Նոր շրջադաձ է սպասվում ռուսական միջամտության գործի քննության մեջ

Նոր շրջադաձ է սպասվում ռուսական միջամտության գործի քննության մեջ

AP լրատվական գործակալությունը գրում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի նախկին ղեկավար Պոլ Մանաֆորտի կողմից գործարքի խախտումն ու բրիտանական մամուլի կողմից արված հրապարակումներն այն մասին, որ հնարավոր է Մանաֆորտը հանդիպել է «Վիքիլիքսի» հիմնադիր Ջուլիան Ասանժի հետ, էլ ավելի անորոշություն է մտցնում ամերիկյան ընտրական գործընթացներին ռուսական միջամտության գործի քննության մեջ։

Այս շաբաթ քննությունն իրականացնող մարմինը Մանաֆորտին մեղադրեց կեղծ ցուցմունքներ տալու եւ Հետաքննությունների դաշնային բյուրոյին ստելու մեջ, ինչը նշանակում էր, որ Մանաֆորտը խախտել է նախկինում կնքված գործարքը, որը նրան ավելի մեղմ պատիժ ստանալու հնարավորություն էր տալիս։ Այդուհանդերձ Մանաֆորտը հերքել է բրիտանական The Guardian-ի հրապարակումն այն մասին, թե հանդիպել է Ասանժի հետ 2016-ի մարտին։ Ի դեպ, հենց այդ ամիս էլ նա միացել է Թրամփի թիմին եւ այդ ամիս էլ ռուսական հաքերները Հիլարի Քլինթոնի դեմ հարձակումներն են իրականացրել։