Ես հարգում եմ իմ կուսակցությունը, բայց կարծում եմ` այս վիճակից կհանի Քոչարյանը

Ես հարգում եմ իմ կուսակցությունը, բայց կարծում եմ` այս վիճակից կհանի Քոչարյանը

Երեկ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը քարոզարշավ էր իրականացնում Շիրակի մարզում: Քոչարյանին ուղեկցում էին Շիրակի երկու նախկին մարզպետները, որոնք աշխատել են Սերժ Սարգսյանի իշխանության օրոք` ոստիկանության գեներալ Աշոտ Գիզիրյանն ու դաշնակցական Արթուր Խաչատրյանը:

Քոչարյանին ուղեկցողների թվում էր նաեւ Նաիրա Նահապետյանը՝ ՀԷԿ-երի Նառան, որը Սերժ Սարգսյանի իշխանության օրոք Երեւանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ էր եւ երկարամյա ՀՀԿ-ական: Տեսնելով նրան Քոչարյանի ղեկավարած դաշինքի քարոզարշավին` հարցրինք, թե ինչով է պայմանավորված նրա այս ընտրությունը, անդամակցե՞լ է «Հայաստան» դաշինքին: «Ճիշտն ասած` չեմ անդամակցել, բայց երբ տեսա, որ Ռոբերտ Քոչարյանը դարձավ «Հայաստան» դաշինքի ղեկավար, ես միայն նրան եմ վստահում եւ ես կարծում եմ, որ ինքն այն մարդն է, որ կկարողանա այս արհավիրքից հանել Հայաստանը»,- ասաց տիկին Նահապետյանը:

- Բայց Դուք երկար ժամանակ ՀՀԿ անդամ էիք, ՀՀԿ ավագանու անդամ եք եղել:

- Այո, ես շատ հարգում եմ իմ կուսակցությունը, ես այդ կուսակցությունում կայացել եմ, հարգում եմ իմ ընկերներին, բայց Հայաստանի համար այս ծանր պահին, կարծում եմ, պետք է լինի Ռոբերտ Քոչարյանը:

- Դուք դո՞ւրս եք եկել ՀՀԿ-ից:

- Սառեցրել եմ:

- Մտավախություն չունե՞ք, որ Ձեզ կմեղադրեն ճամբարափոխության մեջ:

- Ես կարծում եմ` չէ, որովհետեւ այսօր Հայաստանի հարցն է դրված, լինել-չլինելու հարցն է դրված: Եվ չեմ կարծում, որ սրանք ընտրություններ են, սա ազգի լինել-չլինելու խնդիրն է:

- Իսկ Սերժ Սարգսյանը եւ ՀՀԿ-ն չե՞ն կարող այդ հարցը լուծել:

- Նախ՝ Սերժ Սարգսյանը չկա ցուցակում: Եվ ես կարծում եմ, որ Ռոբերտ Քոչարյանն ավելի ճիշտ ձեւով կկարողանա Հայաստանը հանել էս վիճակից:

- Ինչպե՞ս են Ձեր կուսակիցները վերաբերվել Ձեր որոշմանը:

- Ես իմ կուսակից ընկերներին շատ սիրում եմ, շատ հարգում եմ եւ իրենց հետ լավ ընկերություն եմ անում:

- Իսկ խոսե՞լ եք նախագահ Սարգսյանի հետ այս հարցով:

- Ոչ, նախագահի հետ չեմ խոսել:

- Վաղո՞ւց եք սառեցրել անդամակցությունը ՀՀԿ-ին:

- Հա, վաղուց, արդեն երեւի երեք տարի է:

- Փաստորեն, ՀՀԿ-ն այսպես կամաց-կամաց տրոհվում է, Քոչարյանը խառնե՞ց ՀՀԿ-ականների պլանները:

- Չեմ կարծում, ես կարծում եմ` հիմա ոչ թե կուսակցության ժամանակներ են, այլ պետք է ուղղակի երկիրը ոտքի կանգնեցնել:

 - Իսկ ինչո՞վ է պայմանավորված հենց Շիրակի մարզ Ձեր այցելությունն այս դաշինքի հետ:

- Սա իմ ծննդավայրն է, ես շատ սիրում եմ Գյումրին: