Բարեկամական կարգավորման ինստիտուտ՝ դատական վեճերում

Բարեկամական կարգավորման ինստիտուտ՝ դատական վեճերում

Կառավարությունը շրջանառության մեջ է դրել նախագիծ, որով առաջարկելով լրացումներ անել ՀՀ քրեական, քաղաքացիական  վարչական դատավարությունների օրենսգրքերում, հստակ սահմանել է, որ ներպետական դատարաններում քրեական, քաղաքացիական և վարչական գործերը ենթակա են վերանայման նաև բոլոր այն դեպքերում, երբ այդ մասին հստակ նախատեսված է բարեկամական կարգավորմամբ կամ միակողմանի հայտարարությամբ։ Սա դատական վեճերի բանակցային կարգավորման ինստիտուտն է։

Նախագծի ընդունումից ակնկալվող արդյունքն այն է, որ գործը կվերանայվի ոչ միայն Հայաստանի վավերացրած միջազգային պայմանագրի հիման վրա գործող միջազգային դատարանի` ուժի մեջ մտած վճռով կամ որոշմամբ անձի` ՀՀ վավերացրած միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստը հիմնավորված լինելու պարագայում, այլև այն դեպքում, երբ վերանայման հնարավորությունն ուղղակիորեն սահմանված կլինի միակողմանի հայտարարությամբ կամ բարեկամական կարգավորմամբ։ 

Ըստ օրենսդրի՝ այս փոփոխությունը հնարավորություն կտա ներպետական մակարդակում վերանայել գործերը նաև այն դեպքերում, երբ բարեկամական կարգավորմամբ կամ միակողմանի հայտարարությամբ պետությունն ուղղակիորեն ստանձնել է նման պարտականություն։

Այսուհանդերձ, Եվրոպական դատարանը բարեկամական կարգավորումներն ու միակողմանի հայտարարությունները չի դիտարկում որպես վեճերի լուծման դասական առումով այլընտրանքային տարբերակ, այլ համարում է այն «դատական կարգավորման» եղանակ, և պետության կողմից մարդու իրավունքների և ազատությունների չհարգման վտանգի առկայության դեպքում Եվրոպական դատարանը մերժում է բարեկամական կարգավորումն ու միակողմանի հայտարարությունը: 

Եվրոպական դատարանն իր նախադեպային իրավունքում զարգացրել է այն գաղափարը, որ բարեկամական կարգավորման կամ միակողմանի հայտարարության առկայության դեպքում գանգատը գործերի ցուցակից հանելու որոշում կայացնելիս նման որոշումն ինքնին չի սահմանափակում դիմումատուի կողմից ազգային մակարդակում իր խախտված իրավունքների վերականգնման համար արդյունավետ պաշտպանության այլ միջոցներին դիմելու հնարավորությունը։

Հարցի առնչությամբ վճռորոշ է Jeronovičs v. Latvia[7] գործով վճիռը, որում Եվրոպական դատարանը միակողմանի հայտարարության հիման վրա գործերի ցուցակից հանել էր դիմումատուի գանգատը: Ներպետական մակարդակում դիմումատուն պահանջել է գործի վերաբացում, սակայն դրան ընթացք չի տրվել, քանի որ կառավարությունը պնդել է, որ ո՛չ միակողմանի հայտարարությամբ, ո՛չ դատարանի որոշմամբ նման հնարավորություն նախատեսված չի եղել. փոփոխությունը միտում ունի ՀՀ օրենսդրական կարգավորումները համահունչ դարձնել ՀՀ ստանձնած միջազգային պարտավորություններին՝ լրացուցիչ երաշխիք դառնալով անձանց իրավունքների և ազատությունների լիարժեք ապահովման համար։