Նիկոլ Փաշինյան- Վազգեն Մանուկյան․  2007-2019թթ․ 

Նիկոլ Փաշինյան- Վազգեն Մանուկյան․  2007-2019թթ․ 

Մարտի 1-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել էր Հանրային խորհրդի անդամներին։
Այդ ընդունելության ժամանակ նա, ի թիվս ՀԽ մյուս անդամների, դիմել էր նաեւ Վազգեն Մանուկյանին, նշելով․ «Մարտի 1-ի իրադարձությունների կապակցությամբ հանդես եմ եկել ուղերձով եւ այնտեղ որպես վարչապետ պետության անունից ներողություն եմ խնդրել Երրորդ Հանրապետության պատմության ընթացքում տեղի ունեցած բոլոր ընտրակեղծիքների, բոլոր քաղաքական հետապնդումների համար։ Այդ ուղերձը, ներողության խոսքերն ուղղված են Երրորդ  Հանրապետության ընթացքում քաղաքական հետապնդման ենթարկված բոլոր քաղաքական ուժերին, քաղաքական ուժերին եւ քաղաքական գործիչներին եւ քաղաքացիներին։ Ուզում եմ ընդգծել, որ այդ ուղերձն ուղղված է նաեւ Ձեզ՝ պարոն Մանուկյան, որպես ՀՀ-ում երկար տարիներ ընդդիմադիր քաղաքական ուժ ղեկավարած եւ ընտրակեղծիքների զոհ դարձած քաղաքական ուժի ղեկավար, քաղաքական գործիչ»։ 

Փաշինյանի այս ուղերձը սվիններով է ընդունվել Վազգեն Մանուկյանին հակակրող քաղաքական շրջանակների կողմից։ Նրանք փորփրում են  Վազգեն Մանուկյանի մոտակա անցյալը, երբ նա 2008թ․ մարտի 1-ից հետո նախընտրեց սատարել Սերժ Սարգսյանին եւ որպես դրա փոխհատուցում նշանակվեց  Հանրային խորհրդի նախագահ։ Դրանից հետո էլ Վազգեն Մանուկյանն աչք փակեց քաղաքական բոլոր հետապնդումների, քաղբանտարկյալների վրա՝ մոռանալով, որ 1996 թվականից հետո ինքն ու իր թիմակիցներն էին ենթարկվում քաղաքական հետապնդման այն ժամանակվա իշխանությունների կողմից։ Դժվար է ասելը, թե այսուհետ ինչ ընթացք կունենան Մանուկյան-Փաշինյան հարաբերությունները։ Արժե, սակայն, հիշել, թե նախկինում ինչպիսին են եղել այդ հարաբերությունները, երբ Փաշինյանը Վազգեն Մանուկյանի հակառակորդ,  ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմում էր։ 

2007-2008թթ․, երբ Նիկոլ Փաշինյանն անձնուրաց կերպով աջակցում էր Լեւոն Տեր-Պետրոսյանին, 15․12․2007թ․ «Հայկական ժամանակ» օրաթերթի թիվ 224 համարում տպագրվեց Վազգեն Մանուկյանի «Mein Kampf»- «Իմ պայքարը» վերնագրով հոդվածը։ Այն ձեռագիր վիճակում առգրավվել էր 1996թ․ սեպտեմբերի 27-ին, «Ազգային ժողովրդավարական միություն» կուսակցության խուզարկության ժամանակ։ 
Քանի որ հոդվածը ծավալուն է, դրանից անում ենք որոշ մեջբերումներ, որպեսզի ընթերցողին հիշեցնենք, թե այն ժամանակ ընդդիմադիր գործիչ Մանուկյանն ինչ պլաններ ու ծրագրեր է ունեցել իշխանություններին վնասազերծելու համար։

