Ընտրվել է համայնքի ղեկավար ու գնացել երկրից

Ընտրվել է համայնքի ղեկավար ու գնացել երկրից

Արմավիրի մարզի Վարդանաշեն համայնքի ղեկավար Արթուր Մանուկյանն անցած կիրակի՝ փետրվարի 17-ին, վերընտրվել է, իսկ փետրվարի 21-ին լքել երկիրն ու գյուղը:

Վարդանաշենցիներն «օդից կախված» լուրերից իմացել են, որ իրենց ղեկավարը գյուղում չէ, բայց պարզել ոչ մի կերպ չեն կարողացել: Գյուղապետի՝ համայնքը լքելու եւ գտնվելու վայրի մասին համակ լռություն են պահպանել նաեւ նրա կողմնակիցներն ու ընտանիքի անդամները:

Մեր զանգերը եւս ապարդյուն էին. Արթուր Մանուկյանն օրեր շարունակ անհասանելի էր: Զարմիկը՝ Կարենը, «Հրապարակին» ասաց, որ տեղեկություն չունի բարեկամից: Անտեղյակ էր նաեւ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Ազատ Գրիգորյանը:  «Ո՛չ եկել է գյուղապետարան, ո՛չ տեսել եմ, ո՛չ էլ հեռախոսով ենք շփվել: Չի էլ տեղեկացրել՝ ուր է գնում, ինչքան ժամանակով է գնում…»։

Անորոշության վրա լույս սփռեց համայնքի ղեկավարի մայրը, ասաց, որ որդին ու հարսը գնացել են Մոսկվա, 10-15 օրից կվերադառնան: «Գյուղացիների բողոքներն ու դժգոհություններն այնքան էին ազդել հարսիս վրա, որ չդիմացավ՝ առողջությունը քայքայվեց: Տղաս էլ տարել է Մոսկվա, որ բուժվի: Ի՞նչ է եղել որ, չի՞ կարելի…»։

Վարդանաշենցի Սուրեն Բաբաջանյանի կարծիքով՝ գյուղապետ Մանուկյանն այլեւս չի վերադառնա: Իսկ թե ինչու՝ դժվարացավ հիմնավորել: Համայնքի ղեկավարի պահվածքից վիրավորված՝ գյուղացիներն ասացին. «Մենք հեչ, մեզ բանի տեղ չի դնում, գոնե իր աշխատողներին չարհամարհեր, մարդու տեղ դներ, ասեր՝ գնում եմ կնոջս բուժման համար, էսինչ օրը կգամ»:
Վարդանաշենցիների հետ հանդիպել, նրանց բողոքներն ու դժգոհությունները լսել է նաեւ Արմավիրի մարզպետը: Համբարձում Մաթեւոսյանն ասել է՝ մարզպետարանի աշխատանքային խումբը Վարդանաշենում արտապլանային իրավական եւ մասնագիտական հսկողություն կիրականացնի, եթե բնակիչները գյուղապետի անօրինությունների վերաբերյալ փաստեր ներկայացնեն: