ԲԴԽ-ում չեն կարողացել նախագահ ընտրել 

ԲԴԽ-ում չեն կարողացել նախագահ ընտրել 

Բարձրագույն դատական խորհուրդն այսօր պետք է Խորհրդի նոր նախագահ ընտրեր ԲԴԽ գիտնական-անդամներից։ Նրանք են Դավիթ Խաչատուրյանը, Գրիգոր Բեքմեզյանը և Վիգեն Քոչարյանը։ Քվեարկել են ընդամենը յոթ հոգով, սակայն այդ երեք թեկնածուներից որևէ մեկը բավարար թվով ձայներ չի ստացել։

Մենք գրել էինք, որ ավելի շատ հակված էին Դավիթ Խաչատուրյանի թեկնածությանը, նա էր իշխանության «սրտի թեկնածուն», սակայն ԲԴԽ անդամները, հատկապես՝ դատավոր անդամները որոշել են դատական համակարգը այս անգամ ավելի վեր դասել քաղաքական խաղերից և մերժել են Խաչատուրյանին ընտրել ԲԴԽ նախագահ։

Նշենք, որ օրենքով առաջին փուլով ԲԴԽ նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որն ստացել է վեց և ավելի ձայն։ Եթե առաջին փուլով չի ստացվում նախագահ ընտրել, երկրորդ փուլով են ընտրություն կազմակերպում, որտեղ արդեն անհրաժեշտ է առնվազն չորս ձայն։ Ստացվում է՝ թեկնածուներից և ոչ մեկը երեք ձայնից ավելի չի ստացել։

Նշենք, որ Դավիթ Խաչատուրյանը Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի հարազատ եղբայրն է, նրա՝ ԲԴԽ նախագահ ընտրվելու դեպքում շահերի բախում ևս կառաջանար։ Մեզ ասացին, որ ԲԴԽ-ում այս պահին խառն են՝ փորձում են որևէ ելք գտնել անսպասելի իրավիճակից։