Հոգնած մարդու խոսք, որի միակ նպատակը «տեսա՞ք, որ ասում էի․․․» հաղթական բացականչությունն էր

Հոգնած մարդու խոսք, որի միակ նպատակը «տեսա՞ք, որ ասում էի․․․» հաղթական բացականչությունն էր

Ինչո՞ւ էր Լեւոն Տեր-Պետրոսյանը գնացել Հանրայինի եթեր։ Եթե նպատակն այն էր, որ ՀԱԿ-ին ուղղվելիք փոքրաթիվ ձայների մի մասն էլ փոշիացնի, մանավանդ այն մարդկանց ձայները, ովքեր իր հետ հույս են կապում, որ կգա եւ «երկիրն այս փոսից կհանի», հրաշալի իրագործեց այդ խնդիրը։ Եթե խնդիր էր դրել համոզել, որ մեր երկիրն ապագա չունի՝ ոտքի կանգնելու, հաղթելու եւ հզորանալու ոչ մի շանս չկա, դա էլ իրականացրեց։ Եթե որոշել էր խանգարել իշխանափոխության ծրագրին եւ նպաստել Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության մնալուն, այդ հարցում էլ կարող ենք արձանագրել, որ Հ1 գնալն անիմաստ չէր։

Եթե որոշել էր մի քանի ձայն պոկել Ռոբերտ Քոչարյանից եւ պատերազմից սարսափող մարդկանց համոզել, որ երկրորդ նախագահին քվե տալ ոչ մի դեպքում չի կարելի, որովհետեւ նա մեզ նոր պատերազմի է տանելու, այդ հարցում էլ հաջողեց։ Եթե նպատակն այն էր, որ պարտությունից հուսահատ, կոտրված ու թեւաթափ հասարակությանը ներշնչեր, որ ճիշտը հանձնվելն է եւ թշնամուն ամեն ինչ զիջելը, դա էլ կարծես ստացվեց։ Եթե որոշել էր ասել, որ հանձնեք Արցախն ու հանգիստ ապրեք, դուք այլեւ ոչինչ չորոշող ստրուկների, մի փոր հացի համար ապրող ու աշխատող մարդկանց հանրույթ եք, դա էլ արեց։

Մի խոսքով՝ մի խայտառակ ելույթ։ Հոգնած մարդու խոսք, որի միակ նպատակը «տեսա՞ք, որ ասում էի․․․» պարզունակ բացականչությունն էր եւ իր սակավաթիվ կողմնակիցներից հերթական պաշտամունքի խոսքեր կորզելը, թե՝ «Լեւոնը միշտ ճիշտ է»։ Մարդը ոչ մի պատասխանատվության, ափսոսանքի, մեղքի զգացում չունի, չնայած միանգամայն տեղին է նրան հարցնելը՝ եթե այդքան իմաստուն էիք եւ վստահ, որ այսպիսի հեռանկար ենք ունենալու, ինչո՞ւ 97-ին չկնքեցիք հնարավոր համաձայնությունը, այլ վախեցաք ու փախաք պատասխանատվությունից։ Ինչո՞ւ դրանից հետո ահազանգեր չհնչեցրիք, նախ՝ տասը տարուց ավելի լռեցիք, իսկ 2008-ի քարոզչության ժամանակ առհասարակ խուսափում էիք Արցախի մասին խոսելուց եւ պատերազմի, կորուստների հեռանկարը հասարակությանը ներկայացնելուց։ Այն մտավորականներին, որոնց մեղադրում եք ֆիդայականության եւ Ժիրայր Սեֆիլյան լինելու, այսինքն՝ լռելու, հայրենասիրության հողի վրա շահարկումների, վախկոտության համար, նույնն եք արել Դուք տասնամյակներ։

Այն պարագայում, որ Ձեր հեղինակությունն ու խոսքն այնքան ազդեցիկ են, որ կարող էիք դեպքերի ընթացքը շրջել, ազդել պետության ճակատագրի եւ հանրային որոշումների վրա, սակայն չարեցիք։ Չարեցիք, որ հիմա դատավորի կեցվածքով մեղադրանքներ հնչեցնեք եւ իմաստունի կեցվածքով բոլորին մեղադրեք։ Իսկ 2018-ից հետո էլ թաքուն եւ բացահայտ պաշտպանում էիք Նիկոլ Փաշինյանին ու նրա քայլերը, լռում՝ չնկատելով նրա սխալները, խրախուսում նրա սադրիչ պահվածքն ու հայտարարությունները, որոնք հասունացնում էին պատերազմը։ Գուցե կրկի՞ն այն պատճառով, որ պատերազմը լիներ, եւ վերջում հնարավորություն ստանայիք ասելու՝ «տեսա՞ք ինչ եղավ, բա որ ասում էի...»։

