Էշ, մի սատկիր, գարուն է գալու

Էշ, մի սատկիր, գարուն է գալու

«Երբ աղբը հավաքենք, վերացնենք բակերում տեղադրված «բուդկաներն» ու ավտոմեքենաների կմախքները, մեր գործերն ահագին առաջ կընկնեն»: Օրերս «Ֆեյսբուքում» Փաշինյանին այսպիսի միտք էին վերագրել, բայց աղբյուրը բավականին կասկածելի էր, և ես ոչ այն է` հավատացի, ոչ այն է` ոչ, թեև միտքն ինքնին բավականին ուշագրավ էր: Մի պահ մտքով պատկերացրի մեր շենքի բակը` առանց անկապ «բուդկաների» և հավանոցի վերածված ավտոկմախքների… Հրաշալի է, կհավաքվի նաև դրանց տակ տարիներով կուտակված աղբը, բակը կմեծանա, երեխաները խաղալու տեղ կունենան:

Ես նույնիսկ ամաչեցի, որ տարիներ առաջ դիմել էի Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին` երկու ավտոտնակների միջև եղած 16 ք/մ տարածքն ինձ տրամադրելու խնդրանքով, որպեսզի ցանկապատեմ այն և, երեխաներին նեղություն չտալու համար ավտոմեքենաս այնտեղ կանգնեցնեմ: Տարոն Մարգարյանն, իհարկե, խոհեմաբար մերժել էր ինձ և իր պատասխանում նշել, թե բա չե՞ս ասի, ՀՀ կառավարության քաղաքաշինական ծրագիր կա` մինչև 2020 թվականը վերացնել բոլոր ավտոտնակները և շենքերի բակերում ստորգետնյա ավտոկայանատեղիներ կառուցել: Ես չգիտեի` տխրե՞մ մերժումի համար, թե՞ ուրախանամ Մարգարյանի հայտնած ավետիսից, որ 2020 թվականին ստորգետնյա ավտոկայանատեղի եմ ունենալու:

Հույսն, ինչպես ասում են, ավելի ուժեղ զգացում է: Ես զինվեցի համբերությամբ և որոշեցի սպասել:
Բոլորդ գիտեք, թե ինչ տեղի ունեցավ 2018թ. ապրիլ-մայիսին: Ավելի ուշ պարզվեց, որ սխալվել է ոչ միայն Սերժ Սարգսյանը, այլև երևանցիների կուռք Տարոն Մարգարյանը, և ճիշտ է ոչ միայն Նիկոլը, այլև Հայկոն: Մտածեցի` դե որ Տարոն Մարգարյանը սխալվել է, և ճիշտը Հայկոն է, նույն նամակը Հայկոյին գրեմ` տեսնեմ` ինչ կասի: Մոտ մեկ ամիս սպասեցի պատասխանի: Վերջապես փոստի բաժանմունքից զանգեցին, թե նամակ ունեմ: Էլ չպատմեմ, թե ինչ արագությամբ սլացա փոստ, աշխատակցի ձեռքից խլեցի նամակն ու բացեցի ծրարը…

«Տը, տը, տը պարոն Էդիկ Անդրեասյանին, Երևանի քաղաքապետարանից, Ձեր նամակին` ավտոտնակ տեղադրելու նպատակով տարածք հատկացնելու մասին պատասխանում ենք…», իսկ մնացածը, ինչպես Տարոն Մարգարյանի նամակում էր` «… որ ՀՀ կառավարության քաղաքաշինական ծրագիր կա` մինչև 2020 թվականը վերացնել բոլոր ավտոտնակները և շենքերի բակերում ստորգետնյա ավտոկայանատեղիներ կառուցել»: Հայտնությունն ինձ համար անսպասելի էր: Փաստորեն ոչ Տարոն Մարգարյանն էր սխալվել և ոչ էլ Հայկոն էր ճիշտ: Նրանք ընդամենը պաշտոնյաներ են, որոնք քաղաքապետարանում են դրված որպես ռեկվիզիտ` քաղաքացուն գեղեցիկ ոճով մերժելու և Երևանը Նյու Վասյուկի դարձնելու խոստումներով կերակրելու համար:

Պատկերացնո՞ւմ եք, ՀՀ կառավարության ղեկավար Նիկոլն ու Երևանի քաղաքապետ Հայկոն Հայկոն, որ այսօր նույնիսկ աղբը հավաքել չեն կարողանում, 2020 թվականին մեր բակում ստորգետնյա ավտոկայանատեղի են կառուցելու: Փռթկացի…

-Լա՞վ լուր էր, մաղարիչ ունես անելու,- փռթկոցիս արձագանքեց փոստի աղջիկը:

-Հա, լավն էր… Մաղարիչն ինձ վրա, հիմա մի մեծ շոկոլադ բերեմ…

Աղջկան քաղցրացնելուց հետո իջնում եմ կենտրոն ու ի՞նչ տեսնեմ` մի 10-15 մարդ հավաքվել է Հայկոյի տոնածառի շուրջը, տեխնիկա են բերել, որ ապամոնտաժեն երևելի գեղեցկուհուն: Փեշերի ճյուղերը հանել էին արդեն, և տոնածառը բավականին էրոտիկ տեսք ուներ` ոնց որ կարճ շրջազգեստով գիշերային թիթեռնիկ: Տեսնես քանի՞ օր կտևի ապամոնտաժումը: Տոնածառի մասնագետների անշտապ շարժումներից կարելի էր եզրակացնել, որ մի 5-6 օր դեռ կաշխատեն: Մոնտաժումը 10-12 օր տևեց, եթե չեմ սխալվում, գումարած այն համընդհանուր «ղժժոցը» որ բարձրացել էր նոր տոնածառի գնի շուրջ:

Այն ժամանակ ես դեռ մտածում էի, որ Հայկոն ճիշտ է: Այսօր արդեն այդպես չեմ մտածում, որովհետև մի տոնածառի մոնտաժումն ու ապամոնտաժումը չի կարող ավելի երկար տևել, քան այդ տոնածառի զարդարուն կյանքը: Ճիշտ նույն կերպ չի կարող քաղաքացու կյանքն ավելի կարճ լինել, քան այդ կյանքի ընթացքում նրան տրվող խոստումների կատարման ժամկետները: Դա նորմալ չէ: 2020 թվականին, երբ նույն նամակը գրեմ Հայկոյին կամ նրա հաջորդին, ինձ արդեն պատասխանելու են, «…որ ՀՀ կառավարության քաղաքաշինական ծրագիր կա` մինչև 2030 թվականը վերացնել բոլոր ավտոտնակները և շենքերի բակերում ստորգետնյա ավտոկայանատեղիներ կառուցել…»:

Հ.Գ. Սիրելի ընթերցող, ներողություն եմ խնդրում, որ օրինակն ինձ վրա բերեցի և իմ անձնական նամակի հետ կապված պատմությունն արեցի այստեղ: Այսուհանդերձ վստահ եմ, որ շատերիդ հետ կարող է նույնը պատահած լինել` մերժած լինեն և սուտ խոստումներ տված: Ի՞նչ իմանամ, գուցե հենց դա՞ է կյանքը, իսկ գուցե ճիշտն այն է, որ թքես ամեն ինչի վրա ու գործդ զորբայությա՞մբ առաջ տանես: Մի խորհուրդ տվեք: Ձեր մեջ կա՞ մեկը, որ տեսել է  ՀՀ կառավարության քաղաքաշինական այն ծրագիրը, ըստ որի մինչև 2020 թվականը Երևանի բակերում ստորգետնյա ավտոկայանատեղիներ են կառուցելու: