Շուշանիկ Ներսիսյանը լուրջ է ընդունել տնտեսվարողների հումորը

Շուշանիկ Ներսիսյանը լուրջ է ընդունել տնտեսվարողների հումորը

ՊԵԿ փոխնախագահ, մաքսային ոլորտը կուրացիա անող Շուշանիկ Ներսիսյանը երեկ մամուլի ասուլիս էր հրավիրել՝ ներկայացնելու 2019 թվականին իրենց կատարած աշխատանքի արդյունքները։ Այդ ամենը նա ներկայացրեց շատ մոնոտոն ու ձանձրալի կերպով, առանց «հեղափոխական դրայվի», արդյունքում այդպես էլ չհասկացանք՝ ներկայացրած թվերը սոսկ վիճակագրությո՞ւն էին՝ որոշակի ցուցանիշների բարելավմամբ, ինչպիսին լինում էր նաեւ նախկինում, թե՞ իսկապես հեղափոխական արդյունքներ։   

Ամեն դեպքում, մենք նրան հիշեցրինք, որ ամեն ինչ այդքան էլ «հեղափոխական» չէ մաքսային ոլորտում, որքան ներկայացվում է իրենց թիմի ու կառավարության կողմից։ Օրինակ՝ երբեմնի «կարգոները» շարունակում են գործել, այն դեպքում, երբ նախորդ կառավարությունը «կարգոների» հախից գալու համար բացեց «Նորֆոլկ քոնսալթինգ» ընկերությունը, իսկ իրենք եկան ու անմիջապես «Նորֆոլկի» հախից եկան՝ դրանում չարաշահումներ, կոռուպցիոն երեւույթներ հայտնաբերելով, արդյունքում, ինչպես պնդում են ներմուծողները, նորից սկսեցին գործել «չարաբաստիկ» «կարգոները»։ Տիկին Ներսիսյանը երեկ չհերքեց, որ կա կամ կարող է լինել նման բան։

«Ուրեմն, երբ որ մենք ասում ենք՝ «կարգոները» վերացել են, մենք նկատի ունենք, որ մենք թույլ չենք տալիս, որ ինչ-որ մեկը․․․ ի՞նչ է «կարգոն» իրենից ենթադրում, որ մի մարդ բերում է հավաքական բեռ, օրինակ՝ 100 հոգու համար, հետո առանց փաստաթղթի էդ ամբողջ բեռը բաժանում է էդ 100 հոգու մեջ, եւ էնտեղ ընթացքում հարկեր են կորում։ Այսինքն՝ էս մի մարդն իրականացնում է մաքսազերծում մնացած բոլորի համար։ Էդ երեւույթը վերացված է, բոլոր տնտեսվարողներն անհատապես իրենք մոտենում եւ մաքսազերծում են»,- ասաց նա՝ նկատելով, որ իրենք պայքարում են, որ եթե որեւէ մեկը փորձի այդ եղանակով ապրանք ներմուծել, դա բացահայտեն ու դրա դեմն առնեն։ Ապա վստահեցրեց, որ իրենց օպերատիվ հետախուզական բաժիններն աշխատում են այդ ուղղությամբ։ «Հիմա, որ Դուք ասում եք՝ կան «կարգոներ», եթե Դուք ունեք տեղեկատվություն, փոխանցեք, մենք զբաղվենք։ Էն ժամանակ եղել են «կարգոները», որովհետեւ դա ընդունված երեւույթ է եղել։ Հիմա մենք պայքարում ենք էդ «կարգոների» դեմ»,- ասաց Ներսիսյանը։
Այսինքն՝ ինքն այս պահին վստահ չի՞ կարող պնդել, որ չկան «կարգոներ»։ ՊԵԿ փոխնախագահն ասաց․ «Ես վստահ չեմ կարող պնդել, որ ինչ-որ մեկը չի բերում ապրանք՝ հետագայում 50 հոգու վերավաճառելու նպատակով։ Եվ բացի նրանից, որ չենք կարող պնդել, էսօր մենք գիտենք, դեպքեր էլ ենք լսել, որ Թուրքիայից ավտոբուսներով ապրանք է գալիս։ Մենք փորձում ենք դրա դեմն առնել։ Թեկուզ նույն Բավրայի դեպքը կարելի է համարել «կարգո»։ Այդ 4.5-5 տոննա ապրանքը, որ անցել է Բավրայով, դա մեկ հոգու ապրանք չէր, դա բերվում էր հետագայում մնացածին բաշխելու համար։ Բնական է, այո, չեմ կարող պնդել, որ էդ երեւույթը չկա»։

