Փետրվարի 19-21-ը անակնկալների սպասեք

Փետրվարի 19-21-ը անակնկալների սպասեք

Մեկնարկում է Մանկապատանեկան գրքի երեւանյան 20-րդ՝ հոբելյանական ցուցահանդես-տոնավաճառը, որն այս տարի կանցկացվի փետրվարի 19-21-ը: Արդեն 20-րդ տարին է, Հայաստանի հրատարակիչների ազգային ասոցիացիայի հետ համատեղ Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանն իրականացնում է գրքի ցուցահանդես-տոնավաճառ, որի մեկնարկը կտրվի փետրվարի 19-ին՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, որը նաեւ Գիրք նվիրելու օր է հռչակված, եւ կավարտվի փետրվարի 21-ին՝ Մայրենի լեզվի միջազգային օրը:

«Այս տարի Թումանյանի ծննդյան 155-ամյակն է նշվում, այդ իսկ պատճառով փետրվարի 19-ը հագեցած կլինի թումանյանական շնչով՝ հեքիաթների ընթերցանություն, վիկտորինաներ եւ այլն: Ուզում եմ շեշտադրում անել մի ակցիայի վրա, որն արդեն երրորդ տարին ենք իրականացնում. այդ օրը ծնված Երեւանի ծննդատան երեխաներին առաջին գիրքն ենք նվիրում՝ հիմնադրելով, այսպես ասած, իրենց առաջին գրադարանը: Տոնավաճառի ընթացքում կհյուրընկալենք տարբեր տարիների նման երեխաների, ունենք երկու տարեկան գրանցված երեխաներ, որոնց սպասվում են հետաքրքիր անակնկալներ»,- իր խոսքում նշել է Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանը եւ մանրամասներ հայտնել կայանալիք միջոցառումների մասին:

Նախատեսված են մանկագիրների հետ հանդիպումներ, գրքերի շնորհանդեսներ, մասնավորապես՝ մանկագիր Արփի Մաղաքյանն Արցախի երեխաների համար կկարդա իր նոր ստեղծագործությունը, Արմինե Անդան կանցկացնի իր «Գաղտնիքների գիշերը» գրքի շնորհանդեսը եւ վարպետության դաս: Կլինի նաեւ գրադարանի լավագույն ընթերցողների պարգեւատրում:

Գրադարանը նաեւ տարիներ շարունակ «Հեքիաթի դեսպաններ» ծրագիրն է իրականացնում, այդ խորագրի ներքո այս տարի կանցկացնեն «Կարդում են հայրիկները» միջոցառումը: Իրենց ստեղծագործությունները կներկայացնեն գրող Արմեն Գրիգորյանը եւ մանկավարժ Սմբատ Գոգյանը:

Նախատեսված է նաեւ 2 գրքի շնորհանդես, մեկը Շոն Քովիի «Երջանիկ երեխաների յոթ սովորույթները» գիրքն է, մյուսը Քրիստ Մանարյանի «Այբուբենը»: Առաջին շնորհանդեսը կներկայացվի թատերականացված եղանակով, երկրորդ գիրքը՝ յուրօրինակ ձեւով. ամեն տառի համար ստեղծված է մուլտ, երեխաները ոչ միայն կկարողանան կարդալ տեքստեր, այլեւ QR կոդով դիտել 5-10 րոպեանոց մուլտեր: