Հեղափոխությունից հետո հակահայկական թեման Ռուսաստանում ակտուալ է դարձել

Հեղափոխությունից հետո հակահայկական թեման Ռուսաստանում ակտուալ է դարձել

Ռուս լրագրող Իգոր Կորոտչենկոն, որն «Ազգային պաշտպանություն» ամսագրի խմբագիրնն է եւ ղեկավարում է նաեւ «Զենքի համաշխարհային առեւտրի վերլուծության կենտրոն» ԲԲԸ-ն, Կրեմլին ենթակա փորձագետներից է համարվում: Սա է թերեւս պատճառը, որ նրա հարցազրույցն ադրբեջանական Oxu.Az պարբերականին չընկալվեց որպես հասարակ լրագրողի կամ նույնիսկ վերլուծաբանի տեսակետ եւ աղմուկ բարձրացրեց: Հարցազրույցում Կորոտչենկոն ղարաբաղյան կարգավորման սխեմա է առաջարկում․ «Սկզբում Հայաստանն Ադրբեջանին է վերադարձնում 7 օկուպացված շրջաններից 5-ը, իսկ այդ շրջանների եւ անմիջապես Լեռնային Ղարաբաղի միջեւ ընկած հատվածում, այսպես ասած՝ «անվտանգության գոտում», կտեղակայվեն ՀԱՊԿ խաղաղապահ զորքերը։ Այդպիսով խաղաղապահներն իրենց ներկայության փաստով կերաշխավորեն, որ հակամարտող կողմերի միջեւ ռազմական գործողություններ չսկսվեն»: Այս թրքամետ սխեման, որն ավելի կոշտ է, քան նույնիսկ Մադրիդյան սկզբունքները, քանի որ որեւէ պատասխան քայլ Ադրբեջանի կողմից չի ենթադրում, Կորոտչենկոն առաջարկում է իրականացնել ՀԱՊԿ-ի մասնակցությամբ: Մինսկի խմբի մասին խոսք անգամ չկա: Հայկական կողմի միակ «դիվիդենտը», ըստ Կրեմլի փորձագետի, լինելու է շրջափակման վերացումը: 

«Չէ՞ որ Լեռնային Ղարաբաղի շրջակա հողերը, 7 շրջանները, որոնք հիմա զբաղեցնում են հայկական զինվորական ստորաբաժանումները, այրված տարածք են: Վերադարձնելով դրանք՝ Հայաստանն ի պատասխան կստանա տնտեսական աճ, որը շրջափակման վերացման, սահմանների բացման ու տնտեսական կապերի արգելապատնեշի վերացման արդյունք կլինի: Ադրբեջանը դեռ շատ ներդրումներ պետք է անի, որպեսզի վերականգնի պատերազմի ժամանակ ավերված քաղաքները, գյուղերն ու բնակավայրերը»,- ասում է նա: Նախկինում Կորոտչենկոն զինվորական է եղել, պահեստային գնդապետ, որին 1994 թվականին, անհասկանալի պատճառներով, ազատել են ՌԴ ռուսական բանակի գլխավոր շտաբից: Այն ժամանակվա ռուսական մամուլը գրեց, որ պատճառն Իգոր Կորոտչենկոյի բարոյահոգեբանական հատկանիշներն են, որոնք ՌԴ զինուժի ատեստացիոն մարմինը զինվորական ծառայության հետ անհամատեղելի է համարել: Բայց այսօրվա Կրեմլը Կորոտչենկոյին ընդունում է, նա ՌԴ պաշտպանության նախարարության հանրային խորհրդի անդամ է: Դուրս գրված այս զինվորականը ներկայանում է որպես ռազմական փորձագետ: Նրա սկանդալային հարցազրույցը երկու օր է՝ քննարկվում է սոցցանցերում: ՀՀ օգտատերերն այն համարում են հերթական ռուս-թուրքական դավադրությունը հայ ժողովրդի եւ Հայաստանի նկատմամբ, ցնդաբանություն, զառանցանք: 