Նրան հիշեցրինք նաեւ մեկ այլ ոչ ընդունելի երեւույթի մասին՝ «հսկիչ գին» հասկացության, որը, ըստ տնտեսվարողների, հաճախ կիրառվում է կամայականորեն, ինչպես առաջ էր, նաեւ արտոնյալ ներկրողների մասին, որոնք, ասենք, համակարգիչը կարող են մեխի անվան տակ շատ ցածր գնով մաքսազերծել։ Այսինքն՝ հին, արատավոր բարքերը պահպանվել են։

«Տեսեք, Ձեր ասած այդ «հսկիչ գինը» ես անվանեցի «կողմնորոշիչ գին», որն ընդհանրապես վերացման ենթակա չէ, որովհետեւ, եթե տնտեսվարողը բերում է մի ապրանք, եւ էդ ապրանքն իր իսկ ներկայացրած «ինվոյսի» հիման վրա մաքսազերծման հիմքեր չկան՝ միայն «ինվոյսը» բավարար չէ, հենց օրենսգրքի տեսանկյունից դա առաջին մեթոդն է, երբ տնտեսվարողը ներկայացնում է «ինվոյս» եւ «ինվոյսի» հետ պետք է ներկայացնի «իքս» փաստաթղթերի փաթեթ, որպեսզի մաքսային մարմինը ոչ թե կարողանա, այլ իրավունք ունենա թույլ տալու, որ էդ «ինվոյսով» իրականացվի մաքսազերծումը։ Եթե էդ փաթեթն ամբողջությամբ չի ապահովվում, էդ ժամանակ արդեն «հսկիչ գին» է կիրառվում, որը 6-րդ մեթոդն է։ Եվ, այո, եթե տնտեսվարողի կողմից գին չի հիմնավորվում, ապա մաքսային մարմինը պետք է կիրառի իր ուսումնասիրությունների արդյունքում ձեւավորված ինչ-որ իքս գին, որը «հսկիչ գին» է կոչվում»,- փորձեց բացատրել Շուշանիկ Ներսիսյանը։

Ինչ վերաբերում է արտոնյալ պայմաններով, ասենք՝ թանկ ապրանքը, պայմանական ասած՝ մեխի տակ ձեւակերպելուն, ապա ասաց, որ մաքսիմալ բոլոր համակարգերը ներդրված են նման երեւույթները բացառելու համար։ Բայց այդ համակարգերը նախկինում էլ կային, ավելին՝ հենց նախկինում էին ներդրված։ Եվ նախկին արատավոր երեւույթները նաեւ այս մասով շարունակում են գոյություն ունենալ։ Իսկ «հսկիչ գնի» մասով էլ նկատեցինք, որ խնդիրը ոչ թե այն է, թե որ դեպքերում են դա կիրառում օրենքով սահմանված կարգով, այլ այն, որ մաքսավորները հաճախ կամայական կերպով են հսկիչ գին կիրառում՝ ավելի թանկ արժեքով մաքսազերծելով տվյալ ապրանքը։

Ներսիսյանն այստեղ հիշեց տնտեսվարողներից մեկի, որքանով հասկացանք՝ Սամսոն Գրիգորյանի գրառումն այդ մասին, որտեղ նա հարց էր բարձրացրել․ «Գործընկերներ, մաքսայինի աշխատանքից գո՞հ եք։ Մի տեսակ ձմեռային դեպրեսիայի մե՞ջ եմ, աչքիս ամեն ինչ սե՞ւ է երեւում, թե՞ վերադարձել են հին աշխատաոճին՝ գործի ձգձգում, գների բարձրացում, 87-ը (1-ին մեթոդ) միայն սիրված տնտեսվարողների համար եւ այլն»։ Գրառման տակ մեկնաբանություններից մեկը ցիտեց տիկին Ներսիսյանը․ «Մեկ այլ տնտեսվարող գրել էր՝ եղբայր, էդ ի՞նչ ես ասում, նորմալ էլ անում են։ Ուզում եմ ասել՝ դա էնքան սուբյեկտիվ կարող է լինել»։ Ներսիսյանի մատնանշած տնտեսվարողը՝ Տիգրան Քեյանը, որը գրել էր, թե «նորմալ էլ անում են», իրականում հումոր էր արել Գրիգորյանի գրառման տակ՝ գրելով․ «Ապեր, նորմալ 78 են տալիս»։ Նա նկատի է ունեցել 87 ձեւը, որն «ինվոյսն է»՝ հեգնելով ՊԵԿ-ին, սակայն ՊԵԿ փոխնախագահը, փաստորեն, միանգամայն լուրջ է ընդունել։