Հայ են, էլի, բա ինչ են, հո նասրանի՞ չեն․․․

Հայ են, էլի, բա ինչ են, հո նասրանի՞ չեն․․․

Ես սա ցավով եմ գրում, որովհետև երբևէ չեմ պատկերացրել, որ հայի տեսակ կարող է լինել, ով զգալով, որ իր հայրենիքը կործանման շեմին է և ուր որ է թշնամին ոտնատակ կտա իր երկիրը, օգնի  թշնամուն՝ լռությամբ, անտարբերությամբ, վճարի դիմաց սուտ հայտարարություններ անելով, վարկաբեկելով հայրենիքին նվիրված մարդկանց, ազգային արժեքները, սրբությունները։ Միշտ խուսափել եմ գրել նմանների մասին, որովհետև ինձ թվում էր, թե նմանները քիչ են, ու նրանք չեն կարող երկրի գոյության, պետականության հավասարակշռությունը խախտել։ Բայց այսօր, երբ տեսնում եմ, որ մեր երկրի նավն արդեն կողքի է շրջվել ու խորտակման եզրին է, ուզում եմ ասել նրանց, որ անգամ, երբ մի մարդ մեռնում, ու դու, որ կարող ես օգնել ու  չես օգնում, հանցագործություն է։

Երբ դու հանցագործություն ես տեսնում ու լռում ես, դա պակաս հանցագործություն չէ, քան երբ  անձամբ ես մասնակցում հանցագործությանը։ Երբ քո հայրենիքի տարածքները վերին մակարդակով հանձնվում են, ու դու ի պաշտոնե տեղյակ ես ու լռում ես, երբ քո գյուղը հրետակոծվում է, ու դու կրակոցի ձայն չես լսում, երբ քո արոտավայրերը հանձնվում են, դու չիմանալուն ես տալիս, դա հավասար հանցագործություն է, ինչ անում են վերին մակարդակով։ Երբ քեզ ասում են՝ հետ քաշվիր քո հողից, մի կռվիր, ցած դիր զենքդ ու դու անխոս ենթարկվում ես՝ հոգուդ խորքում դառնանալով, դու ևս մասնակից ես երկիրդ հանձնելուն։ 

Կարծում եմ, որ անտարբերության, կեղտը ձյունով ծածկելու, վճարով հայրենիքը ծախելու, գործ կարելու, գործ տալու երևույթներն առաջ՝ եթե եղել էլ են,  այդքան խորը չեն եղել։ Նիկոլի գալուց հետո են ակտիվացել, որովհետև ինքը էլեկտրականացված մագնիս էր՝ վատը, թափելուն, անպիտանին իր շուրջը համախմբելու։ Նա վատը մոբիլիզացնելու, թեթև հատիկները կուտակելու մեծ ավանդ ունի։   Ու գիտե՞ք ինչն է հետաքրքիր։ Յուրաքանչյուրին թվում է, թե ինքը վատ բան չի անում՝ ընդամենը տեսնում ու լռում է, ընդամենը չի խառնվում երկրի գործերին։ Բայց դու վճարվում ես լռելու, անտարբեր լինելու համար՝ քեզ թույլ են տալիս  աշխատել, բիզնես ունենալ, պարգևավճարներ ու էլ ի՜նչ ասես ստանալ․․․ Ակտիվ հանցագործները ակտիվ են պարգևատրվում։ Ես այս խմբերի մեջ ընդհանրություն եմ տեսնում՝ իրենք պոտենցիալ գործիքներ են, որ ամեն պահ կարող են օգտագործվել։  

Հրանտ Մաթևոսյանի «Նանա իշխանուհու կամուրջը» վիպակն եմ կարդում ու ինձ թվում է, թե Նիկոլին շրջապատող զանգվածի մասին եմ կարդում։ Մի հատված կներկայացնեմ, որտեղ ներկայացվում է  թուրքերի կողմից Ալեքսանդրապոլը գրավելու, թալանով տարված հայերի ամոթալի պահվածքը վկայող Իշխանի վերհուշը: Նա հիշում է, թե ինչպես 1919 թվին ընկերոջ հետ գնում է Ղարսը պաշտպանելու: Հասնում են Ալեքպոլ և ականատես լինում զարհուրելի տեսարանի. թուրքերը ուր որ է քաղաք են մտնելու, իսկ հայերը զբաղված են զինվորական պահեստների թալանով: Այս պահին հայտնվում է երիտասարդ հայ պորուչիկի ողբերգական կերպարը: Նա խնդրում է թալանով տարված ու փախչող ազգակիցներին՝ մտածել թուրքի վերահաս ներխուժման մասին. «Ու մի զինվորական սրա-նրա փեշից կախվում է, խնդրում է, ձիերի առջևը կտրում է՝ սանձը բռնում ու լաց լինում. «Եղբայրնե՜ր, հայե՛ր, ինչ եք անում, ամոթ է, հայրենի՜քը, թո՜ւրքը… եղբայրնե՛ր, հայ եղեք…»:

Հայ են, էլի, բա ինչ են, հո նասրանի՞ չեն: Քշում են ամենքն իրենց համար»: Հայրենասեր ու ողբերգական երիտասարդ զինվորականը հանում է նագանն ու ինքնասպան լինում, իսկ ավարով տարված հայերը վերցնում են ատրճանակն ու շարունակում իրենց սև գործը:

Այս դրվագում արձակագրի նպատակը ոչ թե թուրքերին կերպավորելն է, այլ նրանց զարհուրելի արշավանքի օրերին հայերի դրսևորած անձնամոլ պահվածքը ցուցադրելը: Հիմա նույն վիճակն է։ Անհատներ կան, որոնց սպանեցին, ինքնասպան եղան, հայրենիքը հանձնելու ցավին չդիմացան ու գոռում էին՝ «Եղբայրնե՜ր, հայե՛ր, ինչ եք անում, ամոթ է, հայրենի՜քը, թո՜ւրքը…»։ Նրանց լսող չկա։ Իշխանությունը զբաղված է հայրենիքը հանձնելու փարթիներով ու ժողովրդին խաղերով զբաղեցնելու քաղաքականությամբ։ Մեխվում է մարդու  ուղեղում այս բառերը՝ Հայ են, էլի, բա ինչ են, հո նասրանի՞ չեն․․․ Այո հայ են, բայց նասրանուց ավելի բեթար հայ են․․․ Պատմությունը կրկնվում է։