Բրյուս Չաթվին. ինչ եմ անում այստեղ

Բրյուս Չաթվին. ինչ եմ անում այստեղ

Ռուս բանաստեղծ Օսիպ Մանդելշտամի «Ճանապարհորդություն դեպի Հայաստան» էսսեների ժողովածուն անգլիացի արձակագիր, ճանապարհորդ, հավաքորդության սիրահար, բնապատկերների, հեռավոր ցամաքամասերում մարդկային ճակատագրերի, լքված հյուղակների ու անբնակ վայրերի լռության հավաքորդ Բրյուս Չաթվինի (1940 - 1989) ամենասիրելի գրքերից էր: 1989 թվականից ի վեր Մանդելշտամի «Ճանապարհորդություն դեպի Հայաստան» գիրքը վերահրատարակվում է հենց Չաթվինի առաջաբանով:

«Ինչ եմ անում այստեղ» ժողովածուն (Jonathan Cape Publication, 1988) Չաթվինի կյանքի օրոք լույս տեսած, տարբեր ժամանակներում գրված ուղեգրական նոթերի, ափաչափ պատումների, վերհուշերի, կոլաժների հավաքածու է, ուր տեղ է գտել նաեւ «Նադեժդա Մանդելշտամ. մի այցելություն» էսսեն, որում Օսիպ Մանդելշտամի զառամյալ այրին Չաթվինից համառորեն պահանջում է ասել, թե վերջապես ով է ներկայիս անգլալեզու գրականության ամենամեծ պոետը եւ ով է ամենատաղանդավոր արձակագիրը: Չաթվինը երկար տարիներ աշխատել է Սոթբիս աուկցիոն տանը՝ որպես արվեստի գնահատման առաջնակարգ մասնագետ։ Այնուհետեւ հետաքրքրվել է հնագիտությամբ եւ, վերջապես՝ ճամփորդել: 1977 թվականին նա հրատարակում է «Պատագոնիայում» ուղեգրական գիրքը, որն իր ուրույն աշխարհընկալմամբ, իր ձեւով մատուցանում էր ուղեգրության մի նոր, ինքնօրինակ վկայում՝ բնորոշված որպես փորձարարական հուշապատում՝ իր մինիմալիզմի, բնագրի լռասիրության, արտառոց պատմությունները պարզ, անգոչյուն փոխանցելու հատկության համար:

«Պատագոնիայում» գիրքը ցայսօր էլ վերահրատարակվում է, թարգմանվում տարբեր լեզուներով. այն մեծ ընդունելության արժանացավ եւ հռչակ բերեց Չաթվինին: Իսկ նա շարունակում էր ճամփորդել՝ անդադար որոնելով նոր հասցեներ, նոր մարդկանց։ «Մոլեսկին» նոթատետրերում սղագրելով նրանց պատմությունները ցամաքամաս առ ցամաքամաս, ճակատագիր առ ճակատագիր, ապա փոստով նոթատետրերն ուղարկում էր կնոջը՝ որպես ուղեցույց, տեղի ու հուշի փայփայած մի պատկեր, մարդկանց մասին խոսելու հեռահար սեւեռում: «Ինչ եմ անում այստեղ» ժողովածուն բաժանված է տասնմեկ թեմատիկ, վերնագրված գլուխների, յուրաքանչյուր գլուխ՝ ենթագլուխների, որոնք եւս վերնագրված են: Ժողովածուի գլուխներն առաջին հայացքից կարող են անկապակից, նույնիսկ անհաղորդակից թվալ, այդուհանդերձ նրանց, թեկուզ աներեւույթ մի թելով, միավորում ու տեղորոշում է պատմողը:

Չաթվինի՝ սակավախոսի ժուժկալ գրիչը տեսնում ու անցնում է աշխարհը, ճանապարհին հանդիպում մարդկանց, նրանց միջեւ գրեթե անհիշելի երկխոսություն է դրոշմում, որ հաճախ միայն սկսվում է եւ այդպես սկսվելով էլ ավարտվում: Բրյուսը ճաշում է ընկերների, անծանոթների, պարզ մարդկանց, ֆանատիկ հավաքորդների հետ՝ ճաշը հաճախ փոխակերպելով արտառոց ուղեւորության, հակումների, որոնք, ի հեճուկս իր խնայողական պատումի, ընդարձակվում են, ապա գնալով բազմաշերտության ու թանձրության միտվում: