Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպման մասին տեղեկություն չունենք․ Հիքմաթ Հաջիեւ

Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպման մասին տեղեկություն չունենք․ Հիքմաթ Հաջիեւ

Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմաթ Հաջիեւը հայտարարել է, որ ԵԱՀԿ ՄԽ եռանախագահության հերթական ռեգիոնալ այցի շրջանակներում Բաքու կատարած այցի ժամանակ ադրբեջանական կողմը հերթական անգամ համանախագահներին փոխանցել է պաշտոնական Բաքվի տեսակետը՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման առնչությամբ։

Ինչպես հայտնում է OXU.az-ն, Հաջիեւը նշել է իր խոսքում, որ հակամարտության կարգավորման բանակցային պրոցեսի ներկա փուլում Հայաստանը պահանջներ է առաջ քաշել։ Նա նկատել է, որ «միջազգային հանրությունն ու համանախագահները պետք է ջանքեր ներդնեն, որպեսզի Հայաստանին բերեն ավելի կառուցողական հուն»։

Նա նաեւ ասել է, որ այժմ դեռ տեղեկություն չկա ոչ ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների, ոչ էլ լիդերների առաջիկա հանդիպման մասին, չնայած այն բանին, որ Ադրբեջանի ԱԳն խոսնակ Լեյլա Աբդուլաեւան ավելի վաղ հայտարարել էր, որ ընթանում են Փաշինյան-Ալիեւ հանդիպման նախապատրաստական աշխատանքները։