«Ունենալ մեկին, որը պետք է օժտված լինի զարմանալի պետական, իրավագիտական ընդունակություններով: Ունենա խելացի ու ջանադիր աստիճանավորի հատկություններ, մարդկային հոգեբանության գիտնականի հատկանիշներ, մարդ, որը կարողանա գտնել յուրաքանչյուր երեւույթի ու դրված խնդրի լուծման բանալին, կարողանա պարզել ամենածածուկ, ամենամութ մարդու բոլոր խորագաղտնիքները, որը իր ձեռքում կուտակի բավականին օգտակար նյութեր՝ տեղեկանք ամեն մեկի մասին, ով էլ որ հանդիպի նրա ճանապարհին£ Այդ մարդը պետք է լինի ԱԺՄ-ի եւ հատկապես Վազգեն Մանուկյանի խորհրդատուն` անկեղծորեն ծառայելով այդ կազմակերպությանն ու արդարության գաղափարին:

Նա պետք է կարողանա ճարպկորեն ձեռք գցել ուրիշների գաղտնագրերն ու նամակները, ունենա նրանց գաղտնի մտադրությունները կռահելու եւ իմանալու, փակ դռների ետեւն թափանցելու ընդունակություն եւ այդ բոլորի հետ միասին՝ անձնական նվիրվածություն: Նման մարդը ունենալու է իր գործակալները, որոնք կարողանան թափանցել ամենուր եւ ի մի հավաքել այն ամենը, ինչը անհրաժեշտ է: Գործակալներ ունենալ առաջին հերթին հենց՝ Լ.-ի (Լեւոնի), Բ.-ի (Բաբկենի), Հ.Բ.-ի (Հրանտ Բագրատյանի), Վ.Ս.-ի (Վազգեն Սարգսյանի), Ս.Ս.-ի (Սերժ Սարգսյանի), Վ. Ս.-ի (Վանո Սիրադեղյանի) եւ այլոց մոտ: Նրա աչքից չպիտի վրիպի ոչ մի դավադրություն, ոչ մի գաղտնի հանդիպում (բանակցություն)` սկսած պետական մեծ ու միջին պաշտոնյաներից մինչեւ ամենաշարքային պաշտոնյա եւ շուկայական մանր ու մեծ շեֆերի սարքած անկարգություններ: Մի խոսքով՝ աչքեր ու ականջներ՝ ամենուր:  Նա պետք է վարձատրվի»:

«Եթե Հանրապետության Նախագահը ունի գաղտնի պայմանագրեր, խոսակցություններ, որոնք հակադրվում են մեր ազգային ու պետական շահերին, հայտնաբերել այդպիսիք եւ հրապարակել ԱԺ-ի թեկուզ փակ նիստերում, եթե կարելի է, նաեւ մամուլում եւ հանրահավաքներում»:

ա) «Ազգային ժողովի կրքոտ վեճերի պահերին նետել նրանց գաղտնիքը հայտնաբերող ֆրազներ՝ այնքան համոզվածությամբ, որ շփոթ ու վախ ներարկի նրանց մեջ, առաջացնի կասկածանքներ: Նման ֆրազներով ջլատելով նրանց միասնությունը: Ընդդիմությունը կվաստակի «բարեկամներ», որոնք կփորձեն ընկնել ընդդիմության հովանավորության տակ: Իսկ այդպիսիք արդեն գործիք են: Եթե նետված ֆրազներից նրանց միջեւ կայանա հայացքների թեկուզ լուռ փոխանակում, նշանակում է` հարվածը ճիշտ էր եւ հասել է իր նպատակին, նշանակում է՝ այն պետք է աստիճանաբար զարգացնել` գործի դնելով գաղափարական տակտիկական զենքը»:

բ) «Ստեղծել հակադրություն Հանրապետության Նախագահի եւ Ազգային ժողովի միջեւ: Թող որ ՀՀՇ-ի, «Հանրապետություն» բլոկի կողմից հարձակումները շատ լինեն ընդդիմության դեմ, վախենալու ոչինչ չկա»:

գ) «Առաջարկել Ազգային ժողովում ստեղծել մի խորհուրդ կամ նման մի բան, որի ֆունկցիան լինի հատուկ հարցերի քննարկումը (ուզում է ասել՝ որի ֆունկցիան լինի միայն հարցերի քննարկումը-հեղ.), որոշումների նախապատրաստումը, հետագայում, ընդլայնված նիստում քննարկելու պատրվակով: Դա կլինի մի օղակ, որը սեպ կխրի հենց իրենց՝ «Հանրապետություն» բլոկի անդամների մեջ (նման դեպքերում ընդդիմությունը կլինի ձեռնպահի դիրքում)»:

