Ի՞նչ տարբերություն՝ քաչալ Հասան, թե Հասան քաչալ

Ի՞նչ տարբերություն՝ քաչալ Հասան, թե Հասան քաչալ

Տպավորություն ունեմ, որ այս կառավարությունն ամբողջ կազմով է հիվանդ: Ում հնարավորություն են տալիս մի քիշ շատ երեւալ, մի քիչ առաջ գալ, պարզվում է՝ հիվանդ է եւ ավելի ծանր, քան Նիկոլ Փաշինյանը: Ստացվում է, որ մենք ստիպված ենք ապրել ոչ այնքան կորոնավիրուսի, որքան այս հիվանդ կառավարության հետ, ավելի ճիշտ՝ այս հիվանդ կառավարության հիվանդ երեւակայության ներքո: Եվ դա այն դեպքում, երբ առողջապահական համաշխարհային եւ ոչ մի կառույց չի արգելել հիվանդ կառավարություններին գրողի ծոցն ուղարկել: Ուզում եմ ասել՝ մենք պարտավոր չենք հանդուրժելու մեր կառավարության տենդագին անճարակությունը:

Ամենաթարմ օրինակը բերեմ՝ պարետ հորջորջվող Տիգրան Ավինյանի հիվանդությունը հաստատող: Բայց մինչ այդ խնդրում եմ հաշվի առնել, որ ես մասնագիտությամբ բժիշկ չեմ, եւ այս հոդվածում օգտագործվող այնպիսի «բարդ» տերմիններ, ինչպիսիք են «հիվանդ», «հիվանդություն», «ախտ», «պացիենտ», «վարակ» եւ այլն, ավելի շուտ քաղաքական որակումներ են, քան առողջապահական ախտորոշումներ:

Եվ ուրեմն՝ ի՞նչ է ասել պարետի աթոռն զբաղեցնող Տիգրան Ավինյանը: Ըստ «Իրատես» թերթի, նա իմքայլական հավաքներից մեկում գուժել է, թե առաջիկայում որեւէ դրական տեղաշարժի հույս պետք չէ ունենալ: Պետք է սովորենք ապրել վիրուսի հետ ու պատրաստ լինեք օրական ավելացող մահերին: Կարելի՞ է, արդյոք, Ավինյանի այս հայտարարությունից հետո մտածել, որ մեր կառավարությունը հիվանդ չէ: Համաճարակների ժամանակ մարդիկ իրար հույս են տալիս, ոգեւորում, ընկնող ինքնաթիռի ուղեւորներն ինքնաբերաբար միմյանց ձեռք են բռնում, մեկտեղվում, իսկ ի՞նչ է անում Ավինյանը՝ երկրի փաստացի գործող վարչապետը: Նա ասում է՝ սա դեռ ի՞նչ է, պատրաստվեք ավելի մեծ թվով նորավարակների եւ մահերի: Մնում է ասի՝ սա դեռ ձեզ քիչ է...

Որ ամբարտավան են, գիտեինք, բայց որ կարող են նաեւ մարդատյաց լինել, հնարավոր չէր երեւակայել: ՀՀ իշխանությունները, փաստորեն, թուլացել ու հաճույք են ստանում կորոնավիրուսից, լեզուներին էլ ինչ գալիս է՝ բայղուշի պես բլթացնում են՝ չմտածելով, որ արտակարգ իրավիճակում յուրաքանչյուր նման բլթոց կարող է ուղղակի խուճապ առաջացնել հանրության շրջանում: 500-ից ավելի վարակակիր՝ մեկ օրում, 20 մահ... Վա՞ղն ինչքան նոր վարակակիր կունենանք՝ հազարավո՞ր... Հարյուրավոր մահե՞ր: Ավինյանն ուսերն է թոթվում՝ եսիմ, կարող ա, գնացեք սովորեք ապրել կորոնավիրուսի հետ: Իսկ դո՞ւք, պարոն Ավինյան, արդեն սովորե՞լ եք կորոնավիրուսի հետ ապրել: Եվ ի՞նչ եք կարծում, պե՞տք է, արդյոք, կորոնավիրուսի հետ ապրելուն զուգահեռ պայքարել կորոնավիրուսի դեմ: Իսկ գուցե պետք է նաեւ սովորել, որ մեր կառավարությունը ոչինչ չի՞ ձեռնարկում համավարակը հաղթահարելու ուղղությամբ:

Անտերությունը պոզով-պոչով չի լինում: Մարդամեկը ոտքերը փռել՝ պառկել է ու հայտարարում է, որ կորոնավիրուս է կպել ընտանիքով: Առողջապահության նախարարն այնպես է խոսում կորոնավիրուսի մասին, ասես դա մի սատանա է, որին չի կարողանում բռնել: Ավինյանն էլ եկել՝ սարսափեցնում է ժողովրդին, թե բա կառավարությունն է խոսում... վաղն ավելի վատ է լինելու:
Ո՞րն է անտեր մնացած ժողովրդի անելիքն այս իրավիճակում: Նախեւառաջ պետք է հաշվի առնել, որ միանգամից երկու հիվանդության դեմ համաժամանակյա պայքարելն ավելի դժվար է, քան մեկի: Եվ քանի որ այսպես թե այնպես սովորել ենք կորոնավիրուսի հետ ապրել, պետք է առաջին հերթին բուժվել մյուս հիվանդությունից՝ կառավարությունից, որը, միեւնույն է, իր անգործությամբ միայն նպաստում է կորոնավիրուսի արագ եւ խորը տարածմանը:

ՀԳ. Ավինյան Տիգրանը, ինչ խոսք, խայտառակություն է, բայց այնպես էլ չէ, որ Նիկոլ Փաշինյանը նրանից ավելի լավն է կամ ավելի առողջ: Նրանք, կարծես, մի մորից լինեն: Նիկոլն էլ իր կորոնավիրուսահար լայվի ժամանակ հայտարարեց. «Ինչքան կկարողանամ՝ կաշխատեմ տնից»: Ո՛չ, բարեկամ, երկրի ղեկավարը նման բան հայտարարելու իրավունք չունի: Երկրի ղեկավարը կա՛մ իր պարտականությունները կատարում է ողջ ծավալով, կա՛մ հրաժարական է տալիս ու տեղը զիջում առողջներին: Իմ կարծիքով՝ Փաշինյանի պարագայում հրաժարականը նույնիսկ ուշացած է: Նա ավելի շուտ պետք է «վարակվեր» կորոնավիրուսով ու հրաժարականի նախապատրաստեր նաեւ գլխավոր պացիենտին՝ իր հիվանդ կառավարությանը: