Նախատիպային անձը

Նախատիպային անձը

Սահմանադրորեն Հայաստանի Հանրապետության իրավատերը ժողովուրդն է, որը պարբերական ընտրություննների միջոցով այն կառավարելու է հանձնում այս կամ այն քաղաքական ուժին կամ դրանցից մի քանիսի կոալիցիային: 2018 թվականի ապրիլ-մայիսին խախտվեց այս հիմնական կանոնի կարևորագույն՝ իշխանությունը հանձնելու եղանակի վերաբերյալ մասը: Փողոցում հավաքված բազմության ճնշման ներքո ՀՀ պետական պաշտոնյա՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Փաշինյան Նիկոլը բռնությամբ տիրացավ ՀՀ վարչապետի պաշտոնին: Ահա դրա վկայությունը. «Կա՛մ ես կլինեմ վարչապետ, կա՛մ Հայաստանում վարչապետ չի լինի»: Իսկ բռնությունը, ինչը ներկայացվեց որպես ՀՀ ժողովրդի կամքի արտահայտություն, ՀՀ Սահմանադրության հոդված 2-ով բնորոշված է որպես հանցագործություն: 

Վարչապետ կարգվելուց շատ չանցած Փաշինյան Նիկոլը նույն այդ ժողովրդի միջոցով շրջափակեց Ազգային ժողովի շենքը՝ պահանջելով խորհրդարանի լուծարում: Դա ևս ներկայացվեց որպես ժողովրդական կամքի հերթական արտահայտություն: Ի դեպ, զարմանալիորեն, այդ երևույթը նիկոլավարի ընկալվեց նույնիսկ բավական գրագետ անձանց բազմության կողմից: ՀՀ ժողովրդին մանիպուլյացիայի ենթարկելու շնորհիվ 2018 թվականի դեկտեմբերին անցկացված խորհրդարանական ընտրությունների միջոցով ԱԺ-ում մեծամասնություն ստանալը ներկայացվեց որպես ժողովրդավարության հաստատում:

Ազգային ժողովի ընտրություններից որոշ ժամանակ անց ԱԺ իրեն ենթակա խմբակցության միջոցով Փաշինյան Նիկոլը փոփոխություններ կատարեց ՀՀ Սահմանադրությունում: Սահմանադրական նորմերի խախտումների միջոցով կատարված այդ փոփոխությունները ներկայացվեցին որպես Հայաստանում ժողովրդավարության ամրապնդում: 2020 թվականի աշնանային պատերազմում խայտառակ պարտությունն իր ստորագրությամբ ամրագրելուց հետո թաքնվելով բունկերով՝ Փաշինյան Նիկոլն իր կողմնակիցներին և իրեն դեռևս հավատացողներին վրեժի կոչեց ընդդեմ այն ժողովրդի, որ ձայն էր տվել իրեն վերը նշված ընտրություններում: Սեփական անձի պաշտպանության խնդիրը ներկայացվեց որպես հայոց պետականության պահպանման առանցքային պատճառ: 

Պարտությամբ պայմանավորված՝ Ղարաբաղյան խնդրի կարգավորման՝ «Հայաստանի ժողովրդին, Արցախի ժողովրդին և Ադրբեջանի ժողովրդին ընդունելի լինելու» ծրագրի տապալումից հետո Փաշինյան Նիկոլը ձեռնամուխ եղավ իր անձի պաշտպանության հարցի համակարգային լուծմանը: Եվ դա ներկայացվեց որպես ոստիականության բարեփոխումնների իրականացում: Ինչը տեղի ունեցավ ոստիկանական ուժերի թվաքանակի և ոստիկանների աշխատավարձերի ու դրանց չափով պայմանավորված՝ պարգևատրումների չափերի բարձրացման եղանակով: Չբավարարվելով այդ ամենով՝ Փաշինյան Նիկոլն իրեն շրջապատեց ոստիկանական պատնեշով և դիպուկահարների շղթայով՝ դա անվանելով սահմանադրական կարգի պաշտպանություն:

Ներքին ժողովրդավարության խնդիրները «կարգավորելուց» հետո Փաշինյան Նիկոլը ձեռնամուխ եղավ Հայաստանի Հանրապետությունն «արցախյան բեռից» ազատագրելու սատանայական ծրագրի իրագործմանը: Ինչը ներկայացվեց որպես ՀՀ տարածքային ամբողջության, այսինքն՝ «1991 թվականից իրեն ժառանգված» 29800 քառ/կմ-ի տարածքի ապահովության երաշխավորություն: Ինչը, ինչպես և նրա նախկին բոլոր նախաձեռնությունները, հաջողությամբ տապալվեց: Խայտառակ պարտության ամրագրումով զինադադար կնքելուց կես տարի անց Սյունիքի մարզի Սև լճի տարածքի օկուպացման առումով ոչինչ չձեռնարկելով՝ ինքը դա անվանեց խաղաղության օրակարգի հաստատում: Այնուհետև այդ երևույթը՝ խաղաղության օրակարգի հաստատման անվան ներքո վայրենի թշնամուն ՀՀ տարածքների մաս առ մաս հանձնումը, կրեց շարունանական բնույթ: Ինչը չէր կարող տեղի ունենալ առանց մարդկային զոհերի: Եվ որքան իր «խաղաղարար» գործունեության մեջ համառում է ՀՀ վարչապետի պաշտոնից կառչած Փաշինյան Նիկոլը, այնքան ավելանում են մեր մարդկային ու տարածքային կորուստները:

Եթե «Քաջ Նազար» և «Ձախորդ Փանոսը» հեքիաթները Մեծն Լոռեցու կողմից չգրվեին 1912 (առաջինը) և 1914 (երկրորդը) թվականներին, ապա այդ սյուժեներին ծանոթանալիս կմտածեի, որ դրանց նախատիպը եղել է ընդամենը մեկ անձ: Առաջին հեքիաթը ներկայացնում է նրա գործունեությունը հեղափոխական էյֆորիայից մինչև 44-օրյա պատերազմում խայտառակ պարտությունը, մյուսը՝ դրանից հետո: Եվ որքան էլ զարմանալի թվա, այդ անձը շարունակում է իր գործունեությունն այնպես, կարծես ոչինչ էլ չի պատահել: Եվ դա այն անձն է, որին աշխարհի հզորները ճանաչում են որպես ՀՀ վարչապետ Փաշինյան Նիկոլ: Ինչի առումով արժանի է, որ ՀՀ հասարակության գրագետ ու հայրենասեր հատվածը ներողություն խնդրի թե՛ անցյալում ապրածներից և թե՛ նրանցից, որ դեռ ապրելու են մեր հայրենիքում: Եվ կոչվելու են հայ և հայաստանցի: