կապված այլ` չհրապարակված փաստեր էլ ունեմ

Լրագրող Նաիրի Հոխիկյանը հայտնվել է ԱԱԾ-ի ու ՀՔԾ-ի տեսադաշտում: Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Նաիրին հրապարակեց իր եւ բլոգեր Ալեքսանդր Լապշինի խոսակցությունը, որտեղ զրուցել էին Նիկոլ Փաշինյանի, Լապշինի եւ Փաշինյանի նախկին խոսնակ Վլադիմիր Կարապետյանի մի առանձնազրույցի մասին: Նրան կանչել են հարցաքննությունների, առգրավել բջջային հեռախոսը, որն առայսօր չեն վերադարձրել։

Հիշեցնենք․ Հոխիկյանը հայտարարել էր, որ 2019 թվականին Գավառում տեղի ունեցած «Իմ քայլը՝ հանուն Գեղարքունիքի մարզի» միջոցառման ժամանակ Վլադիմիր Կարապետյանը Լապշինին ասել է․ «Եթե մի քանի հազար զոհ տան, ապա լավ էլ հողերը կտան»։ Նաիրի Հոխիկյանից հետաքրքրվեցինք, թե արդյո՞ք քրեական գործ կա հարուցված։

«Առաջին հերթին ՀՔԾ-ից հրավիրեցին հարցաքննության՝ վկայի կարգավիճակով, հետո նոր միայն՝ ԱԱԾ-ից, բայց սա մի ամբողջ մեծ կծիկ է, որը եթե սկսի ավելի մանրամասն բացվել, ապա ինչպես շատ ճշմարտություններ կբացահայտվեն, այնպես էլ շատ մարդիկ անհետ կկորեն, որովհետեւ կբացահայտվի, թե ինչպիսի հանցագործություններ են կատարվել եւ կատարվում մեր պետականության դեմ, այդ թվում՝ թե ինչպես է պատերազմից առաջ ամեն ինչ նախապատրաստվել։ Ես կարծում եմ՝ դրանք կազմակերպված հանցագործություններ են՝ հաշվի առնելով այն բոլոր զրույցները, պատերազմից առաջ այդքան հետեւողականորեն բանակը, հանրային հարաբերությունները  կազմաքանդելը, արբանյակը․․․, սրանք իրար հետ ի վերջո կապվող, բայց իրարից տարբեր թեմաներ են, որոնք գալիս-ապացուցում են, որ ամեն ինչ եղել է պլանավորված եւ շատ լավ պլանավորված։ Իշխանությունը հիմա հետեւողականորեն այնպես է անում, որ այս հայտարարությունները, այս բացահայտումները կորեն։ Տեսեք՝  որքան էլ դա զարմանալի լինի, այս հայտարարությունների վերաբերյալ ոչ մի քրեական գործ չի հարուցվել, իմ հայտարարություններն ու հրապարակումները՝ որպես լրագրողի, որի հետ զրուցել է Ալեքսանդր Լապշինը եւ պատմել այդ ամբողջ ինֆորմացիան, եւ ես 2 տարվա պայքարից հետո, երբ ի վերջո հասկացա, որ Լապշինին պետք չէ լսել եւ պետք է ի վերջո խոսել, դրանից հետո այդ հայտարարությունները բաժանվել են մի քանի մասի, իսկ երբ ուզում են գործը ծածկել եւ ծրարել, այդպես մասնատում են։

Մի մասը միացրել են Մովսես Հակոբյանի հայտարարությունների վերաբերյալ հարուցված քրեական գործին, որը քննում է ՀՔԾ-ն, մյուս մասը՝ պատերազմի ժամանակ ծառայողական պարտականություններին վերաբերող այսպիսի մի երկարաշունչ քրեական գործի, որն ԱԱԾ-ն է քննում։ Հետաքրքիր մի զուգադիպություն ասեմ․ Վլադիմիր Կարապետյանը հուլիսի 20-25-ի սահմաններում ինձ հետ կապ է հաստատում Ուկրաինայից եւ խնդրում, որ իմ հայտարարություններն իմ անունից հերքեմ։ Ես իրեն ասում եմ՝ հարգելիս, այդ ամենը դու ինձ չես ասել, որ ես հերքեմ, այդ մասին ասել է Լապշինը, դիմեք Լապշինին, թող Լապշինը հերքի կամ հաստատի։

Ասում է՝ չէ, դու քո անունից հերքիր, ասում եմ՝ ոչ, որովհետեւ այն, ինչ ես լսել եմ՝ լսել եմ, այդ մի նախադասությունը՝ «մի քանի հազար զոհ որ տան, լավ էլ կտան», բայց ես դա կոնտեքստից կտրված եմ լսել եւ իմ հայտարարություններում էլ երբեք չեմ ասել, որ Վլադիմիր Կարապետյանն այսպիսի բան որ ասել է, հենց այս է ասել։ Ես իրեն ասում եմ՝ չեմ հերքի, որովհետեւ հերքելու բան չկա։ Դրանից հետո ես իրեն ասում եմ՝ եթե դու վստահ ես, որ այդպիսի բան չի եղել, ապա խնդրեմ, կարող ենք սկսել բոլոր մանրամասն բացահայտումները, որովհետեւ ես ձեռքիս տակ ունեմ նաեւ այլ փաստեր, որոնք դեռեւս հրապարակված չեն՝ կապված անձամբ Վլադիմիր Կարապետյանի հետ։ Դրանք դեռ հրապարակված չեն, որովհետեւ այս մարդիկ, այս իշխանությունն այնպիսի մարդկանց հավաքածու է, որոնք ամեն ինչի ընդունակ են՝ ընդհուպ մինչեւ մարդուն ոչնչացնելը եւ այլն, եւ քանի դեռ դու ձեռքիդ տակ ունես փաստեր, որոնք կարող են հրապարակվել ցանկացած պահի, նրանք երբեք ռիսկ չեն անի քեզ մոտենալ, առավել եւս՝ վնասել։ Դրանք փաստեր են, որոնք եթե հիմա հրապարակի, այնպես չէ, որ մեր հանրությունը ոտքի կկանգնի եւ կգնա, իշխանությունը կգրավի, այլ սառը անտարբերության կարժանացնի»,- ասաց Հոխիկյանը։

Նրա խոսքով՝ ուղղակի կապ կա Վլադիմիր Կարապետյանի հեռախոսազանգի եւ 3 օր հետո իրեն ԱԱԾ հրավիրելու ու հեռախոսն առգրավելու միջեւ․ «Երբ ես Վլադիմիր Կարապետյանին ասում եմ, որ փաստեր ունեմ, 3 օր հետո ԱԱԾ-ն ինձ հրավիրում է հարցաքննության, որի ժամանակ հանկարծ, անակնկալ կերպով, խախտելով բոլոր կանոնները, վկայի մոտից առգրավում են հեռախոսը՝ առանց խնդրելու, որ ես իրենց տրամադրեմ իմ ձեռքի տակ եղած փաստերը։ Ես պահանջում եմ, որ իմ ներկայությամբ հեռախոսը բացվի, դա էլ չեն անում։ Ես սրանց մեջ կապ եմ տեսնում, որովհետեւ Վլադիմիր Կարապետյանին պետք էր վերացնել իմ ձեռքի տակ եղած փաստերը, եւ մի քանի օր հետո ԱԱԾ-ն իմ ձեռքից վերցնում է հեռախոսը, սակայն այդ փաստերը դեռեւս ինձ մոտ կան եւ ոչ միայն ինձ մոտ»։