Հարցազրույցն ինքնին ծանր տպավորություն թողեց՝ չարագուշակ կանխատեսումներ, թե ատելության խոսքն ու հայհոյանքը «դեռ ծաղիկներն են», ավելի սուր բախումներ են լինելու, պերմանենտ ցնցումների եւ ընտրությունների մեջ ենք հայտնվելու։ Արցախի հարցում․ հիմա այլեւս ոչինչ չենք կարող անել՝ մեր ձեռքը չէ, Ղարաբաղի հարցում հիմա Հայաստանը ոչ մի վճռական ձայն չունի։ Իսկ երբ հաղորդավարը հիշեցնում է այն մտայնությունը, որ կհզորանանք, զենք կգնենք եւ հետ կնվաճենք մեր կորցրածը, ասում է՝ դա շատ վտանգավոր է, կարող ենք փորձանք բերել մեր գլխին՝ «ինչպե՞ս ենք Հադրութը վերադարձնում» ․․․դա հնարավոր չէ՝ միայն նոր կորուստներ, նոր արյուն, նոր զոհեր կունենանք։ Եվ ամենասարսափելին՝ խաղաղ դեմքով հայտարարում է․ «Լսեք՝ ամբողջ աշխարհի համար, կուզեք պատեպատ տաք-չտաք, Լեռնային Ղարաբաղը համարվում է Ադրբեջանի մաս... էդ մարդիկ եկել են՝ միջազգային օրենքով իրենց տերիտորիալ ամբողջականությունը վերականգնել են... ՄԱԿ-ի խարտիային համապատասխան բան է՝ բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը պահպանել․․․ Եթե չհամաձայնեք այս ամենին, աշխարհը ստիպելու է»։

Այս խոսքերը լսելիս մտածում ես՝ թերեւս ճիշտ էին այն մարդիկ, որոնք ասում էին, որ արցախյան առաջին հաղթանակի հետ ՀՀ նախագահը ոչ մի կապ չուներ, եթե իրեն մնար՝ հենց ամենասկզբում Ադրբեջանին տված կլինեինք հայկական Արցախը, եւ այն վաղուց արդեն հայաթափված կլիներ։

Պարտության հետ հաշտեցնելու, նոր պատերազմի հանդեպ վախ ներշնչելու, պայքարի կամքը կոտրելու այս փորձերն ումից ասես կարելի էր հանդուրժել, բայց ոչ անկախ երկրի առաջին նախագահից, որն իրատեսության անվան տակ հուսահատություն է փորձում ներշնչել մեր ժողովրդին։ Աշխարհի հարյուրավոր ժողովուրդներ պայքարում են ինքնիշխանության, պետություն ունենալու, կորցրածը հետ վերադարձնելու համար, եւ նրանց առաջնորդները հաղթանակի ու պայքարի կամք են թելադրում, իսկ մեր էլիտան, մեր մտավորականը պարտվողականություն է քարոզում։ Ինչի՞ համար․ որ Սյունիքում ու Գեղարքունիքում սահմանին ապրող մարդիկ նահանջեն ու ադրբեջանցու մյուս պահանջներն էլ բավարարե՞ն։ Թե՞ որ մարդկանց ներշնչի՝ պարտությունն անփուսափելի էր՝ գնացեք ու ընտրեք պարտության սիմվոլ Նիկոլին եւ գլուխներդ կախ հաշտվեք ոչինչ չորոշողի եւ պարտվածի նսեմ կարգավիճակի հետ։

Բայց այդ հարցազրույցում մի տհաճ հատված էլ կար, որ հատկապես գրավեց ուշադրությունս՝ որպես մամուլի աշխարհի մարդու։ Երբ Լեւոն Տեր-Պետրոսյանն 90-ականների իր հաջողություններն էր թվարկում, որ շատ էլ լավ հաջողել էր մեզ պետականություն ստեղծել՝ «ե՛ւ պետություն կառուցվեց, ե՛ւ տնտեսական ռեֆորմներ արեցինք, ե՛ւ արտաքին լուրջ հարաբերություններ կառուցեցինք, ե՛ւ պատերազմը հաղթեցինք», ապա հարցադրում է անում՝ իսկ ի՞նչը խանգարեց։

