Մի ֆետիշացրու

Մի ֆետիշացրու

Հայկազն Ղահրիյանին

Վերջին օրերի Հաաստան-Արցախ «լեզվակռվին» է անդրադարձել Lragir.am-ի գլխավոր խմբագիր Հայկազն Ղահրիյանը եւ հետեւյալ ձեւակերպումն արել. «Արցախը վերջին մի քանի հարյուրամյակներին եղել է հայկական պետականության կրողը, պահապանն ու գաղափարն այս կամ այն կարգավիճակում: Հայաստանի պետականության դերն ու արժեքը համաշխարհային քաղաքականության մեջ զգալիորեն բխում է ու պայմանավորված է Արցախով»:

Պատմաքաղաքագիտական այն մտայնությունը, թե Արցախը եղել է հայկական պետականության կրողը՝ այս կամ այն կարգավիճակով, գալիս է Րաֆֆու «Խամսայի մելիքությունների» առաջաբանից եւ ոչ մի քննադաատության չի դիմանում: Այն պարզ պատճառով, որ վերջին հարյուրամյակներում Արցախը եթե մի որոշակի կարգավիճակ ունեցել է, ապա՝ որպես Խամսայի մելիքություններ, որ տրվել է պարսից Նադիր շահի կողմից եւ ցավալիորեն մսխվել: Այնքան, որ Նադիրի սպանությունից կարճ ժամանակ անց կազմավորվել է նոր վարչաքաղաքական միավոր՝ Ղարաբաղի խանություն, որով եւ վերջ է դրվել տեղական մելիքների անվանական իշխանությանը: Ավելի վաղնջական ժամանակների մասին վստահություն ներշնչող պատմական տվյալներ, թերեւս, չկան:

Բացառություն է 1720-ական թվականների ժամանակաշրջանը, բայց դա էլ Պարսկաստանի տիրապետությունից Ռուսաստանի հովանու ներքո անցնելու ճիգ էր, որ բերեց չհաշվարկված ապստամբության՝ ի վերջո հանգեցնելով ցավալի պարտության, որից հետո ազնվականության մի զգալի մասն անցավ ռուսական ծառայության, իսկ բնակչությունն սկսեց արտագաղթել: Չկա պատմական ստույգ փաստ, որ վերջին երկու-երեք հարյուրամյակների Արցախն ունեցել է ազգային իշխանություն, ուր մնաց, թե լիներ պետականության պահապան: Րաֆֆու ժամանակներից անցել է գրեթե մեկուկես դար: Եւ աններելի է այսօր դրոշակ դարձնել մեծ երազողի արտահայտած այն միտքը, թե Ղարաբաղում պահպանվել է հայկական պետականությունը: Եւ, մանավանդ, դրանից մակաբերել, թե Հայաստանի պետականությաան դերն ու արժեքը զգալիորեն բխում է ու պայմանավորված է Արցախով:

Ընդհակառակը, Հայաստանով է պայմանավորված Արցախի բուն իսկ գոյությունը, որովհետեւ Խորհրդային Միության փլուզման ընթացքում Լեռնային Ղարաբաղի հայաթափումը կանխածրագրված էր հստակորեն: Երբեք եւ ոչ մի դիսկուրսի ժամանակ այս իրողությունը չպետք է անտեսվի: Եւ Հայաստանի պետականության շնորհիվ է, որ այդ ծրագիրը չի իրագործվել: Եւ մեծագույն հաղթանակը ոչ թե ինչ-որ տարածքների ազատագրումն էր, այլ՝ էթնոքաղաքական այդ ծրագրի կասեցումը: Արցախի կարգավորման շուրջ քննարկումների մեկնակետն էլ պետք է լինի իրողությունը՝ որ հայազերծման ծրագիրը տապալվել է, լուծումը պետք է լինի այնպիսին, որ այն վերագործարկելու հնարավորությունը բացառվի: Այդ խնդիրը կարող է լուծել Հայաստանի Հանրապետությունը: Միայն:

Բացառապես: Մնացած ամեն ինչը շաղակրատանք է,  գլուխգովություն: Անթույլատրելի է Արցախի ֆենոմենացումը, մանավանդ՝ ֆետիշացումը, որից տրամաբանորեն հետեւում է, թե Արցախը պետք է հայկական պետականության էտալոնը լինի: Դա կատարյալ մոլորություն է, որը երբ բերվում է հրապարակային դիսկուրսի, դառնում է չափազանց վտանգավոր: Պետությունը լարովի խաղալիք չէ, որպեսզի տրվի չարաճճի մանուկներին՝ ջարդեն՝ հասկանալու համար, թե ներսում ինչ մեխանիզմ կա: Մանավանդ դրանից հետո խաղալիքն անհնար է լինում վերահավաքել-գործարկել: