Ոստիկաններին մաղթում եմ` վերագտնել տղամարդկությունը, փալասի պես չընկնել երկիրը կործանողի ոտքերի տակ

Ոստիկաններին մաղթում եմ` վերագտնել տղամարդկությունը, փալասի պես չընկնել երկիրը կործանողի ոտքերի տակ

Ապրիլի 16-ին Հայաստանում տոնում էին Ոստիկանության օրը: 2001թ. հենց այդ օրն ընդունվել է «Ոստիկանության մասին» օրենքը, և ապրիլի 16-ն օրացույցի մեջ մտել է որպես Ոստիկանության օր: Ժողովրդավարական հասարակության կյանքում ոստիկանը վստահության և անվտանգության զգացում պետք է ներշնչի մարդկանց: Ոստիկանի վարկանիշն անմիջականորեն կապված է հանցագործությունների և դրանց բացահայտման հետ:

Ոստիկանը հաճախ նաև կյանքի գնով մեզ պաշտպանում է օրինախախտից, մեր տները՝ հանցավոր ոտնձգությունից, կատարելով իր ծառայողական ու մասնագիտական պարտքը, սակայն, ցավոք, մենք մի կետի ենք հանգել, որտեղ ոստիկանը զոհված զինծառայողների մայրերին է հայհոյում, քաշքշում, ընդդիմադիր գործիչների նկատմամբ անհամաչափ ուժ է կիրառում և այլն: Ինչ խոսք, նորանկախ Հայաստանի պատմության ընթացքում ոստիկանները երբեք էլ օրինապահությամբ աչքի չեն ընկել և մշտապես ծառայել են իշխանություններին, սա կայն եթե մարդու իրավունքները կարևոր են եւ Հայաստանի իշխանությունները պնդում են, որ Հայաստանը ժողովրդավարության բաստիոն է, ոստիկանն էլ պետք է համապատասխանի դրան: 

Նկատենք նաև, որ յուրաքանչյուր տարի ապրիլի 16-ին Հայաստանի ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաները Հաղթանակի զբոսայգում ծաղիկներ են դնում Անհայտ զինվորի հուշարձանին: Այդ օրը լավագույն աշխատակիցները պարգևատրվում են պատվոգրերով և այլն: Երեկ ոստիկանությունում կոլեգիայի հանդիսավոր նիստ էր, որին մասնակցում էր նաեւ ՀՀ վարչապետը եւ խրախուսում էր ոստիկաններին, որ ավելի լավ ծառեն իրեն ու ՔՊ-ական իշխանությանը։

ՀՀ նախկին փոխոստիկանապետ Գագիկ Համբարձումյանը «Հրապարակի» հետ զրույցում նշեց, որ մերօրյա ոստիկանները օրվա ռեժիմին անմնացորդ ծառայում են, մոռանալով իրենց մասնագիտական պարտականությունների և առաքելության մասին. «Այսօրվա ոստիկանության աշխատանքը գնահատում եմ շատ վատ: Եթե համեմատենք առաջվա և այսօրվա միջև, ապա կասեմ, որ եթե այն ժամանակ ոստիկանությունը հասարակական կարգ էր պահպանում, պայքարում էր հանցավորության դեմ, մի քիչ լավ, կամ վատ էր աշխատում, այսօր ոստիկանության առաջ դրված խնդիրը դարձել է մեկ անձին ծառայելը: Ոստիկանները պետք է զբաղվեն հանցավոր կլաններով, սակայն այսօր մենք տեսնում ենք, որ դարձել են ինչ-որ մեկի սպասարկուն», - ասում է Համբարձումյանը: 

Իսկ ինչո՞վ է պայմանավորված ոստիկանների այսօրվա կեցվածքը, ագրեսիան. «Այս հարցն անգամ պատասխան չի պահանջում: Փորձում են աչք վախեցնել, մարդկանց լռեցնել: Նրան առջև բոլորովին այլ խնդիր է դրված: Ամեն գնով կործանում ու դեգրադացնում են երկիրը: Պայքարում են արատավոր երևույթների դեմ պայքարողների դեմ պայքարում, հանցագործների դեմ պայքարելու փոխարեն»: Ի՞նչ կմաղթեք հայրենի ոստիկաններին. «Ոստիկաններին մաղթում եմ` վերագտնել տղամարդկությունն ու արժանապատվությունը և չմոռանալ հայրենասիրության մասին: ու փալասի պես չընկնել երկիրը կործանողի ոտքերի տակ», - եզրափակեց Գագիկ Համբարձումյանը: