Հայաստան կժամանի հանրահայտ Chanel-ի սեփականատերերից Ժերար Վերթհայմերը  

Հայաստան կժամանի հանրահայտ Chanel-ի սեփականատերերից Ժերար Վերթհայմերը  

Այսօր առավոտյան մենք լուր էինք հրապարակել, ըստ որի՝ մեր տեղեկություններով, նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով մարտի 9-ին` առաջին անգամ, Հայաստան կայցելի «Շանել» նորաձեւության ընկերության հիմնադիր-եղբայրներից մեկը` սեփականատեր Ժերար Վերթհայմերը, Վաչե Մանուկյանի ուղեկցությամբ։ Այսօր այս լուրի վերաբերյալ նախագահականը մամուլի հաղորդագրություն ուղարկեց։

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով մարտի 9-ին Հայաստան կժամանի համաշխարհային խոշոր ընկերություններից մեկի՝ հանրահայտ Chanel նորաձեւության տան սեփականատերերից Ժերար Վերթհայմերը:

Ժերար Վերթհայմերն առաջին անգամ է այցելում Հայաստան: Այցը, որը ճանաչողական բնույթ ունի, հնարավորություն է ծանոթանալու Հայաստանի պատմությանը, տեսարժան վայրերին ու պատմամշակութային ժառանգությանը, ինչպես նաեւ ուսումնասիրելու մեր երկրի թեթեւ արդյունաբերության ոլորտը, ներդրումային ներուժն ու համագործակցության հնարավոր ուղղությունները:

Ժերար եւ Ալան Վերթհայմեր եղբայրները ֆրանսիական հայտնի Chanel ընկերության սեփականատերերն են: Նրանց պապը՝ Պիեռ Վերթհայմերը, եղել է Chanel նորաձևության տան հիմնադիր, մոդելավորող Կոկո Շանելի գործընկերը:

Chanel նորաձևության տունը մասնագիտացած է հագուստի և բարձրակարգ աքսեսուարների, օծանելիքի արտադրության ոլորտում: Այն այսօր գործող ամենահին նորաձևության տներից է: Chanel-ի արտադրանքն ամենապահանջվածներից է աշխարհում: