Ոչ թե Քերոբյանի դեմ ցուցմունք են տվել, այլ անուղղակի ցուցմունքի մասին է խոսքը

 Ոչ թե Քերոբյանի դեմ ցուցմունք են տվել, այլ անուղղակի ցուցմունքի մասին է խոսքը

Գրեթե 2 ամիս անց Վահան Քերոբյանի նկատմամբ տնային կալանք և համակցված այլընտրանքային խափանման միջոցների կիրառումից հետո նրա նկատմամբ գործողությունների ժամկետը ևս 2 ամսով երկարաձգվեց։ Պարոն Քերոբյանը համբերատար 2 ամիս սպասեց տնային կալանքի պայմաններում՝ առանց ավելորդ աղմուկների, առանց ավելորդ նյարդային դրսևորումների, որպեսզի օբյեկտիվորեն ենթադրաբար անհրաժեշտ ժամանակը հատկացվի։ 

Այս մասին այսօր՝ ապրիլի 17-ին, հրավիրած ասուլիսի ժամանակ հայտարարել Է կոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի պաշտպան Տիգրան Եգորյանը:

«Երկու ամսվա ընթացքում նախաքննական մարմինը հետազոտել էր այն փաստաթղթերը, որոնք մինչ այդ ևս հետազոտվել էին։ Իրականացվել են հարցաքննություններ, ասեմ, որ բոլոր առերես հարցաքննությունները ավարտվել էին դեռևս փետրվար ամսին։ Ամբողջ մարտ և ապրիլ ամիսներին մինչև այսօր իրականացվել են կրկնակի հարցաքննություններ, այսինքն՝ արդեն մի քանի անգամ հարցաքննված անձինք ևս մի անգամ ինչ-որ անէական հարցերի շուրջ հարցաքննվել են»,-ասել է նա:

«Վահան Քերոբյանի դեմ մեղադրանքը հիմնված է «Սիներջի» ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյանի և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ՝ ընկերության աշխատակից Անի Գևորգյանի անուղղակի ցուցմունքի հիման վրա, որն իրականության հետ կապ չունի։ Ոչ թե պարոն Քերոբյանի դեմ են ցուցմունք տվել, այլ ձեռք բերված տվյալները հաստատել են, այսինքն՝ ուղիղ ցուցմունք չէ։ Ենթադրություն է գաղտնալսման հետևանքով, կանչում են մարդուն, ասում՝ կարող է սա նկատի ունեիք, հաստատում են, իրենք էլ ասում են՝ նախաքննության մարմինը վկայում է նրա մասին, որ դուք ինչ-որ բան գիտեիք»,- հավելել է փաստաբանը: