Սա կարդալուց հետո կռիվ անել չկա

Սա կարդալուց հետո կռիվ անել չկա

Արեւմտյան կողմնորոշում ունեցող որեւէ քաղաքական ուժի ներկայություն Ազգային ժողովում ես ի սրտե կողջունեի՝ համարելով, որ այդ մանդատը մեր ժողովրդի արեւմտամետ հատվածի ձայնն է: Բայց, ցավոք, ո՛չ քարոզարշավի օրերին եւ ո՛չ էլ դրանից առաջ Հայաստանում այդպես էլ ի հայտ չեկան այնպիսի քաղաքական ուժեր եւ գործիչներ, որոնց կարելի լիներ վստահել այդ կարեւոր մանդատը: Ինչ արած, ունենք այն, ինչ ունենք՝ ճամբարափոխ եղած սողուններ, այլասերված ռուսատյացներ, օտարերկրյա գործակալներ, ազգային ժողովրդավարների մի չստացված բեւեռ, իր դիրքորոշումները չոբանահաշվի վրա կառուցող Արամ Զավենի Սարգսյան եւ այս ամենին դուխ տվող ու հակառուսական հիստերիա բարձրացնող մի քանի լրատվամիջոց: Եղածը սա է: Եվ պատահական չէր, որ Սորոսի Լաուրը գրասենյակը փակեց ու հակառուսական ՀԿ-ներին անտեր թողեց: Մի հատ Դանիել Իոաննիսյան է մնացել, էն էլ՝ ԱՄՆ դեսպանատան ամենատես աչքի առաջ, որ հանկարծ մի ավելորդ բան չխոսի: Վիճակը սա է, դրա համար էլ ափսոսում եմ, որ մեր խորհրդարանում արժանի արեւմտամետ ուժ(եր) չեն լինելու:

Ինչպե՞ս կոմպենսացնել այս հարցը առաջիկա իշխանափոխությունից հետո: Կարող եք հարցնել՝ իսկ մեզ պե՞տք է, որ կոմպենսացնենք: Այո, պետք է: Հավասարակշռությունը միշտ էլ ավելի լավ է, քան հակառակը, երբ մի նժարի վրա փիղ է նստած, իսկ մյուսի վրա՝ փոշի: Եվ ուրեմն՝ ինչպե՞ս լուծել այս հարցը:

Հայաստանում կա մի խելացի մարդ, որ երկար փնտրտուքից հետո չկարողացավ շատ թե քիչ տանելի արեւմտամետ դաշինք ձեւավորել եւ ինչ-որ կերպ ներկայություն ապահովել ԱԺ-ում: Կարծում եմ՝ գլխի եք ընկնում, թե ում մասին է խոսքը: Չզարմանաք, բայց ես նկատի ունեմ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին, որը, ըստ իս, կարող է հավասարակշռել խախտված կշեռքը: Ես անկեղծորեն ուրախ կլինեմ, եթե ՀՀ նոր վարչապետը նրան առաջարկի շարունակել պաշտոնավարումը: Գիտեմ, Արմեն Սարգսյանը մի քիչ չեմուչում կանի, բայց նրան կարելի է համոզել: Մի քիչ Հրանտ Բագրատյանը քֆուր-մֆուր կտա, բայց ոչինչ, հետո ամեն ինչ կհարթվի, ու կսկսեն համախորհուրդ աշխատել:

Որոշ ծանծաղ ուղեղներ, ճիշտ է, այս ընթացքում Արմեն Սարգսյանին փորձում էին ներկայացնել որպես փաշինյանական նախագահ, սակայն դա այդպես չէր: Երբ փորձում եմ հետահայաց գնահատել նրա վարքագիծը, ինձ երբեմն-երբեմն բռնացնում եմ այն մտքի վրա, որ Արմեն Սարգսյանն ինչ-որ բաներ կանխի։ Ինչ ուզում եք՝ հիշեցրեք ինձ. Օնիկ Գասպարյանի եւ ԳՇ հայտարարություն, սահմանադրական փոփոխությունների փաթեթ, բազմաթիվ մանր-մունր այլ հարցեր, որոնց հետ կապված՝ Արմեն Սարգսյանը չի արել այն, ինչ պետք է աներ՝ մերժել, դիմել ՍԴ, ստորագրել, չստորագրել… Եկեք համեստ լինենք ու մտածենք, որ ՀՀ նախագահի պատուհանից մի քիչ ավելին է երեւում, քան մեր խոհանոցներից:

Հավելեմ նաեւ, որ ես գիտեմ, թե նա ինչպիսի ջանքեր է գործադրել կորոնավիրուսի դեմ պայքարի օրերին Հայաստան բժշկական սարքավորումներ ու պարագաներ բերելու համար, թե ինչպես էր առաջ մղում Արցախն ու ազատագրված տարածքները պահպանելու նպատակով դրանք հայերով բնակեցնելու գաղափարը: Վստահ եմ նաեւ, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը շատ ավելին գիտեր Արմեն Սարգսյանի եւ միջազգային ասպարեզում նրա լայն կապերի մասին: Այդ կապերի շնորհիվ էլ Արմեն Սարգսյանը կարող էր վերը նշված հավասարակշռության խորհրդանիշը դառնալ Սերժ Սարգսյանի կառավարության պայմաններում, բայց դա տեղի չունեցավ թավշյա խեղկատակության պատճառով, որը Հայաստանում ամեն ինչ խառնեց իրար: Այդուհանդերձ, Արմեն Սարգսյանը փորձել է հավասարակշռող դերակատարում ստանձնել նաեւ Փաշինյանի «կառավարման» օրերին, բայց դա նրան չհաջողվեց, որովհետեւ «մանուկ» վարչապետն իր ամեն հաջորդ հայտարարությամբ կամ քայլով փչացնում էր ամեն ինչ՝ թե՛ արեւմտյան, թե՛ ռուսական եւ թե՛ չինական ուղղություններով: 

Շուտով կունենանք նոր Ազգային ժողով եւ կառավարություն: Խելացի մարդկանց հետ աշխատելը, վստահ եմ, շատ ավելի հեշտ կլինի Արմեն Սարգսյանի համար, իսկ, որ ամենակարեւորն է, նա կկարողանա իր փորձառությամբ եւ կապերով առավել կարեւորել նախագահական պալատի դերակատարումը ոչ միայն մեր երկրի ներքաղաքական կյանքում, այլեւ Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ: Այս ընտրություններում իմ նախընտրած քաղաքական դաշինքի հաղթանակի դեպքում, վստահ եմ, հրաշալի համագործակցություն կարող է լինել Արմեն Սարգսյանի հետ: Հեռու թողնենք քաղաքականությունը մի պահ եւ խոստովանենք, որ Հայաստանում առաջավոր տեխնոլոգիաների ներդրման եւ Հայաստանն այդ գծով տարածաշրջանում առաջատար երկիր դարձնելու գործում Արմեն Սարգսյանին հավասար մարդ ճարելն ուղղակի պրոբլեմ է:
Եվ վերջում մի խնդրանք՝ հանկարծ չմտածեք, որ բարեխոսում եմ Արմեն Սարգսյանի համար: Ախպոր պես… Նա դրա կարիքը չունի: