Մեսրոպ Առաքելյանն ազատում է հին-նորերին, բերում է առավել հներին 

Մեսրոպ Առաքելյանն ազատում է հին-նորերին, բերում է առավել հներին 

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը շարունակում է ազատվել հին եւ հին-նոր կադրերից՝ նա ազատում է ոչ միայն մինչեւ 18 թիվն աշխատած մասնագետներին, այլեւ Զարուհի Բաթոյանի բերած մարդկանց։ Մեր տեղեկություններով, նա որոշել է ազատվել նախարարության ժողովրդագրության վարչության պետ Սասուն Համբարձումյանից, հավանաբար քաղաքական պատճառներով։ Չնայած նա նշանակվել է իմքայլական Բաթոյանի օրոք, բայց նրա անձը որոշակիորեն ասոցացվում է նաեւ Արմեն Աշոտյանի և այլ ՀՀԿ-ականների հետ։

Նախարարության ճգնաժամային իրավիճակներում նա կարողացավ կառավարել վարչությունը, սակայն նախարարը չի վստահում նրան՝ ինտեգրված ծառայությունների բարեփոխումը։ Թեև վարչության պետի պաշտոնը դեռ թափուր չէ, ոչ էլ «արդար» մրցույթ է պլանավորված, բայց բոլորին արդեն հայտարարվել է, որ վարչության պետ է դառնալու նախորդ վարչության պետը՝ «Սոցապի Աստղիկը»։ 

Աստղիկ Մինասյանը եղել և մնում է տարածքային սոցապների հովանավորը նախարարությունում, նրանց ղեկավարը, Մինասյանը այժմ նախարարի խորհրդականն է։ Ճիշտ է՝ նա հին աշխատող է եւ նրա դրական մասնագիտական որակների մասին էլ են մարդիկ նշում, բայց հարց է առաջանում՝ եթե նրա մասնակցությամբ վերջին երկու տասնամյակում ստեղծված Փարոս համակարգը լավն էր, ապա ինչու՞ են կրկին բարեփոխում համակարգը եւ հիմնովին փոխում դրա կառուցվածքը։
Մենք տեղեկացանք, որ Սասուն Համբարձումյանը դեմ չէ «գնալուն», նախարարությունից ճշտեցինք, որ նա արդեն արձակուրդի մեջ է։ Մենք կապվեցինք Աստղիկ Մինասյանի հետ, հարցրեցինք, թե ճի՞շտ է, որ իրեն պատրաստվում են ժողովրդագրության վարչության պետ նշանակել, նա մի պահ խորը շունչ քաշեց, լռեց, ապա անհասկանալի նախադասություն արտաբերեց․ «Ինձ, խնդրում եմ, կանխատեսվող ինչ-որ հարցադրումներ չտալ, այսօրվա իրավիճակն է այն, ինչ որ դուք ասացիք»,- ասաց ու անջատեց հեռախոսը։ 

Մենք կապվեցինք նաև Սասուն Համբարձումյանի հետ, նա նախ ասաց, որ Զարուհի Բաթոյանը իրեն չի բերել, ինքը դիմել է նախարարության հայտարարած արտաքին մրցույթին, և անգամ,  ի զարմանք իրեն, հաղթել է ։ Հարցրինք՝ իսկ իրեն ազատելո՞ւ են աշխատանքից, ասաց, որ այս պահին գտվում է արձակուրդում, և այդ հարցի վերաբերյալ հաստատել կամ հերքել չի կարող։