«Հայաստանին կվերադարձվեն Նախիջեւանը, Վանը, Էրզրումը, Մուշը, Ղարսը»,- գրում է օգտատերերից մեկը։ Մյուսը նշում է. «Դուք ձեր գրաված Ղրիմն ու Օսեթիան հանձնեք»: Ոմանք էլ պատասխան առաջարկներ են անում. «Փախստական ազերիները վերադառնում են Արցախ, իսկ փախստական հայերը վերադառնում են Նախիջեւան, Շահումյան ու Գետաշեն»:
Վերլուծաբաններից Գագիկ Համբարյանը ծայրահեղության մեջ էր ընկել՝ լրագրողներին մեղադրելով Ադրբեջանի նավթադոլարներից սնվող լոբբիստի զառանցանքը հայկական մեդիա-դաշտով տարածելու համար: Նման նախազգուշացումներն ուժերի ավելորդ կորուստ են, քանի որ, նախ, ինֆորմացիայի դարում ինֆորմացիոն «վիրուսի» տարածման դեմ դեղատոմս չկա, երկրորդն էլ՝ թշնամուն պետք է ճանաչել դեմքով: Հայաստանի արտգործնախարարությունը, որպես կանոն, չի հակադարձում մեր դաշնակից, բարեկամ երկրից հասնող թշնամական հայտարարություններին, գոնե խոսնակի մակարդակով դրանք չի կանխում: Վերջերս, հատկապես հեղափոխությունից հետո, Ռուսաստանում նման հակահայկական ելույթները հաճախակի են դարձել: 

ՌԴ կառավարության ենթակայությամբ գործող ֆինանսական ակադեմիայի Սոցիոլոգիայի եւ քաղաքագիտության ֆակուլտետի դեկան Ալեքսանդր Շատիլովը սեպտեմբերի սկզբին «Սվոբոդնայա պրեսսա» ինտերնետ-պարբերականում ապացուցում էր, որ Փաշինյանը պատրաստվում է «գցել» Ռուսաստանին՝ կատարելով «վաշինգտոնյան օբկոմի» կամքը: «Մինչեւ Ռուսաստանն իր գործընկերներին եւ ողջ աշխարհին չցուցադրի իր ուժը, հազիվ թե կարելի է սպասել, որ Հայաստանն առանձնապես հետաքրքրված կլինի մեզ հետ մտերմանալու շուրջ»,- ասել էր նա՝ ողջունելով այն, որ Ռուսաստանը դադարել է տնտեսական բոնուսներ տալ գործընկերներին, ինչը պետք էր ավելի վաղ անել: 

ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը մեր հարցին, թե ինչու ԱԳՆ-ն պաշտոնապես չի արձագանքում ՌԴ մերձպաշտոնական շրջանակների ներկայացուցիչների հակահայկական հայտարարություններին, պատասխանեց. «ՌԴ-ում Հայաստանի դեսպանատունն է պատասխանել, հետեւապես կարելի է համարել, որ պատասխանել է նաեւ ԱԳՆ-ն»: Սակայն ո՛չ ՌԴ դեսպանատան կայքում, ո՛չ ԱԳՆ պաշտոնական կայքում նման արձագանք չգտանք: Մեր հարցին, թե որտեղ կարելի է գտնել այդ պատասխանը, ԱԳՆ խոսնակը պատասխանեց. «Ես լրահոսում հանդիպել եմ»: 

Ավելի ուշ ԱԳՆ խոսնակը խոստովանեց, որ թյուրիմացություն է եղել, որ ինքը խառնել է՝ ավելացնելով․ «Էքսպերտներին չենք մեկնաբանում, գիտեք»։ Այնուամենայնիվ, Դորենկոյին, որն անգամ փորձագետի կարգավիճակ չունի և հասարակ հեռուստամեկնաբան է, ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը պատասխանել է և նույնիսկ պոլեմիկայի մեջ է մտել վերջինիս հետ։

