Փաշինյանի ծննդավայրում «Իմ քայլն» ու ՀՀԿ-ն սիրով ու համերաշխ են

Փաշինյանի ծննդավայրում «Իմ քայլն» ու ՀՀԿ-ն սիրով ու համերաշխ են

Մայրաքաղաքում եւ հանրապետության մարզերում նախընտրական քարոզարշավն ընթանում է Փաշինյան-ՀՀԿ «փոխհրաձգությամբ» ու «հրետակոծությամբ», կողմերը քարը քարին չեն թողնում, իրար օր ու արեւ չեն տալիս: Բայց բոլորովին այլ իրավիճակ է Նիկոլ Փաշինյանի ծննդավայր Իջեւանում եւ առհասարակ՝ Տավուշի մարզում: Այստեղ չկա ՀՀԿ-Փաշինյան հակամարտություն: Դեռ մի բան էլ ավելի․ նրանց թիմակիցների միջեւ տիրում է սեր ու համերաշխություն: Գուցե պատճառն այն է, որ Տավուշի մարզի ՀՀԿ-ականները նման չեն մայրաքաղաքային կամ, ասենք՝ Արարատի մարզի «հաբռգած» որոշ կրիմինաօլիգարխիկ ՀՀԿ-ականների: ՀՀԿ-ի ամենակարկառուն դեմքը մարզում երբեմնի մարզպետ Արմեն Ղուլարյանն է, ով ամենաերկարամյա մարզպետն է եղել ողջ հանրապետությունում, կանգնած է եղել կուսակցության ստեղծման ակունքներում, ՀՀԿ գործադիր խորհրդի անդամ է, երկար տարիներ մարզում կազմակերպել է ընտրություններ, եղել է ՀՀԿ շտաբի պետը: 2014-ից Ղուլարյանը նշանակվել է քաղաքաշինության փոխնարարար, իսկ հեղափոխությունից հետո նրա պաշտոնը բարձրացվեց՝ դարձավ առաջին փոխնախարար: 


Մարզի կարկառուն ՀՀԿ-ականներից է Գագիկ Մելիքյանը, որի անձնական վարկանիշը Տավուշի մարզում ընկել էր շատ ավելի շուտ, քան ՀՀԿ-ինը: Իր մասնակցած վերջին ԱԺ ընտրություններում նա հարազատ Բերդի տարածաշրջանում չէր կարողանում բավարար քվեներ ստանալ: Այս ընտրություններում նժդեհականի ձայնը դուրս չի գալիս. նա ո՛չ առաջադրվել է որպես ռեյտինգային թեկնածու, ո՛չ էլ, առհասարակ, ակտիվություն է ցուցաբերում: Մարզի ՀՀԿ-ական մյուս պատգամավորը Հակոբ Հակոբյանն է: Նա նույնպես չի առաջադրվել որպես ռեյտինգային թեկնածու: Թեեւ Հակոբյանը վերջին տարիներին եղել է ՀՀԿ-ական եւ առաջադրվել է որպես մեծամասնական կամ ռեյտինգային թեկնածու, այնուամենայնիվ, դժվար է ասել, թե նա ՀՀԿ-ական է: Նա նախ ՕԵԿ-ական էր: Իսկ երբ Սերժ Սարգսյանը որոշեց կուլակաթափ անել ՕԵԿ-ը, գործարարներին, այդ թվում՝ Հակոբյանին, սպիտակցի Արկադի Համբարձումյանին, Սամվել Բալասանյանին եւ շատերին ստիպեց, որ դուրս գան ՕԵԿ-ից եւ անդամագրվեն ՀՀԿ-ին: Հակոբյանն այդպես է դարձել ՀՀԿ-ական: Առաջադրվելով Տավուշի մարզում՝ Հակոբյանը ՀՀԿ-ի համար զգալի ձայներ էր բերում: Այս ընտրություններին Սերժ Սարգսյանին չի հաջողվել նրան համոզել՝ առաջադրվել եւ ապահովել ՀՀԿ-ի քվեները: 

Տավուշում ՀՀԿ-ի տոկոսները նախորդ ԱԺ ընտրություններում ապահովում էին նաեւ «Գրանդ հոլդինգի» սեփականատերեր Վարդանյան եղբայրները՝ նախ անմիջական մասնակցությամբ, այնուհետեւ մարզում իրենց թեկնածուներին առաջադրելով: Դրա համար նրանք աստղաբաշխական գումարներ էին ծախսում եւ փառահեղ հաղթանակ ապահովում իշխող կուսակցությանը: Վարդանյանները, սակայն, ինչպես հիշում ենք, հեղափոխության օրերին հայտարարությամբ միացան  շարժմանը, իսկ այսօր նրանց թիմակիցները մարզում աշխատում են «Իմ քայլի» օգտին: 