Պարզվում է՝ մամուլն է խանգարել։ Թվում էր՝ հաջողությունները թվարկելիս պետք է անպայման նշեր նաեւ ազատ մամուլի կայացումը, այլ բան է, որ իշխանությունն ամեն ինչ արեց դրան խանգարելու համար, բայց լրագրողների եւ հասարակության ջանքերով մենք կարողացանք երկրում ազատ մամուլ ստեղծել։ Սակայն ինքն այլ կարծիքի է։ 90-ականներին իրենց հաջողություններին դեմ էին «մի քանի՝ 4-5 թերթ՝ արտասահմանից ֆինանսավորվող, որոնք սկսեցին խաղալ այն դերը, ինչ որ հիմա խաղում են մեր սոցիալական ցանցերը՝ ցանկացած միտք պղտորել, աղտոտել, փչացնել․․․ հաջողվեց․․․ դրա վրա խաղացին որոշ ուժեր, որոնք արդեն իշխանության փորձեցին ձգտել եւ հասան, եւ էս աղմուկի տակ տեղի ունեցավ 98-ի իշխանափոխությունը»,- ասում է Լեւոն Տեր-Պետրոսյանը։

Այսինքն, ՀՀ առաջին նախագահը կարծում է՝ երկիրը մամուլ չպետք է ունենար, այդ մի քանի թերթը՝ «Ազգը», «Երկիրը», առհասարակ չպետք է հրատարակվեին, մեզ ազատ խոսք պետք չէր։ Իրենք անթերի իշխանություն էին, եւ այն զգուշավոր քննադատությունը, որ այդ տարիներին հնչում էր, դա էլ չպետք է լիներ։ Եվ ֆիդայական մտածողությունից դեռ ինքն է բողոքում։ Իսկ քիչ անց հնչեցնում է մի միտք, որ մտավորականները պետք է չեզոք՝ երրորդ խոսք ասեն։ Իսկ որտե՞ղ պետք է հնչի այդ խոսքը, եթե դուք մերժում եք մամուլը։ Ազատ խոսքի ի՞նչ ամբիոն կա երկրում, որտեղ մտավորականները կարող են արտահայտվել։ Միեւնույն ժամանակ, որպես հայկական մամուլին հակակշիռ, նշում է, որ Ամերիկայում եղել են լուրջ մամուլի օրգաններ՝ «Նյու Յորք Թամյսը», CNN-ը, որոնք կարող էին կարծիք ձեւավորել։

Նախ, լրջության թեման թողնենք, որովհետեւ ամեն իշխանություն եւ պետություն իր մասշտաբի եւ լրջությանը համապատասխան մամուլ է ունենում, «Նյու Յորք Թայմսն» էլ, օրինակ, ԱՄՆ նախագահի կողմից «լրագրողական աղետ» որակումն է ստացել, բայց ԱՄՆ ոչ մի նախագահի մտքով չի անցել փակել այդ թերթը, ինչպես 1994-ին Դուք փակեցիք «Երկիրը», եւ մամուլին աջակցելու, այն զարգացնելու փոխարեն տարիներ շարունակ բոլոր նախագահներով աշխատեցիք մամուլի եւ ազատ խոսքի դեմ։ Եթե կարծում եք, որ մամուլն ու ազատ խոսքը պետք է ձեզ ծառայեն, եւ դա է «չպղտորելու» եղանակը, աշխարհի ոչ մի երկրում այդպես չէ։ Մինչդեռ բոլոր երկրներում մտածող, գիտակից մարդիկ հասկանում են ազատ խոսքի արժեքն ու պետականության գործում դրա կարեւորությունը։

Ոչ մի երկրի նախագահ լրագրողներին ու լրատվամիջոցները նսեմացնելու, վարկաբեկելու քաղաքականություն չի վարում, այլ գիտակցում է այդ կարեւոր ինստիտուտի նշանակությունը, որից ամեն օր օգտվում են հազարավոր մարդիկ, այդ թվում՝ հենց իրենք՝ երկրի առաջին դեմքերը։