դ) «Կատարել առաջարկներ, որը գրգռի նրանց նյարդերը, դուրս բերի ափերից, ընդհուպ միմյանց նկատմամբ տուրուդմբոց (հատկապես դա հեշտ է, քանի որ նրանց կապում է շահը)»:

ե) «Բ.-ի (Բաբկենի), Վ.-ի (Վազգենի), Հ.-ի (Հրանտի), Վ.Ս.-ի (Վանո Սիրադեղյանի) կամ մեկ այլի խելքին հասցնել, որ ինքը արժանի է Հանրապետության նախագահի պոստին, եւ թող փորձի իր թեկնածությունը առաջադրել...»:

զ) «Գործի նկատմամբ չպետք է լինի անտարբերության նշույլն անգամ, քանի որ անտարբերության ու ծուլության դեմ պայքարի ոչ մի զենք չկա: Փոխարենը՝ անտարբերության, ծուլության, երերալու, անվճռականության հատկանիշներ առաջացնել նրանց մեջ: Թերեւս դա պայքարի լավագույն զենքերից մեկը կլինի»:

է) «Պայքարի թատերաբեմ բարձրացած անհատ լինի թե կուսակցություն, անգամ հասարակություն, եթե սկսի մտածել իր հնարավոր վտանգի մասին, ապա օգտակար ոչինչ չի անի: Ուրեմն բոլորս դեպի ակտիվ պայքար` արհամարհելով ամեն մի ենթադրյալ վտանգ (հաշվի չառնել ոչ մի վտանգ)… Կարելի է կիրառել հակառակորդին մաս-մաս անելով ծնկի բերելու տակտիկան, այն է՝ ԱԺ-ում ստեղծել խմբակցություններ եւ նրանց հանել միմյանց դեմ եւ ջախջախել առանձին-առանձին»:

Հաշված օրեր անց, 20․12․07թ․ ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը դիմում-բողոքով դիմել էր ՀՀ գլխավոր դատախազին՝ հայտնելով, որ «Հայկական ժամանակ»-ի 15․12․07թ․ թիվ 224 համարում տպագրված Վազգեն Մանուկյանի ««Mein Kampf»- «Իմ պայքարը»» վերնագրով հոդվածում հրապարակայնորեն տարածվել են նրա պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող, բարի համբավն արատավորող ակնհայտ սուտ տեղեկություններ, եւ որ այդ տեղեկությունները զուգորդվել են ծանր եւ առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու մեղադրանքներով։ Դիմումատուն նշել էր, որ նշված հրապարակմամբ իրեն մեղադրել են պետական հեղաշրջում, հեղափոխություն կազմակերպելու, «բացարձակ դավաճանության» մեջ՝ այդպիսով հանիրավի զրպարտելով եւ վիրավորական արտահայտություններով անվանարկելով իրեն եւ խնդրել՝ զրպարտելու եւ վիրավորելու փաստով հարուցել քրեական գործ։ ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության կողմից 20․12․07թ․ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասով (Զրպարտություն) եւ 136-րդ հոդվածի 1-ին մասով (Վիրավորանք)։ 

Հետագայում, իհարկե, Վազգեն Մանուկյանը հետամուտ չեղավ Նիկոլ Փաշինյանին դատի տալու հարցում, բայց նրա՝ ՀՀ վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո սկսեց քննադատել Փաշինյանին։ 
Իսկ Վազգեն Մանուկյանին հղած ուղերձով, ակնհայտ է, որ Փաշինյանը քայլ է անում տարանջատվելու Հայաստանի երրորդ հանրապետությունում ընտրակեղծիքներ իրականացրած բոլոր բարձրաստիճան պաշտոնյաներից՝ հավաստիացնելով, որ այդ էջը պետք է փակվի մեկընդմիշտ։