«Իմ քայլի» «համակիրն» է նաեւ մարզի մյուս ՀՀԿ-ականը՝ Արծրունի Ղալումյանը, ով մարզպետ Վահե Ղալումյանի բարեկամն է, իսկ Ղալումյանը «Իմ քայլի» կողմից առաջադրված է որպես ռեյտինգային թեկնածու: Իշխող կուսակցության համար աշխատում է նաեւ միավորված Բերդ համայնքի ղեկավար ՀՀԿ-ական Հարություն Մանուչարյանը, ով ՀՀԿ-ական Գագիկ Մելիքյանի խնամին է եւ ՀՀԿ-ի «դաբրոյով» է դարձել քաղաքապետ: Իսկ մինչ այդ նրա ճանապարհը հարթում էր Ֆլեշի Բարսեղ Բեգլարյանը: 

ՀՀԿ-ականների եւ նոր իշխանության այս սերտաճումն ու ջերմ հարաբերությունները, սակայն, հիասթափեցրել են մարզի նախկին այն ընդդիմադիրներին, որոնք ժամանակին պայքարել են ՀՀԿ-ի դեմ, ակտիվ են եղել նաեւ հեղափոխության օրերին եւ առիթ են ունեցել իրենց մեջքին զգալ ՀՀԿ-ի «բռունցքի հարվածը»: Կոնկրետ Բերդի քաղաքապետ Մանուչարյանի ու մարզպետ Վահե Ղալումյանի ջան-ջիգյար մտերմությունը Բերդի տարածաշրջանի ակտիվիստների սրտով չէ: Հեղափոխության օրերին Մանուչարյանն անձամբ էր ոստիկաններին կանչում եւ քաղաքապետարանի առջեւ տարբեր գյուղերից եկած ցուցարար երիտասարդներին ձերբակալել տալիս: Այսօր նա նոր իշխանության մտերիմներից է: 

Այսպիսով, Տավուշի մարզում ՀՀԿ-ի եւ «Իմ քայլի» առճակատում առհասարակ չկա: ՀՀԿ-ի առաջադրած ռեյտինգային թեկնածուները հասարակությանը գրեթե անհայտ մարդիկ են, ասում են, որ մի երիտասարդ ուսանողի դժվարությամբ են համոզել, որ առաջադրվի: Հայտնի անձինք, ովքեր առաջադրվել են ՀՀԿ-ից, նախկին մարզպետ Հովիկ Աբովյանն ու դերասանուհի Անահիտ Մութաֆյանն են: 

Հեղափոխության օրերին իջեւանցիները բավականին ակտիվորեն էին մասնակցում, իրենց երկրացուն՝ Նիկոլին, մենակ չէին թողնում, գիշերները չէին լքում հրապարակները: Ասում են նաեւ, որ ամենաթեժ օրերին Փաշինյանի տան շրջակայքն են հսկել՝ ապահովելով նրա անվտանգությունը: Իսկ նրա ձերբակալությունից հետո, կարելի է ասել, ամբողջ Իջեւանը եւ Տավուշն էին եկել Երեւան: Ուստի, եթե Փաշինյանն իր ծննդավայր մարզի մարդկանց մի քիչ քաղցր աչքով նայի,  արդարացված կլինի:  

«Իմ քայլից» որպես ռեյտինգային թեկնածուներ Տավուշում առաջադրվել են Փաշինյանի քավորի եղբայրը՝ Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը, Հայկ Չոբանյանը՝ «Արփի սոլար» ընկերության սեփականատերը, Նիկոլ Փաշինյանի եղբորորդին՝ Սիփան Փաշինյանը, ով ցուցակի նախավերջին համարն է: Ասել, թե Սիփանին հորեղբայրն առաջ է մղում, եւ այստեղ միայն հարազատական կապն է խոսում, անարդարացի կլինի: Քանի որ Սիփանը միշտ եղել է քաղաքացիական ակտիվիստ, պայքարող ու հեղափոխության ակտիվիստներից է: Իջեւանում ասում են, որ Սիփանը Նիկոլին է քաշել՝ պայքարող կերպար է, ուստի նրա առաջադրումն արդարացված է: Այլ հարց է, որ Տավուշում արդեն կանխորոշված է, թե ռեյտինգային թեկնածուներից մարզում ով որ տեղով պետք է անցնի խորհրդարան. առաջին տեղում լինելու է Սիփանը, երկրորդը՝ Վահե Ղալումյանը, երրորդը՝ Հայկ Չոբանյանը: Փաստորեն, դեռ ընտրությունները չկայացած, ընտրողների քվեները չստացած՝ արդեն անգամ հեռավոր Կոթի գյուղում գիտեն, թե ով որ տեղն է զբաղեցնելու: Ականջը կանչի Տիգրան Մուկուչյանի…