Արցախում Ռուսաստանից կամ այլ երկրից լսվող հայատյաց ելույթներին սովոր են ու լուրջ չեն վերաբերվում: Բայց մշտապես զգոն արձագանքում են: Արցախի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանն ասաց. «Մենք արձագանքում ենք, որեւէ այսպիսի ցնորամիտ մոտեցում անարձագանք չի մնացել, ու լավ է, որ լրագրողներն էլ են արձագանքում: Այդ մարդը նախ շատ անձնական կարծիք է արտահայտել, իսկ նա Ադրբեջանի արտգործնախարարության տեսլականն է, որով իրենք հանդես են գալիս միջազգային տարբեր ասպարեզներում: Սա Ադրբեջանի մոտեցումն է: Այդ մարդը նման հայտարարություններ է անում, որովհետեւ շատ է սիրում խավիար, եւ այդ հայտարարություններից խավիարի հոտ է գալիս: Բայց գաղափարները, որոնք նա արտահայտում է Արցախի հետ կապված, իրատեսական չեն: Այդպիսի բան չի կարող տեղի ունենալ»: 

ՀԱԿ համակիր, քաղաքական գործիչ Երջանիկ Աբգարյանը մեզ հիշեցրեց, թե ով է Իգոր Կորոտչենկոն: «Նա ռուս հակահայ տականքներից մեկն է, որը համարյա ամեն օր հակահայ ցափռտուքներով է լցնում սոցիալական ցանցերը եւ ադրբեջանցիներին ցանկալի հարցազրույցներ է տալիս: Ակնհայտ է, որ սա, լինելով ռուսական կայսրության ավանդական հակահայ քաղաքականության շարունակող նացիստ Պուտինի խոսափողներից մեկը, նաեւ չի խուսափում իր անիրականանալի խոսքուզրույցի հաշվին նավթադոլարներ կթել ադրբեջանցիներից: Բայց դա եւ դրա նմանները նաեւ մեզ են ծառայում՝ «մեր» ռուսամոլների դեմ մղած պայքարում, որոնց տոկոսը Հայաստանում տարեցտարի սկսել է նվազել»: 

Կորոտչենկոն վերջին շրջանում, իրոք, կենտրոնացել է հայկական թեմայի վրա, եւ դա արտահայտվում է նրա ֆեյսբուքյան էջում: Երեկ նա 2 գրառում է կատարել: «Ե՛վ Բելառուսը, ե՛ւ Հայաստանը, ե՛ւ բոլոր մյուս հետխորհրդային երկրները, ամենայն հարգանքիս պարագայում, պետք է ռուսաստանյան էներգակիրները ստանան շուկայական գներով: Իսկ եթե ինչ-որ մեկին դոտացիա է պետք տալ, ապա միայն սեփական քաղաքացիներին»: Նա Փաշինյանին ուշադրության կենտրոնում է պահում, հայաստանյան ընտրությունները նրան հուզող թեմաներից են: «Փաշինյանի կառավարության հետ, իսկ նա եւ նրա ղեկավարած դաշինքը միանշանակ հաղթելու են խորհրդարանական ընտրություններում, Ռուսաստանը պետք է բացառապես պրագմատիկ հարաբերություններ կառուցի: Անկասկած, հարգելով Հայաստանի սուվերենությունը եւ ընտրողների կամքը՝ Մոսկվան պետք է ազատվի տնտեսության ոլորտում «գաղափարական» գործոններով առաջնորդվելուց: Ոչինչ չտալ անվճար, արտոնյալ պայմանով կամ պարտքով»: Մի խոսքով, հայկական թեման Ռուսաստանում ակտուալ է, ինչը մեր ԱԳՆ-ն կարծես չի նկատում: