Խնդրում եմ ֆիքսեք և նախարարին փոխանցեք. Նարեկ Զեյնալյանը՝ ԱՆ աշխատակիցներին

Խնդրում եմ ֆիքսեք և նախարարին փոխանցեք. Նարեկ Զեյնալյանը՝ ԱՆ աշխատակիցներին

ԱԺ-ում ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի՝ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցին միավորելու ԱՆ որոշման թեմայով քննարկմանը ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը շատ խիստ տոնով դիմեց առողջապահության նախարարության աշխատակիցներին՝ ասելով, որ նախարարությունը խախտել է սահմանադրական օրենքի պահանջները։ ԱԺ հանձնաժողովը քննարկմանն առնչվող հարցով գրություն է ուղարկել նախարարություն, փետրվարի 6-ին, պատասխանը ստացել են այսօր` քննարկումից կես ժամ առաջ։ «Խնդրում եմ ֆիքսեք և փոխանցեք նախարարին»,-խիստ տոնով ասաց Նարեկ Զեյնալյանը։

Նախքան այդ, նա ձայն էր տվել ԱՆ աշխատակից, «Գլոբալ» հիմնադրամի ներկայացուցիչ Հասմիկ Հարությունյանին և նրան ընդահատեց՝ խնդրելով, որ սահմանափակի ելույթը՝ կրկնվում է։
Վերջինս պնդում էր, որ երկու բուժմիավորումները միացնելու օրինակելի փորձը էստոնականն է, ինչպես նաև` այլ երկրներինը։ ԱՆ աշխատակիցը փորձում էր հիմնավորել, որ մոնոպրոֆիլ հաստատությունները, այդ թվում՝ առողջապահական, խոչընդոտում են առողջապահական հիմնարկների զարգացմանն ու արդյունավետ կառավարմանը։ Նրա  խոսքով՝ ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնը ստեղծվել է 30 տարի առաջ, երբ  չկար այդ հիվանդության արդյունավետ բուժոււմ, հիվանդները մահանում էին, և անգամ բժիշկներն էին ահաբեկվում ՄԻԱՎ-ՁԻԱՀ վարակակիրներին ու հիվանդներին տեսնելիս, հիմա այլ վիճակ է։ 

Հասմիկ Հարությունյանը հայտարարեց, որ սա վերաբերում է նաև առանձին պրոկտոլոգիական, սրտաբանական ծառայությունների մատուցմանը, ոչ միայն ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնին։ Ավելին՝ նա անձամբ այն կարծիքին է, որ պետք է ոչ թե «Նորք»-ն ու ՁԻԱՀ-ի կենտրոնը միավորվեն, այլ մի քանի այլ հիմնարկ ևս` ծառայությունն ավելի մատչելի դարձնելու համար։

«Առանձնացված ծառայություններ, միջազգային տեսանկյունից, երբ հիվանդությունն այլևս խնդրահարույց չէ, անգամ հոգեբուժական ծառայությունը կարելի է դիտարկել բազմապրոֆիլ կազմակերպությունների կազմում։ Միավորումները համարվում են արդյունավետ, որպեսզի բարձրանա կառավարման արդյունավետությունը»,-ասաց նա։

Հասմիկ Հարությունյանը նաև, ըստ էության, բողոքեց՝ ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնը
30 տարի ունեցել է բազում դրամաշնորհներ ՄԱԿ-ից և այլ հիմնադրամներից։ Մի բան, որից զրկված են այլ հիվանդությունները։

Մի խոսքով, ԱՆ-ն ցանկանում է ՁԻԱՀ-կենտրոնի ստացած դրամաշնորհներով ձեռք բերված կարողությունները՝ այդ թվում՝ 1 ժամում մինչև 400 թեստ անող բիոքիմական անալիզատոր սարքն օգտագործել այլ հիվանդությունների համար ևս։ Օրինակ՝ հեպատիտ C ունեցող հիվանդների, որոնք հանրապետությունում կազմում են 4 տոկոս կամ 120 հազար մարդ։ Ի տարբերություն, նշեց ԱՆ աշխատակիցը, ՄԻԱՎ-ՁԻԱՀ վարակակիրներն ու հիվանդները 2700 հոգի են։ Հարությունյանն ասում էր, որ եթե նրանց համար էլ նախարարությունը դիմի դրսի հիմնադրամներին, ասելու են՝ ունեք ՁԻԱՀ կենտրոնում մի սարք, որը կարող է ծառայել բոլորին։

Քննարկումը շարունակվում է, և կներկայացնենք նաև կենտրոնի աշխատակիցների տեսակետը։