Չպետք է մտածեն, որ ընտրելով Աղազարյան Հովիկին՝ ընտրում են Աղազարյան Հովիկին

Չպետք է մտածեն, որ ընտրելով Աղազարյան Հովիկին՝ ընտրում են Աղազարյան Հովիկին

Նիկոլ Փաշինյանի կուսակից, պատգամավոր Հովիկ Աղազարյանը համաձայն չէ այն կարծիքների հետ, որ արտահերթ ընտրություններին ընդառաջ «նախընտրական ձերբակալությունների» շարք են սկսել։ «4-5 ամիս առաջ է սկսվել այս գործընթացը, սպասում էինք՝ փաստաթղթեր պիտի գային, դրանք ուշացել են, նոր են եկել»,- ասաց Աղազարյանը։ Խոսքն ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արամ Հարությունյանի մասին է, ում օրերս խոշոր չափերի կաշառք վերցնելու մեղադրանք է առաջադրվել։  
- Իսկ ինչո՞ւ իրավապահները չեն զբաղվում այն համայնքապետերով, որոնք այսօր «Իմ քայլը» դաշինքի համակիրներն են, բայց բնակիչներին քողարկված ընտրակաշառք են բաժանում՝ օգնությունների տեսքով։

- Ես տեղյակ չեմ այդպիսի գյուղապետերի մասին, սակայն դատապարտում եմ։ Ում օգտին էլ որ բաժանեն, դա անընդունելի է։ 

- Պարոն Աղազարյան, ինչո՞ւ եք Ձեր քարոզարշավն անցկացնում ոչ թե սիրո եւ հանդուրժողականության մթնոլորտում, այլ հակաքարոզչություն եք անում։ ՀՀԿ-ական Մուրադ Մուրադյանը, օրինակ, հայտարարում է, որ Արարատի մարզում Դուք ընտրողներին ոչ թե Ձեր ծրագրերն եք ներկայացնում, այլ կոչ եք անում չընտրել Մուրադ Մուրադյանին, որովհետեւ այդպիսով ընտրելու են Սերժ Սարգսյանին։

- Դա հակաքարոզչություն չէ, մենք մեր մասով էլ ենք ասում՝ եթե ընտրում եք մեր թիմից որեւէ մեկին, ապա ընտրում եք «Իմ քայլը» դաշինքին, դուք ձեր ձայնը տալիս եք այն բանի համար, որ Նիկոլ Փաշինյանը դառնա վարչապետ։ Եթե ոմանց համար Սերժ Սարգսյանը հակաքարոզչություն է, թող հանեն կուսակցության նախագահի պաշտոնից։ Ես հակաքարոզչություն չեմ անում, ես Սերժ Սարգսյանին չեմ համարում բացասականության խորհրդանիշ, որ կապեմ իր հետ՝ հակաքարոզչություն անեմ, ես ուղղակի ընտրողին կողմնորոշում եմ։ Իրենք չպետք է երբեք մտածեն, որ ընտրելով Աղազարյան Հովիկին՝ ընտրում են Աղազարյան Հովիկին՝ որպես լավ մարդու եւ այլն, եւ այլն։ Իրենք պետք է հասկանան, որ նաեւ ընտրում են Նիկոլ Փաշինյանին։ Եթե ընտրում են Մուրադ Մուրադյանին, պետք է հասկանան, որ ընտրում են ՀՀԿ-ին։

- Բայց չէ՞ որ Հովիկ Աղազարյանն է պատգամավոր աշխատելու, Նիկոլ Փաշինյանը չի կարող, չէ՞, ե՛ւ վարչապետ աշխատել, ե՛ւ պատգամավոր, ե՛ւ քաղաքապետ եւ այլ պաշտոններում։

- Բնական է, դա հասկանալի է ինչ-որ իմաստով, դրա համար մենք ասում ենք, որ մեր թեկնածուներից ում ուզում եք, ընտրեք, մենք չենք ասում կոնկրետ ում ընտրեք, մենք թիմային գաղափարով ենք քարոզչություն անում, որի առաջնորդը Նիկոլ Փաշինյանն է։

- Փաստորեն, դուք ՀՀԿ-ի պես անձնակենտրոն կուսակցությո՞ւն եք հավակնում դառնալ։

- Մեզ մոտ դա մի քիչ ուրիշ է, քանի որ, ի տարբերություն այլ ուժերի, մեզ մոտ Նիկոլ Փաշինյանի՝ որպես անհատականության կայացման գործում մեզանից շատ-շատերը թեկուզ փոքրիկ-փոքրիկ լուման…

- Բայց Նիկոլ Փաշինյանը որ կար, ՔՊ-ն չկար էլ։

- Ես շատերի մասին չեմ խոսում, խոսում եմ Արարատ Միրզոյանի մասին, Լենա Նազարյանի, Աղազարյանի, Գարիկ Սարգսյանի, Ավինյանի, էլի շատերի, որոնք քիչ չեն, բոլորին չեմ թվարկելու։